Երկուշաբթի, 14 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

«Տեսանյութում երևում է, թե ինչ է իրականում տեղի ունեցել»․ Արսեն Թորոսյան

«Տեսանյութում երևում է, թե ինչ է իրականում տեղի ունեցել»․ Արսեն Թորոսյան
212
Այսօր, 16:54

«Ժողովուրդ» անունով մի թերթոն կա, բոլորդ էլ գիտեք, որ վերջերս իմ վերաբերյալ մի լուտանք էր գրել, որի մասին նախապես հայտնել էի: Նրանք գրել էին, որ ինչ-որ բախում է եղել կառավարության շենքի մոտ իմ և անհետ կորած զինծառայողների ծնողների միջև և ես փախել եմ, ինչը կատարյալ սուտ էր: Տեղադրում եմ սույն թվականի հունիսի 6-ին ժամը 18:30 շրջակայքում կառավարության շենք իմ մտնելու տեսագրությունը, երբ հանդիպել եմ շենքից դուրս եկող անհետ կորած զինծառայողների ծնողներին: Տեսանյութում պարզ երևում է, թե ինչ է իրականում տեղի ունեցել, բարևել եմ, մի քանի բառ ենք փոխանակվել և վերջ:
Եվ առիթը օգտագործելով մեկնընդմիշտ ուզում եմ փակել մի թեմա, որի մասին թեև շատ եմ խոսել, բայց այն կրկին շահարկվում է:
2018թ. առողջապահության նախարար նշանակվելուց հետո ինձ ԱՆ ենթակայության դատաբժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը զեկուցում է, որ մեր երկրին անհրաժեշտ է ԴՆԹ սեքվենատոր, որպեսզի կարողանան կենսաբանական նյութերի, հյուսվածքների, մարմինների նույնականացում իրականացնենք, որը մինչ այդ պահը չեն կարողացել իրականացնել ժամանակակից և ճշգրիտ մեթոդներով: Նա ինձ ասած, որ դա անհրաժեշտ է թե' հանցագործությունների բացահայտման, թե' հատկապես պատերազմական իրավիճակների ժամանակ անճանաչելի մարմինների նույնականացման համար: Ես դիմեցի վարչապետին, և կառավարությունը 2018-ին հավելյալ գումար հատկացրեց մեզ, որպեսզի գնենք մեր առաջին ԴՆԹ սեքվենատորը, որը սկսեց հաջողությամբ աշխատել: Ուզում եմ հատուկ շեշտել, մինչ դա մենք նման հնարավորություն չենք ունեցել և կենսաբանական նմուշները ԴՆԹ սեքվենավորման համար ուղարկվում էին արտերկիր, ինչը և՛ թանկ էր, և՛ ամիսներ էր տևում:
44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից մեր առաջին ԴՆԹ սեքվենատորը և ընդհանրապես ամբողջ դատաբժշկական ծառայությունը սկսեցին աշխատել 24-ժամյա ռեժիմով թե' անճանաչելի մարմինների նույնականացման, թե' մնացած փորձաքննություների համար, ինչի համար նրանց կրկին շնորհակալություն եմ հայտնում: Պատերազմի ավարտից հետո, քանի որ մենք նույնիսկ 24 ժամ աշխատելով օրական 15-20 նմուշից ավել չէինք կարողանում նույնանակացնել, իսկ մենք շատ անճանաչելի մարմիններ ունեինք, կառավարությունը որոշեց, որ պետք է գնենք նաև 2-րդ ԴՆԹ սեքվենատորը, ինչը արագացված ռեժիմով իրականացրեցինք և մեկ ամսից էլ պակաս ժամանակում այն արդեն աշխատում էր 2025թ. հունվարի կեսից, ինչի համար կրկին շնորհակալ եմ այդ ամենը նման արագ կերպով և հատկապես ամանօրյա և ծննդյան տոների ընթացքում կազմակերպելու համար, քանի որ արտասահմանում, որտեղից ձեռք էր բերվել և ներկրվել սարքը, այդ օրերին պարզապես գրեթե չեն աշխատում:
Եվ վերջում, ես չեմ սիրում և անթույլատրելի եմ համարում թե՛ սեփական, թե՛ այլոց վիշտը շահարկելն ու տիրաժավորելը, բայց պետք է ասեմ, որ իմ հորեղբոր որդին, ով ինքնակամ մեկնել էր ռազմաճակատ և զոհվել մարտերի ժամանակ, անհայտ կորած է համարվել 2020թ. հոկտեմբերի սկզբից մինչև 2021թ. հունվարի կեսերը և նրա անճանաչելի մարմինը ճանաչվել է միայն հենց այդ նույն ԴՆԹ սեքվենավորման արդյունքում, որից հետո էլ մենք սգացել ենք նրա մահը և նրան հողին ենք հանձնել: Եվ ես խնդրում և կոչ եմ անում դադարեցնել շահարկել այս թեման և եթե կան նույնականացված մարմիններ, որոնք դեռ հուղարկավորված չեն, դրանք հուղարկավորել և սգալ նրանց կորուստը, ինչպես մենք և մեր բազմաթիվ հայրենակիցներ են իրականացրել, որովհետև այդ հարցին այլ լուծում պարզապես չկա: Փառք նահատակներին»: