Շաբաթ, 22 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Պետք չէ ողբալ Ուկրաինայի մասնատումը, պետք է դրանից դասեր քաղել»․ Թաթուլ Հակոբյան

«Պետք չէ ողբալ Ուկրաինայի մասնատումը, պետք է դրանից դասեր քաղել»․ Թաթուլ Հակոբյան
49
Այսօր, 16:36

Լրագրող Թաթուլ Հակոբյանի գրառումը․ «Ուկրաինայի պարտությունը փաստաթղթավորվում է, այն է՝ կապիտուլյացիա, եթե կուզեք՝ ռուս-ամերկյան, Պուտին-Թրամփ պայմանավորվածություն:
Երբ անդադար գրում եմ, որ Ռուսաստանին չի կարելի անտեսել, սա նկատի ունեմ նաև:
Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակումից հետո Հայաստանում շատ էր գրվում Մոսկվայի անխուսափելի պարտության մասին: Մեր արևմտամետները Արևմուտքից ավելի արևմտամետ դուրս եկան, ինչպես մեր ռուսամետներն են Ռուսաստանից ավելի ռուսամետ:
Բայց պետք չէ ողբալ Ուկրաինայի մասնատումը, պետք է դրանից դասեր քաղել, մանավանդ, որ վերջին հարյուր տարում Հայաստանը ևս զոհ է գնացել գերտերությունների պայմանավորվածություններին՝ հույս դնելով, որ մեծ քեռիները կգան ու կփրկեն:
Այսպես, 1920 թվականի այս օրը՝ նոյեմբերի 22-ին, երբ ռուս բոլշևիկների ու թուրք քեմալականների հարվածների տակ Հայաստանը արյունաքամ էր լինում, ԱՄՆ նախագահ Վիլսոնը հրապարակեց իր հայտնի Իրավարար վճիռը՝ 160 հազար քառակուսի կիլոմետր տարածքով միացյալ Հայաստան:
Այդ օրերին, նախքան Ալեքսանդրապոլ մեկնելը՝ Կարաբեքիրի հետ ստորագրելու Ալեքսանդրապոլի կապիտուլյացիան ու ռազմատուգանք վճարելը, Ալեքսանդր Խատիսյանը մեկ օրով շտապ մեկնում է Թիֆլիս, որպեսզի դաշնակիցների դեսպանատներում քննարկի Հայաստանին հնարավոր օգնությունը:
Բրիտանացիները պատասխանում են, որ ոչինչ անել չեն կարող և խորհուրդ են տալիս ընդունել թուրքերի վերջնագիրը:
Երբ Հովհաննես Քաջազնունին նեղսրտած բրիտանացիներին ասում է՝ չէ՞ որ Հայաստանը Անգլիայի դաշնակիցն է, բրիտանացին պատասխանում է՝ ո՞վ ասել, որ դուք մեր դաշնակիցն եք:
Նույնն է ռուսների և Ռուսաստանի դեպքում: Ի՞նչու ենք համոզված եղել, որ Ռուսաստանը մեզ փրկելու է:
Մեր ընդդիմության քիմքին չի գալու, երբ գրեմ, որ 2020 թվականին եղել է Ռուսաստան-Թուրքիա պայմանավորվածություն: Չեմ ասում, որ մեր պարտության մեղավորը ռուսներն ու թուրքերն են: Դա չեմ ասում: Մեր պարտության մեղավորը մենք և գործող իշխանությունը առաջին հերթին:
Այսօր էլ պետք չի մտածել, որ իբր արևմտամետ Նիկոլ Փաշինյանը, ով ժամանակին նրանց ծաղրական անվանում էր եվրայոնջա, Հայաստանը փրկում է Ռուսաստանից:
Պետք է անդադար կրկնեմ, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է շատ զգույշ լինել.... Հատկապես այսօր, երբ Ռուսաստանը լուծում է Ուկրաինայի խնդիրը և ավելի շատ ժամանակ ունի այլ տեղերում զբաղվելու և բզբզալու:
Գազը փակելը կամ Լարսը փակելը համերք չարյաց փոքրագույնը:
Եվ ընդհանրապես, ճանաչեք չափներդ, այսինքն՝ ճանաչենք մեր չափը և այս երկիրը չտանենք նոր արկածախնդրությունների»։

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան