Չորեքշաբթի, 23 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Էլ ի՞նչ լինի, որ ՀԷՑ-ի դեմ այս գործընթացը համարվի քաղաքական»․ Դավիթ Ղազինյան

«Էլ ի՞նչ լինի, որ ՀԷՑ-ի դեմ այս գործընթացը համարվի քաղաքական»․ Դավիթ Ղազինյան
307
Այսօր, 11:42

«Նիկոլ Փաշինյանը ժամանակավոր կառավարիչ գործուղեց՝ Ռոմանոս Պետրոսյանին, ով Բաստիլը գրավողի դեմքով մտավ ՀԷՑ։ Հետո ի՞նչ եղավ»,-168-ի եթերում հարցն ուղղվեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Դավիթ Ղազինյանին, ում նորանշանակ կառավարիչն առաջինն ազատեց պաշտոնից։ Ղազինյանն անդրադարձավ իր՝ պաշտոնից ազատման հրամանի հիմքերին․ «Ես պատրաստ էի աշխատել, եթե մեր ու կառավարչի նպատակները համապատասխանեին, բայց իր ժամանումից հետո նրա առաջին իսկ բառը եղավ՝ «ձև չունի մնալու»։ Դրանից հետո ես լրագրողների հետ զրույցում ասել եմ, որ ազատման դիմում չեմ գրելու, բարձրացել եմ աշխատասենյակ, չեմ հանդիպել նրա հետ ու ցանկություն էլ չեմ ունեցել։ Աշխատանքային օրվա ավարտին իմացա, որ կա ազատման հրաման, որի հիմքում դրված էր այդ օրը ԶԼՄ-ներին տված իմ հարցազրույցը, դիտարկումներն ու որակումները․ այն, որ ես իրեն մեղադրել եմ ստերի մեջ և որ ես էլ իրենց չեմ վստահում։ Այստեղ իրավաբանություն ուղղակի գոյություն չունի»,- պատմեց Ղազինյանը՝ նշելով, որ ՀԷՑ-ի դեմ այս գործընթացն ի սկզբանե քաղաքական է։ «Դա եղավ Եկեղեցու մասին Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո։ Եթե երկրի ղեկավարն ԱԺ-ում հայտարարում է, որ հուլիսին ՀԷՑ-ից ազատվելու կամ դատվելու են մարդիկ, որտեղի՞ց գիտեր, որ նախ՝ ՀԷՑ-ի մասին իրենց ներկայացրած օրենքն անցնելու է, որտեղի՞ց գիտեր, որ վարույթ է հարուցվելու, կառավարիչ է նշանակվելու։ Եվ երրորդ՝ ՀԷՑ կառավարիչ է նշանակվում իշխող ուժի կարկառուն ներկայացուցիչ։ Էլ ի՞նչ լինի, որ ՀԷՑ-ի դեմ այս գործընթացը համարվի քաղաքական»,- ասաց Ղազինյանը։

Հարցազրույց՝ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Դավիթ Ղազինյանի հետ