Կիրակի, 05 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Միքայել Սրբազանի կալանավորումը բխում է ընդդիմության շահերից»․ Սուրեն Պետրոսյան

«Միքայել Սրբազանի կալանավորումը բխում է ընդդիմության շահերից»․ Սուրեն Պետրոսյան
161
Այսօր, 16:30

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սրբազանի կալանավորման պատասխանատուն, թեպետ իշխանությունն է, սակայն այն հավասարապես բխում է խորհրդարանական ընդդիմության շահերից։
Միքայել Սրբազանի գործը ներկա իշխանությունների ապազգային էությունը բացահայտելու մասին չէ։
Իշխանության ապազգային էությունը և կարմիր գծերի բացակայությունը հազարապատիկ ավելի ցավալի փաստերով (օրինակ՝ Արցախի հանձնումը) բազմիցս ապացուցված է։
Սրբազանը յուրատեսակ կերպով խորհրդանշում է ավելի քան 30 տարի առկա հակահայկական քաղաքական համակարգի (փոխհամաձայնեցված խմբիշխանության) դեմ պայքարը, որի մասին բացահայտ խոսում է առնվազն վերջին 1-2 տարին, և որի համար ամենաստոր հարձակման էր ենթարկվել առաջին հերթին հենց խորհրդարանական ընդդիմության թևերի կողմից։ Իսկ երբ այսօր Սրբազանը «չեզոքացված է», այդ նույն դերակատարները միմյանց հերթ չեն տալիս նրա կալանավորումը «սգալու» համար։
Ապօրինի բանտարկումից շատ ավելի մեծ ստորություն է Միքայել Սրբազանի պայքարի արժեքային և գաղափարական խեղաթյուրումը, մասնավորապես այն դեպքում, երբ այսօր այդ նույն դերակատարները Սրբազանին ներկայացնում են լոկ որպես իշխանության կողմից հալածյալ՝ դրանով զրկելով նրան իր պայքարի իրական բովանդակությունից և խորությունից։
Սրբազանի պայքարը ոչ թե միայն այս իշխանության, այլ ավելի քան երեք տասնամյակ ձգվող հակահայկական քաղաքական համակարգի դեմ է, իսկ ով խեղաթյուրում է այս փաստը, ապա արժեքային առումով գտնվում է իշխանության հետ նույն հարթությունում։
Հ.Գ.
Փոխհամաձայնեցված խմբիշխանության կողմից չներվեց Միքայել Սրբազանի իրականությունը բարձրաձայնելու և համակարգին մարտահրավեր նետելու համարձակությունը»։

Աղբյուրը`   Սուրեն Պետրոսյան