Չորեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Արգելե՛ք երեխաներին կիրառել հրավտանգ նյութեր»․ Արմեն Մուրադյան

«Արգելե՛ք երեխաներին կիրառել հրավտանգ նյութեր»․ Արմեն Մուրադյան
144
Այսօր, 16:54

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տոնական օրերին զերծ մնացեք պայթուցիկներից, հրավառության համար նախատեսված նյութերից:
Հորդորս ծնողներին՝ արգելեք երեխաներին կիրառել նմանատիպ հրավտանգ նյութեր:
Ամանորի նախօրեին հրավառություններն սկսվում են ամբողջ աշխարհում, երբ տարբեր ժամային գոտիներում ժամացույցի սլաքները ազդարարում են նոր տարվա սկիզբը ժամը 12-ին: Այնուամենայնիվ, կոնկրետ այս ավանդույթը վերջին տարիներին տարաձայնություններ է առաջացնում:
Հրավառությունը վնասակար է շրջակա միջավայրի համար, անհանգստություն է պատճառում կենդանիներին և որոշ հիվանդություններ ունեցող մարդկանց, ինչպես նաև վտանգավոր է առողջության համար, օրինակ միայն Միացյալ Նահանգներում տարեկան հազարավոր վնասվածքներ են արձանագրվում դրանց կիրառման պատճառով: Այնուամենայնիվ,
ԱՄՆ-ում պիրոտեխնիկայի վաճառքի շուկան նույնիսկ վերելք է ապրում, քանի որ հրավառության ամերիկյան արդյունաբերությունը հայտնել է, որ 2024 թվականին սպառողների կողմից հրավառության վաճառքից ստացված եկամուտը կազմել է 2.2 միլիարդ դոլար, իսկ պրոֆեսիոնալ հրավառության ծախսերը՝ լրացուցիչ 600 միլիոն դոլար:
Statista-ի Consumer Insights հարցման տվյալները ցույց են տալիս հարցվածների այն մասնաբաժինը, ովքեր գտնում են, որ հրավառությունն ու ճայթուկները Նոր տարվա տոնակատարության անբաժանելի մասն են կազմում: Հարցմանը մասնակցած բոլոր հինգ երկրներում (Գերմանիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Մեքսիկա) հարցվածների փոքրամասնությունն է այդպես ասել: Գերմանացիներն ամենաշատն էին կարծում, որ հրավառությունը «պարտադիր» է դեկտեմբերի 31-ի համար, հարցվածների 29 տոկոսն էր ընտրել այս տարբերակը, մինչդեռ Ֆրանսիայում այս ավանդույթը շատ ավելի քիչ տարածված է, այնտեղ հարցվածների միայն 12 տոկոսն էր նույն կարծիքը հայտնել, բրիտանացիների 22 տոկոսն է այդպես կարծում, մեքսիկացիների 19 տոկոսը:
Նոր տարվա տոնակատարության կարևոր, անբաժանելի տարրերի վերաբերյալ հարցին, բացի հրավառությունից, ավելի տարածված պատասխաններից են եղել «ընկերներին և ընտանիքին շնորհավորել Նոր տարվա կապակցությամբ» և «շամպայնով բաժակաճառ ասելը»։ Ֆրանսիացիներն ու գերմանացիները խմբի ամենառոմանտիկներն են եղել՝ համապատասխանաբար 45 և 37 տոկոսը «կեսգիշերին համբույրը» որպես տոնակատարության կարևոր մաս ընտրելով, ի տարբերություն ԱՄՆ-ի 32 տոկոսի, Մեծ Բրիտանիայի 26 տոկոսի և Մեքսիկայի 14 տոկոսի համեմատ։
ԱՄՆ-ում կատարված ուսումնասիրությունը հետաքրքիր վերլուծություն է կատարել՝ հասկանալու համար, թե որ սերունդի ներկայացուցիչները ինչ են կարծում հրավառություններն արգելելու վերաբերյալ: Ըստ արդյունքների՝ միլենիալները ամենաշատն են կողմ մասնավոր հրավառությունների արգելքին. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին Statista-ի կողմից հարցված միլենիալների 41 տոկոսը նշել է, որ կարծում է, որ դրանք պետք է արգելվեն, ի տարբերություն մյուս սերունդների հարցվածների 30-32 տոկոսի ( Z սերունդ, G սերունդ և բեյբի բումերներ): Հարցմանը մասնակցած 1046 ամերիկացի մեծահասակներից 52 տոկոսը նշել է, որ կողմ չէ մասնավոր հրավառությունների արգելքին:
Իսկ որտեղի՞ց այսքան հրավառություն: Հաշվի առնելով երկրի՝ որպես գրեթե ամեն ինչի առաջատար արտահանողի կարգավիճակը, չպետք է մեծ զարմանք պատճառի այն փաստը, որ հրավառությունների մեծ մասն արտադրվում է Չինաստանում: Ավելացրեք դրան այն, որ հրավառությունների և վառոդի գյուտը պատկանում են Չինաստանին, և պատասխանն ավելի ակնհայտ է դառնում:
ՄԱԿ-ի առևտրի տվյալների համաձայն՝ Չինաստանին է պատկանում համաշխարհային հրավառության արտահանման մեծ մասը, որը տոնակատարություններ է կազմակերպում Սիդնեյից մինչև Սան Ֆրանցիսկո։ 2023 թվականին Չինաստանից արտահանվել է ավելի քան 360.000 մետրիկ տոննա հրավառություն՝ մոտ 1 միլիարդ դոլար արժողությամբ, ինչը նշանակում է, որ երկիրը արտասահման է ուղարկել մոտավորապես նույն քանակությամբ հրավառություն, որքան հաջորդ հինգ խոշորագույն արտահանողները միասին։ Դրանց թվում են Նիդեռլանդները, Գերմանիան, Չեխիան, Լեհաստանը և Կամբոջան, որոնք 2023 թվականին միասին արտահանել են մոտ 37.000 մետրիկ տոննա։
Հրավառության ամենամեծ ներմուծողը, անկասկած, Միացյալ Նահանգներն է։ Երկիրը 2023 թվականին ներմուծել է ավելի քան 120.000 մետրիկ տոննա հրավառություն, որի 98 տոկոսը՝ Չինաստանից։
Թեև Չինաստանը համարվում է հրատեխնիկայի (պիրոտեխնիկա) հայրենիքը և ապահովում է ԱՄՆ ներկրվող արտադրանքի 98%-ը, սակայն այնտեղ ճայթուցիկներն ու հրավառությունները արգելված են բազմաթիվ նահանգներում։ Նման որոշման գլխավոր պատճառներն էին հրավառությունների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ օդի աղտոտվածություն, հրդեհներ, պայթյուններ։ Արդեն 1980-ականների վերջերին երկրի խոշոր քաղաքներում տարեցտարի ավելանում էին հրավառության և ճայթուցիկների գործարկման հետևանքով պատճառված գույքային վնասի և մարմնական վնասվածքների դեպքերը։ 1987 և 1993 թվականներին Պեկինը սկսեց կիրառել կանոնակարգեր և անվտանգային սահմանափակումներ՝ հրավառության և ճայթուկների վերաբերյալ: Այդ ժամանակից ի վեր արգելքների ալիքը տարածվեց 282 քաղաքներում: Գործող սահմանափակումները սկսեցին դրական ազդեցություն ունենալ․ եթե 2003-ին ճայթուցիկների արտադրության ոլորտում գրանցվել էր 400 դժբախտ պատահար՝ մահվան 450 ելքով, ապա 2014-ին պատահարների թիվն արդեն 23 էր՝ 50 մահվան ելքով։
Հայաստանում հրատեխնիկայի օգտագործումը կանոնակարգվում է ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 8-ի N 680-Ն որոշմամբ՝ «ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐԸ, ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ»:
Չնայած որոշման առկայությանը՝ տոնական օրերին կիրառվող հրատեխնիկայից, ճայթուկներից մարդիկ դեռևս շարունակում են տարբեր աստիճանի վնասվածքներ ստանալ, դրանց ոչ ճիշտ օգտագործման, անվտանգության կանոնները չպահպանելու կամ չլիցենզավորված ապրանքատեսակների կիրառման հետևանքով»:

Աղբյուրը`   Արմեն Մուրադյան