Երեքշաբթի, 05 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Թրամփի միջնորդությունը ոչ թե խաղաղություն է բերել, այլ՝ պատերազմն ընդամենը հետաձգել է 1 տարով». Ռոբերտ Անանյան

«Թրամփի միջնորդությունը ոչ թե խաղաղություն է բերել, այլ՝ պատերազմն ընդամենը հետաձգել է 1 տարով». Ռոբերտ Անանյան
150
Երեկ, 22:12

Լրագրող Ռոբերտ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հուսանք, նախագահ Թրամփը Սպիտակ տանը Փաշինյանին և Ալիևին կհյուրընկալի՝ ոչ թե Խաղաղության պայմանագիրը նախաստորագրելու, այլ՝ հենց ստորագրելու նպատակով։ Իսկ եթե խոսքն ընդամենը խաղաղության մասին հռչակագիր ընդունելու մասին է՝ բարի նպատակներ ներառող և առանց ստորագրման կամ նախաստորագրման, այն գործնական իմաստ չի ունենա։ Կարևոր կլինի զուտ տեսարանի իմաստով, որը նախագահ Թրամփը կօգտագործի զուտ սեփական փիառի համար։ Դա կամրագրի նաև ԱՄՆ-ի հետաքրքրությունը՝ վերջնական խաղաղության հասնելու հարցում։
Կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք ստորագրվում է, թե նախաստորագրվում, թե ընդամենը հռչակագիր է ընդունվում՝ առանց գործնական քայլերի համաձայնեցման։
Նախաստորագրելը թեև այսօրվա իրավիճակի համեմատ կլինի առաջընթաց քայլ և տեքստը կհրապարակվի, սակայն դա դեռ չի նշանակի պայմանագրի ստորագրում, վավերացում, հետևաբար՝ պայմանագրի դրույթները դեռևս գործողության մեջ չեն մտնի։
Նախաստորագրումը ռիսկային է, ինչպես հյուրընկալող երկիր ԱՄՆ-ի, այնպես էլ՝ ռեգիոնալ կայունության համար։ Տեսականորեն, ի՞նչ կարող է տեղի ունենալ նախաստորագրման դեպքում։ Պայմանագրի վերջնական ստորագրումը և վավերացումն Ադրբեջանը պայմանավորում է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և նորն ընդունելու հետ։ Ադրբեջանը կողմ է այսօր նախաստորագրել համաձայնագիրը, սակայն պայման է դնում ստորագրման համար, որ Հայաստանն անպայման փոխի իր Սահմանադրությունը։
Սակայն Սահմանադրությունը կարող է փոխվել միայն համաժողովրդական հանրաքվեի միջոցով։ Մինչև 2026 թվականի հունիս ամիսը, ըստ Հայաստանի իշխանության, պատրաստ կլինի Սահմանադրության նոր նախագիծը։ Այն չի ունենա նախաբան, հետևաբար՝ Սահմանադրության նախագծից հեռացված կլինի Անկախության հռչակագրին հղումը։
Անկախության հռչակագրում կա հղում Հայաստանի և Ղարաբաղի վերամիավորման մասին 1989 թվականին ընդունված ակտին։ Եթե Սահմանադրության նախագիծն ընդունվի, դա դուռ կբացի դեպի պայմանագրի ստորագրում, վավերացում և կատարման փուլ։ Բայց դրան հասնելը բարդ կլինի։ Ըստ ՄՀԻ-ի հարցման՝ մարդկանց 47%-ը կաջակցի պայմանագրի ստորագրմանը, 40%-ը չի աջակցի։ Արդյո՞ք 47%-ը նաև կողմ կքվեարկի նոր Սահմանադրությանը՝ հանուն պայմանագրի ստորագրման։
Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության ռեյտինգը բարձր չէ ինչպես նախկինում՝ ըստ հարցումների։ Իհարկե, ցածր է նաև ընդդիմության ռեյտինգը, որը սակայն ունի լուրջ մեդիառեսուրսներ և հակաքարոզ է անելու սահմանադրական փոփոխության դեմ։ Իլհամ Ալիևն ամեն շաբաթ պահանջել է սահմանադրական փոփոխություններ և Հայաստանի քաղաքացիների մոտ ստեղծել է տպավորություն, որ նոր Սահմանադրության նախագիծը պատրաստվում է և նախաբանը հանվելու է Ադրբեջանի պահանջով։
Ինձ մոտ կասկածներ կան, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը կողմ կքվեարկեն այդ նախագծին։ Ընդ որում, նոր Սահմանադրության ընդունման համար հանրավքեի մասին օրենքը ավելի բարձր շեմ է պահանջում, քան պարզ մեծամասնությունը։ Կա ռիսկ, որ սահմանադրական հանրաքվեն կտապալվի, և չի ընդունվի նոր Սահմանադրություն։ Ալիևը պահանջում է փոխել Սահմանադրությունը, որպեսզի իբր թե համոզված լինի, որ Հայաստանի քաղաքացիները հավակնություն չունեն Ղարաբաղի նկատմամբ։
Այսինքն, եթե նոր Սահմանադրություն չընդունվի, ինչը հավանական է, Ալիևը կմեկնաբանի, որ հայերը ունեն հավակնություն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, այսինքն՝ ռևանշիստներ են։
Սա Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի կեղծ պատրվակ կարող է ծառայել։ Չեմ բացառում Հայաստանի ռազմական օբյեկտներին հարվածներն Ադրբեջանի կողմից՝ «հայերի ռևանշիզմը ջախջախելու նպատակով»։ Արդյո՞ք նախաստորագրում հյուրընկալող ԱՄՆ-ն պատրաստ է այս ռիսկը կառավարել, և հանրավքեի տապալումից հետո հասնել պայմանագրի ստորագրման։ Համոզված չեմ, որ այդքան լուրջ ջանքեր կներդրվեն, և պատերազմի ռիսկերը կկառավարվեն։
Հանրաքվեի տապալումից հետո Ադրբեջանի հրահրած էսկալացիան կլինի նաև ուղիղ հարված ԱՄՆ-ին, որի միջնորդությամբ պայմանագիրը նախաստորագրվել էր։ Կնշանակի, որ ԱՄՆ-ն չի կարողացել երաշխավորել խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Կստացվի, որ նախագահ Թրամփի ներկայությամբ Փաշինյանն ու Ալիևը ստորագրել են խաղաղություն չբերած, կոնֆլիկտի ռիսկեր պարունակած փաստաթղթի տակ։ Կստացվի, որ նախագահ Թրամփի միջնորդությունը ոչ թե խաղաղություն է բերել, այլ՝ պատերազմն ընդամենը հետաձգել է 1 տարով։
Դա մեծ հարված կլինի ոչ միայն Հարավային Կովկասում խաղաղությանը և կայունությանը, այլ՝ ԱՄՆ-ի միջնորդական ջանքերին, նախագահ Թրամփի խաղաղարար գործունեությանը։ Հետևաբար, այս ռիսկերից խուսափելու և Սպիտակ տանը իրական խաղաղության պրոցես գործարկելու նպատակից ելնելով՝ անհրաժեշտ է, որ Ալիևն ու Փաշինյանը ստորագրեն Խաղաղության համաձայնագիրը, որը հետո կուղարկվի Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարաններ վավերացման։ Նաև Սահմանադրական դատարանները դրանք կհամարեն երկրների Սահմանադրությանը համապատասխան։
Այնուհետև, կսկսվի պայմանագրի իմպլեմենտացիայի փուլը։ Դա կնշանակի, որ նախագահ Թրամփի միջնորդությամբ գործարկվել է իրական խաղաղության գործընթաց, և ոչ թե նախաստորագրվել է պայմանագիր, որը Ալիևի համար հիմք է ծառայել՝ հետագայում պայթեցնելու անվտանգային իրավիճակը։ Այս ռիսկերից խուսափելու համար՝ ԱՄՆ-ն պետք է Ադրբեջանին համոզի հրաժարվել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջից։ Պայմանագրի նախաստորագրումը կամ ստորագրումը չպետք է փոխկապակցվի Սահմանադրության ընդունման-չընդունման հետ։
Եթե նույնիսկ նախաստորագրվի՝ պետք է հստակ ժամկետ և ընթացակարգ ֆիքսվի, թե երբ է պայմանագիրը ստորագրվելու և վավերացվելու։ Այն ոչ մի կերպ չի կարելի պայմանավորել սահմանադրական հանրաքվեի հետ։ Դա ծուղակ է՝ սարքված Ալիևի կողմից։ Եթե ԱՄՆ-ն ընդունում է նախաստորագրման արարողություն՝ պետք է նաև ստանձնի դրանից հետո Ալիևի կողմից սադրանքների բացառման պարտավորություն։
ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը կողմ է նաև Երևանը, և դա լուծելի խնդիր է։ Հուսամ, շահագրգիռ կողմերը հաշվի կառնեն այս ռիսկերը։ Սահմանադրություն փոխելու պահանջից նահանջելու համար՝ ԱՄՆ-ն Բաքվին շահագրգռել կարող է բազմաթիվ գործիքակազմերով, որոնց մասին գրել եմ նախորդ գրառումներում»։

Աղբյուրը`   Ռոբերտ Անանյան