Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Թշնամու դեմ պետք է պայքարել, ոչ թե ձեռքերը համբուրել երկու ճղճիմ մանդատի համար»․ Մարգարիտ Եսայան

«Թշնամու դեմ պետք է պայքարել, ոչ թե ձեռքերը համբուրել երկու ճղճիմ մանդատի համար»․ Մարգարիտ Եսայան
84
Այսօր, 00:30

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բնականի եւ անբնականի եզրագծին ենք
Բնական է, որ մեր հայրենիքը դեպի թրքացում, դեպի հայկականության կործանում եւ հայի տեսակի ոչնչացում տանող էս ոհմակը դա անելու էր ծպտյալ խոսքով, ծպտյալ մտքով եւ ծպտյալ գործերով։ Բնական է, որ 2018-ին բաց ու հրապարակավ չէր ասելու, թե ինքը գալիս է ջնջելու հայոց պատմությունը, ոչնչացնելու է Հայ առաքելական եկեղեցին, քանդելու է հայոց բանակը, կրթական եւ բոլոր մյուս կայացած համակարգերը։ Բնական է, որ 2018-ին հրապարակում չէր գոռալու, թե ինքը գալիս է քանդելու, ոչնչացնելու, մերժելու ամեն ազգայինն ու ամեն հայկականը։ Բնական է, որ հրապարակում չէր գոռալու, թե գալիս է Սրբազաններ եւ Ամենայն հայոց կաթողիկոս բանտելու, Արցախը հանձնելու, պայմանավորված պատերազմ բերելու, որդիներ սպանելու, երկրի տարածքները թշնամուն տալու։ Բնական է, որ էս ամեն ինչը սրանք չասացին։
Հակառակն ասացին՝ վերամբարձ խոստումներ տվեցին, աշխատեցին մեր հասարակության ստորին բնազդների վրա՝ արագաչափ կհանենք, էլէներգիան կէժանանա, կենսաթոշակը կավելանա, աշխատատեղեր կլինեն, ձեթը ձրի կհոսի, բանակը ավելի մարտունակ կդառնա, որովհետեւ ելակ կտան։
Կարող եք էս շարքը ինքներդ շարունակել։
Բայց եւ անբնական է, երբ 2020-ի չարաբաստիկ պատերազմից հետո ընդդիմությունը սրանց կառավարման ընթացքին գնաց արտահերթ ընտրության։
Անբնական է, որ հասարակությունը սրանց ձայն տվեց եւ իրավունք՝ կրկին խաբել, քանդել, թշնամու առաջ երկրի դռները լայնորեն բացել։
Բայց եւ բնական է, որ եղավ պայքար՝ եւ փրկության շարժում եւ դիմադրության շարժում եւ՝ Սրբազան շարժում։
Նկատենք՝ այս բոլոր ընդվզումները կոչվեցին նույն բառով՝ շարժում։
Իսկ սա հեչ բնական չէ, ֆիզիկայի օրենքն է՝ ցանկացած շարժում ինչ-որ պահի կանգնեցվում է, կամ՝ կանգնում։
Բնական կլիներ, երբ լիներ «երկրաշարժ», ահռելի համազգային պոռթկում, Հայրենիքում եւ Սփյուռքում, անհանդուրժողականության եւ ջղայնության գերադրական աստիճանով։ Հենց սա համարժեք կլիներ էս թշնամիների կատարած ոճրագործությանը։ Այդ դեպքում, այո, կլիներ արդյունք, հետեւանք, փոփոխություն։ Այդ դեպքում կհաջողեինք։
Ու էսօր հեչ բնական չէ, երբ ես գրում եմ, դու գրում ես, նա գրում է։ Մենք սպառել ենք գրելու, հորդորելու, ջղայնանալու մեր դարավոր լիմիթը, չափաբաժինը։
Այսօր արդեն, երբ թշնամին այլեւս ներսում, անթաքույց, ձեւեր չի թափում, գործում է անամոթաբար եւ հրապարակային, բնական պետք է դառնա դրան համարժեք հակահարված տալը։ Հանեք սպիտակ ձեռնոցները, երբ շուրջ բոլորը կեղտի ու ցեխի մեջ է, անբնական են մեր ճերմակ ձեռքերը։
Եթե մենք դա չանենք հիմա, ուրեմն, մոռացեք՝ մեզանից ոչ մեկը չի մեռնելու բնական մահով, որովհետեւ մեր դարավոր եւ սուրբ մյուռոնին արդեն վաղուց թույնը խառնված է։
Կմեռնենք կամաց-կամաց եւ տանջալի մահով, պրոցեսն արդեն սկսվել է։ Բայց չհուսահատվենք, կա նաեւ քիմիական օրենքը՝ ցանկացած թույն ունի իր հակաթույնը։ Մեզնից շատերը գիտեն, թե դա որն է՝ նայեք ձեր հոգու ներսը։
Ուրեմն՝ եկեք դեմ չգնանք բնությանը։ Բնականն այն է, որ թշնամու դեմ պետք է պայքարել ու հաղթել եւ ոչ՝ ձեռքերը համբուրել երկու ճղճիմ մանդատի համար։
Ազատություն Սրբազաններին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն համայն հայ ժողովրդին»:

Աղբյուրը`   Մարգարիտ Եսայան