«Բռնաճնշումը տեղեկատվական դաշտում լեգիտիմության խորը կորուստի ազդանշանն է»․ Վլադիմիր Մարտիրոսյան
123
Այսօր, 16:48
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Որևէ պարագայում Imnemnimi Podcast-ի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի հետ կատարվողը չի կարելի դիտարկել և որակել միայն իրավական կամ էթիկական հարթության մեջ, քանի որ իշխանությունների արձագանքը բովանդակային ընդդիմադիր հաղորդակցական դաշտի ընդլայնման նկատմամբ միշտ ունի քաղաքական ենթաշերտ։ Անկախ այն հանգամանքից՝ հայհոյախոսությունն ընդունելի կամ անընդունելի է Ձեզ համար, ֆիքսվեք բովանդակության վրա, ոչ թե արտահայտչաձևի: Իշխանությունը ջանում է իր շահի համար, որ խնդիրը ներկայացվի էթիկական տեսանկյունից և իրավական գնահատմամբ, որ խլեցնի բովանդակությունը: Մենք գործ ունենք իրավական պատրվակ՝ քաղաքական շարժառիթ մոդելի հետ: Երբ իշխանությունը ձգտում է վերահսկել մեդիա տարածքը, հաճախ դիմում է ձևական իրավական և էթիկական հիմնավորումների․ օրինակ՝ ․ «ոչ նորմատիվային բառապաշար» ․ «հասարակական կարգի խախտում» ․ «խուլիգանություն» որակավորումներ։ Սրանք, որպես կանոն, կիրառվում են ոչ թե հասարակական բարոյականության պահպանման՝ այլ քաղաքական խոսքի սահմանափակման նպատակով։ Այսինքն, խոսքը ոչ թե հայհոյախոսության կամ էթիկայի մասին է այլ անհարմար և ցավոտ բովանդակության ճնշման մասին։ Երբ քաղաքական իշխանությունը քրեականացնում է բառապաշարը, նա իրականում քրեականացնում է թույլատրելի մտածողության շրջանակից դուրս գալը։ Այն պահից, երբ քննադատությունը սկսում է հասնել զանգվածների, իշխանությունը տեղափոխում է այն իրավական դաշտ՝ բովանդակային պայքարը փոխարինելով ձևական դատապարտմամբ։ Քարոզչական վախը՝ ձնագնդի էֆեկտից է, ինչն իրականում քաղաքական հաղորդակցության մեջ հայտնի է որպես diffusion effect կամ «տարածման վախ»։ Այն առաջանում է, երբ իշխանությունը տեսնում է, որ մեկ փոքրիկ հարթակ՝ podcast, վիդեոալիք կամ բլոգ, սկսում է կուտակել վստահություն և վերածվել հանրային տրամադրությունների արտահայտիչի։ Այս պահին ռեժիմը արձագանքում է կանխարգելիչ եղանակով՝ ․ խլացնելով ալիքը, ․ վարկաբեկելով հեղինակին, ․ կամ գործարկելով իրավական պատրվակներ՝ իբրև հասարակական կարգի պաշտպան։ Էստեղ այլևս խոսքը բացառապես այն մասին է, որ գործում է ինֆորմացիոն վախի ինդիկատորը: Ցանկացած ռեժիմ, որը վստահ է իր լեգիտիմության վրա, չի վախենում խոսքից։ Հակառակը՝ բռնաճնշումը տեղեկատվական դաշտում հենց լեգիտիմության խորը կորուստի ազդանշանն է։ Երբ իշխանությունը փորձում է կանխել խոսքի տարածումը, նշանակում է՝ նա արդեն գիտի, որ խոսքը վերածվում է հանրային ընդդիմության էներգիայի և սպառնալիքի իշխանության համար։ Այսպիսով, Imnemnimi podcast-ի փաստացի փակումն ու հեղինակների ինֆորմացիոն մեկուսացում արդարացվում է ձևականորեն՝ «ոչ նորմատիվ լեզվի» պատրվակով, բայց իրականում այն հանդիսանում է՝ - վախի դրսևորում ընդդիմադիր դիսկուրսի ընդլայնման նկատմամբ, - տեղեկատվական վերահսկողության փորձ, - հասարակական հակաիշխանական տրամադրությունների լայնացման և կազմակերպման կանխարգելում։ Այլ կերպ ասած՝ դա չէր լինի, եթե ռեժիմը վստահ լիներ իր ժողովրդականության, լեգիտիմության մեջ: Տղերքը վստահ են իրենց գործի լեգիտիմության և ժողովրդականության մեջ: P.S. ԱԺ նախագահը ճիշտ կանի վախենա ոչ թե Վազգենից ու Նարեկից, այլ նրանից, որ այլևս չի կարողանում իր կուսակիցների քվորումը ապահովել ԱԺ-ում բյուջեի քննարման ժամանակ և դա տեսնում է իր քաղաքական ալֆան ու օմեգան դահլիճում նստած»: