«Հայաստանյան քաղաքական դաշտում դոմինանտ են միայն հսկայական ռեսուրսներ ունեցող ուժերը»․ Հայկ Խանումյան
101
Այսօր, 02:06
Արցախցի նախկին նախարար Հայկ Խանումյանը գրում է. «Քաղաքականությամբ զբաղվելը նախևառաջ ենթադրում է ինքնազոհողություն։ Այսինքն՝ դու հրաժարվում ես շատ բաներից՝ հարմարավետությունից, խաղաղությունից, ներդնում ես ժամանակդ, միջոցներդ, սոցիալական կապիտալդ, հարվածի տակ ես դնում ընտանիքիդ անդորրը, դառնում ես թիրախ մրցակիցների ու հակառակորդների համար։ Նրանք, ովքեր ներգրավվում են քաղաքական գործընթացների մեջ, պետք է հասկանան, որ գնում են ինքնազոհողության։ Թույլ հասարակություններում հաջողության հասնելու համար հաճախ ավելի մեծ ինքնազողություններ են պետք լինում։ Մեծ ռեսուրսներն ու փողը կարևոր են, սակայն ամենակարևորը չեն։ Ամենակարևորը քաղաքական կամքն է՝ հստակ օրակարգի շուրջ մարդկանց համախմբելու վճռականությունը։ Քաղաքական թիմում թիմակիցների միջև վստահության բարձր աստիճանը էականորեն բարձրացնում է հաջողության հնարավորությունները։ Վստահությունը կարող է ձևավորվել խաղի հստակ կանոնների առկայության դեպքում։ Հետևաբար այդ կանոնները ձևակերպելիս պետք է հնարավորինս ռացիոնալ լինել։ Թեև բացասական օրակարգերը, «դեմ»-ի տրամաբանությամբ արշավները, որոշակի շրջանակների դեմ ատելություն ու հակակրանք առաջացնող քարոզչությունը կարող են աշխատել, սակայն քաղաքական գործչի իրական առաքելությունը լուծումներ առաջարկելն է։ Լուծումների կարիք հասարակություններն ունենում են հատկապես ֆորսմաժորային իրավիճակներից հետո, երբ ապատիան գերիշխող է, հուսահատությունը՝ մեծ։ Ուժեղ, խարիզմատիկ առաջնորդները մեծ դերակատարություն կարող են ունենալ, սակայն քաղաքականության մեջ հաջողությունը թիմային աշխատանքի արդյունք է։ Հետևաբար ուժեղ առաջնորդին պետք է շրջապատի ուժեղ թիմը, հակառակ դեպքում անվերահսկելի մնացած ուժեղ առաջնորդը դառնում է անկառավարելի՝ կորցնելով հաջողությունը կամ դառնալով աղետների պատճառ։ Քաղաքական ուժի հաջողության համար կարևոր են նրա գաղափարները/ծրագիրը հավանող և դրա համար ակտիվ քայլեր անող քաղաքացիների կրիտիկական զանգվածը։ Ընդ որում, այդ ակտիվիստները մեծամասամբ պետք է աշխատեն առանց գումարի, ավելին՝ իրենք պետք է գումար գեներացնեն քաղաքական գործունեության համար։ Քաղաքական գործունեության կրիտիկական պահը ընտրություններն են։ Արշավների կազմակերպման ժամանակ պետք է հաշվի առնվեն հասարակության առանձնահատկությունները, ընտրվի ճիշտ մարտավարություն՝ քաղաքական գործչի/ուժի նկատմամբ համակրանքը կողմ քվեների վերածելու համար։ Այստեղ հարկավոր է նաև փողի ներգրավումը համակիրների կողմից՝ ընտրարշավի նվազագույն ծախսերը փոխհատուցելու համար։ Ցավոք, այսօր հայաստանյան հասարակության քաղաքական դաշտում դոմինանտ են միայն հսկայական ռեսուրսներ ունեցող ուժերը՝ գործող իշխանությունը, նախկին իշխանությունները, խոշոր բիզնեսի ներկայացուցիչները։ Սա բերում է թյուրըմբռնման, թե քաղաքական լուրջ դերակատարումը ենթադրում է փող, շատ փող կամ ավելի շատ փող։ Այս ցավոտ մոլորությունից դուրս գալու համար ամբիցիաներ ունեցող անձանցից հարկավոր է ստեղծել այնպիսի ուժը, որը քիչ ֆինանսական միջոցներով կունենա դոմինանտ դերակատարություն հայաստանյան քաղաքական դաշտում։ Ի՞նչ է պետք դրա համար։ *Կարևորագույն հարցերի լուծումների շուրջ համաձայնություն ամբիցիոզ գործիչների միջև։ *Ինքնազոհողության (տարբեր աստիճանի) պատրաստ 100 գործիչ, որոնք հավակնում են հանրային պաշտոնների։ Այս կարգի մարդիկ կան տարբեր ոլորտներում և տարբեր մարզերում, փոքրիկ, բայց վճռական թիմը կարող է նրանց հավաքել ծրագրային հիմնադրույթների շուրջ։ *3000 ակտիվիստ, որոնք պատրաստ են քաղաքական ուժի ընդլայնման, գաղափարների տարածման համար որոշակի ժամանակ ու միջոցներ ծախսել՝ մինչև համապետական ընտրությունների քարոզարշավ տրամադրելով շաբաթական առնվազն 10, իսկ քարոզարշավի ընթացքում՝ շաբաթական 50-60 ժամ։ Այդ 6 ամսվա ընթացքում նրանցից յուրաքանչյուրը պետք է կարողանա համակիրներից, գաղափարակիցներից, սեփական ու ընտանիքի միջոցներից գեներացնել առնվազն 500 հազար դրամ։ Թե՛ այդ 3000-ին գտնելը, թե՛ միջոցները գեներացնելը բարդ խնդիր է, դա պահանջում է հասարակության հասունության բարձր աստիճան։ *Ընտրություններին պատրաստվելու համար 1,5 միլիարդ դրամը բավարար միջոց է։ Այն հիմնականում ծախսվելու է կոնտենտի ստեղծման, տպագիր և մուլտիմեդիա նյութերի ստեղծման/տարածման, բաներների տպագրության և տեղադրման, որոշակի թվով գրասենյակների վարձակալության (բայց ոչ ակտիվիստների վարձատրության), ընտրագրավի մուծման, վճարովի եթերների գնման և այլ անհրաժեշտ ծախսերի վրա։ Այս նվազագույն պայմանների բավարարումը հնարավորություն կտա Հայաստանում ունենալ վերոնշյալ ռեսուրսային կենտրոններից անկախ, հանրության կողմից ֆինանսավորվող դոմինանտ քաղաքական ուժ, որը, կախված ընտրարշավի կազմակերպման որակից, կունենա 15-25 տոկոս ձայն, և անկախ նրանից իշխանության մաս կկազմի, թե ընդդիմության, լուրջ որակական փոփոխություններ կբերի քաղաքական դաշտում և հասարակության մեջ»: