Հինգշաբթի, 27 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Ցանկանում են վերստին մասնակցել ընտրություններին, որ նորի՞ց պարտվեն»․ Էդգար Ղազարյան

«Ցանկանում են վերստին մասնակցել ընտրություններին, որ նորի՞ց պարտվեն»․ Էդգար Ղազարյան
111
Այսօր, 11:48

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մտորում․
Իհարկե ոչ մի քաղաքական և հանրային գործիչ չի որոշում, թե մյուսներն ինչով զբաղվեն, ինչով չզբաղվեն։ Ոչ ոք չի կարող ասել, թե ով պետք է մասնակցի, ենթադրենք, հաջորդ ընտրություններին, ով՝ ոչ։ Սակայն բոլոր նրանք, ովքեր արդեն մասնակցել են և պարտվել են նախորդ ընտրություններում, իսկ հետընտրական քաղաքական գործընթացներում իրենց ակտիվում ունեն միայն ձախողումներ և անհաջողություններ, պետք է իրենք իրենց և ողջ հանրությանը հարց տան ու պատասխանեն, թե ինչո՞վ են հիմնավորում կրկին պարտվելու և նոր անհաջողությունների գնալու իրենց համառ ցանկությունն ու մտադրությունը։ Ցանկանում են վերստին մասնակցեն ընտրությունների, որ նորի՞ց պարտվեն։
Ցանկացած միջավայրում, լինի դա բիզնեսում, թե քաղաքականության մեջ, պետք է առաջանային դերակատարություն ունենան միայն մրցունակ ուժերն ու գործիչները։ Եթե որևէ քաղաքական գործիչ ներկա պահին չունի բավարար ուժ, հեղինակություն, կարողություն և մրցունակություն Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ պայքարի համար, դա չի ստվերում այդ ուժի և գործչի անցյալի ունեցած հաջողությունները և ձեռքբերումները, ոչ էլ արդարացնում է նրանց պաշտոնավարման շրջանի թերությունները։
Փաստ է, որ նորանկախ Հայաստանը, նախագահական կառավարման շրջանում, իր պատմության մեջ ունեցել է երեք նախագահներ։
Փաստ է, որ իշխանությունից հեռանալուց հետո որոշ ժամանակ անց, նրանք երեքն էլ վերստին ձգտել են գալ իշխանության՝ մասնակցելով ընտրությունների և քաղաքական այլ գործընթացների։
Փաստ է, որ նրանցից երեքին էլ դա չի հաջողվել։
Սպասվող քաղաքական գործընթացների իմաստով, նախորդ նախագահների հետ կապված գոյություն ունի հետևյալ վիճակը։
Առաջին նախագահն առաջնորդում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, որը 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններում ստացել է 19․691 ձայն և չի կարողացել հաղթահարել նվազագույն շեմը։ Առաջին նախագահը, ներկա պահին, վերստին իշխանության գալու անձնական հավակնություններ չի ցուցաբերել, իսկ իր առաջնորդած կուսակցությունը դեռևս պաշտոնական դիրքորոշում չի արտահայտել սպասվող ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։
Երկրորդ նախագահը որևէ կուսակցության անդամ կամ առաջնորդ չի հանդիսանում։ 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններում, նրա առաջնորդած «Հայաստան» դաշինքը 269․481 կողմ ձայներով ոչ միայն կարողացել է հաղթահարել օրենքով սահմանված նվազագույն շեմը, այլև հանդիսացել է երկրորդ քաղաքական ուժը՝ քվեների քանակով՝ Ազգային ժողովում ձևավորելով ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը։ Հետագայում «Հայաստան» դաշինքը փաստացի պառակտվել է, այն ստեղծած երկու քաղաքական կուսակցություններից մեկը՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դուրս է եկել դաշինքի կազմից, կուսակցության անդամ պատգամավորների մեծ մասը վայր են դրել պատգամավորական մանդատները, կուսակցության ղեկավարը հեռացել է Հայաստանից, իսկ կուսակցությունը՝ փաստացի դադարեցրել է իր գործունեությունը։ Դաշինքը ստեղծած մյուս կուսակցությունը՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) հայտարարել է առաջիկա ընտրություններում մասնակցելու մտադրության մասին, սակայն որոշում չունի մասնակցության ձևաչափի վերաբերյալ (առանձին, թե դաշինքով), ինչպես նաև երկրորդ Նախագահի հետ հնարավոր համագործակցության մասով։ Հարկ է նկատել, որ 2018 թվականի Երևանի ավագանու և ԱԺ արտահերթ ընտրություններում ՀՅԴ-ն մասնակցել է առանձին և երկու դեպքում էլ չի կարողացել հաղթահարել օրենքով սահմանված նվազագույն շեմը։ «Հայաստան» խմբակցության պառակտման մեկ այլ դրսևորման հետևանք է «Մայր Հայաստան» նոր կուսակցության հիմնադրումը, որի ղեկավարը և մեկ այլ գործիչ ընդգրկված են եղել «Հայաստան» խմբակցության կազմում։
Երկրորդ նախագահը հայտնել է վերստին իշխանության գալու իր հավակնության մասին, որը սակայն պարզ չէ, թե ինչ ձևով է իրականացվելու, քանզի ԱԺ ընտրություններն իրականացվում են միայն համամասնական եղանակով, որին կարող են մասնակցել ոչ թե անհատները, այլ քաղաքական կուսակցությունները։
Երրորդ նախագահը ղեկավարում է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որը 2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններում առանձին, իսկ 2021 թվականի ընտրություններում «Պատիվ ունեմ» դաշինքի կազմում չի կարողացել հաղթահարել օրենքով սահմանված նվազագույն շեմը։ 2021 թվականին «Պատիվ ունեմ» դաշինքը խորհրդարան է անցել է իրավունքի ուժով՝ խորհրդարանում առնվազն երեք քաղաքական ուժի օրենսդրական պահանջով։ Երրորդ նախագահը վերստին իշխանության գալու անձնական քաղաքական հավակնություններ չի ցուցաբերում, ավելի, հայտարարել է, որ նման ցանկություն չունի։ Հարկ է նկատել, որ երրորդ նախագահը չի առաջնորդել Հայաստանի հանրապետական կուսածնության և նրա մասնակցությամբ դաշինքի համամասնական ցուցակները ո՛չ 2017 թվականի ԱԺ հերթական, ո՛չ 2018 և 2021 թվականների արտահերթ ընտրություններում։ Նրա ղեկավարած կուսակցությունը դեռևս պաշտոնական հայտարարություն չի տարածել գալիք ընտրություններին մասնակցելու և դրա ձևաչափի վերաբերյալ, ավելին՝ կարևորում է ոչ թե այդ, այլ վարչապետին անվստահություն հայտնելու (իմպիմենտի) օրակարգով առաջնորդվելը։
Ստացվում է, որ Հայաստանի երեք նախկին նախագահներից միայն մեկն է հավակնում վերստին գալ իշխանության, որն էլ 2021 թվականի ընտրություններում պարտվել է Նիկոլ Փաշինյանին, այսինքն՝ գործնականում այլևս ապացուցված է, որ նա այդ խնդիրը լուծել չի կարող, իսկ թե իր մասնակցությունը ընտրություններին ինչքանով է նպաստում նույն Նիկոլ Փաշինյանի դիրքերի ամրապնդմանը, կարող են գնահատականներ տալ քաղաքական վերլուծաբանները։
Գոյություն ունեցող կարծրատիպերից դուրս որևէ նոր հայտարարություն լսելու պարագայում, մի գուցե, ճիշտ է ոչ թե այդ հայտարարություն անողների վրա հարձակվելն ու ոչնչացման փորձեր կատարելը, այլ մտածելը։
Մեր նպատակը այս պահին չպետք է լինի այս կամ այն գործչի իշխանության գալու մասին մտածելը, մեր նպատակը պետք է լինի հայ ժողովրդի պատմության ամենամեծ թշնամուն իշխանությունից վռնդելը։ Դրա համար անհրաժեշտ է մի կողմ դնել բոլորի չհիմնավորված հավակնությունները, ավելորդ ինքնահավանությունն ու մեծամտությունը, մեկտեղել բոլորի քաղաքական, հասարակական, ֆինանսական և այլ կարողությունները և միասնական ուժերով պայքարել այս հանցախմբի դեմ։ Հակառակ պարագայում նա շարունակելու է տոնել իր հաղթարշավը հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության դեմ»։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան