«Ձևավորվում է նոր իրականություն․ ՀՀ-ն չպետք է հայտնվի որևէ մեծ գործարքի հավելվածում»․ Արման Բաբաջանյան
83
Այսօր, 00:54
Եթե Վաշինգտոն–Մոսկվա–Կիև եռանկյունում ձևավորվում է նոր իրականություն, Հայաստանը պետք է ձևավորի իրենը՝ ոչ թե հայտնվի որևէ մեծ գործարքի հավելվածում։ Հայաստանն արդեն պետք է հայտ ներկայացրած լիներ Եվրամիության անդամակցության համար։ Դա մեր արտաքին քաղաքական վեկտորի ստրատեգիական ամրագրումը կլիներ․ երկրի համար, որը ուզում է դառնալ անվտանգության, տնտեսության և ինստիտուտների եվրոպական համակարգի մաս։ Երևանը պետք է հիմա անի հետևյալը: Առաջին՝ ԱՄՆ-ի հետ պետք է գնալ առավելագույն հստակեցման։ Եթե Ուկրաինայի շուրջ հաստատվում է հրադադար և խաղաղության նոր ձևաչափ, Հայաստանը պետք է ունենա չորս հստակություն. 1. Ինչպե՞ս է ԱՄՆ-ը պատկերացնում Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետությունը՝ այդ թվում Հայաստանի սահմանների, Սյունիքի, անկլավների հարցում։ 2. Ինչպիսի՞ դեր է տրամադրվում Հայաստանին տարածաշրջանային հաղորդուղիներում, էներգետիկ և տրանսպորտային նախագծերում, և ինչպե՞ս են այստեղ հավասարակշռվում Ադրբեջանի ու Թուրքիայի նկրտումները։ 3. Ինչպիսի՞ քաղաքական ու անվտանգային աջակցություն է Վաշինգտոնը պատրաստ իրականում տրամադրել Հայաստանին՝ զրոյական դատարկ խոստումներից այն կողմ։ 4. Եվ՝ առավել կարևոր․ արդյո՞ք ԱՄՆ–ԵՄ առանցքը պատրաստ է ընդունել Հայաստանը որպես երկարաժամկետ գործընկեր, որի նպատակը ԵՄ լիիրավ անդամակցությունն է, և ոչ «ստատուս-քվոյի պահպանման» փոքր խաղացող։ Երկրորդ՝ Հայաստանը պետք է միաժամանակ խորացնի. • ԵՄ հետ՝ ասոցացման, խոր և համապարփակ ազատ առևտրի, վերջապես՝ անդամակցության հստակ ճանապարհային քարտեզ։ • ԱՄՆ-ի հետ՝ պաշտպանական, տեխնոլոգիական և ներդրումային համագործակցություն՝ ոչ թե հայտարարությունների, այլ կոնկրետ ծրագրերի մակարդակով։ • Հնդկաստան, Ֆրանսիա, Հունաստան, Իրան, արաբական պետություններ՝ բազմավեկտոր անվտանգության ու զսպման քաղաքականություն, որը թույլ չի տալիս որևէ մեկին տարածաշրջանում միանձնյա որոշել տարածաշրջանի և Հայաստանի ճակատագիրը։ Այս ամենի առանցքում մեկ բան է․ բանակը։ Մեր բանակը պետք է կառուցվի այնպես, որ ոչ ոք չկարողանա մեզ վերջնագիր ներկայացնել՝ անկախ այն բանից, թե ով է նստած Վաշինգտոնում, Մոսկվայում, Բրյուսելում կամ Անկարայում։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի միայն այն ժամանակ, երբ մենք կունենանք այնպիսի ուժ, այնպիսի բազմավեկտոր աջակցություն և այնպիսի ներպետական կայունություն, որ ոչ մի Թրամպ, ոչ մի Պուտին և ոչ մի «միջազգային միջնորդ» չկարողանա հետո միակողմանի փոխել խաղի կանոնները և մեզ նոր զիջումներ պարտադրել։ Ուկրաինան մեզ ցույց է տալիս դաժան, բայց անհրաժեշտ ճշմարտություն․ փոքր պետությունները չեն որոշում իրենց ճակատագիրը, եթե չունեն իրական ուժ և իրական դաշնակիցներ։ Ժամանակը քիչ է։ Հայաստանին պետք է ոչ թե հերթական պատրանքների, այլ սթափվածության, հստակ ուղղության՝ ԵՄ անդամակցության հայտ, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ քաղաքական պայմանավորվածությունների նոր մակարդակ, և ուժի վրա հիմնված արտաքին քաղաքականություն, որի հիմքում մի պարզ սկզբունք է․ Հայաստանի անվտանգությունն ու սուվերենությունը չեն կարող լինել ոչ մի մեծ տերության փոխանակման մանրադրամը։ Այս ամենն իրագործելու համար Հայաստանին անհրաժեշտ են պետական գործիչներ։ Ոչ միայն քաղաքական գործիչներ, որոնք մտածում են միայն հաջորդ ընտրությունների մասին, այլ հենց պետական, որոնք, ինչպես Չերչիլն էր ասում՝ մտածում են հաջորդ սերունդների մասին: