Շաբաթ, 14 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Այս հայտարարությունը մտնում է ժողովրդավարական գործընթացի արժեզրկման դաշտ». Սուրեն Սուրենյանց

«Այս հայտարարությունը մտնում է ժողովրդավարական գործընթացի արժեզրկման դաշտ». Սուրեն Սուրենյանց
111
Երեկ, 22:42

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընտրությունների «ճիշտ պատկերը»՝ վերևից
«Այս ընտրությունների արդյունքում բոլոր նախկին իշխանությունները և բոլոր օլիգարխները վերջնականապես և անվերադարձ դուրս են շպտրվելու քաղաքական դաշտից»․ այս հայտարարությունը հնչեցրել է ոչ թե ընդդիմադիր քաղաքական գործիչ, այլ գործող վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը։ Եվ հենց այս հանգամանքն է այն դարձնում ոչ թե քաղաքական գնահատական, այլ ինստիտուցիոնալ խնդիր։
Ժողովրդավարական ընտրությունների էությունն անկանխատեսելիության, անորոշության մեջ է․ արդյունքը պետք է որոշվի քաղաքացիների ազատ կամարտահայտությամբ, ոչ թե իշխանության կողմից հնչեցված վերջնական կանխատեսումներով։ Երբ երկրի վարչապետը հրապարակավ հայտարարում է, որ ընտրություններից հետո քաղաքական դաշտից «վերջնականապես և անվերադարձ» դուրս են մղվելու որոշակի խմբեր, այդ խոսքը դադարում է լինել կարծիք։ Այն վերածվում է ուղերձի՝ իր հասցեատերերով ու ենթատեքստով։ Սա կարող է ընկալվել որպես ազդանշան վարչական ռեսուրսին, իրավապահներին, ընտրական հանձնաժողովներին։
Հատկանշական է, որ այս պնդումը չի հիմնավորվում որևէ սոցիոլոգիական տվյալով։ Չկան հղումներ հանրային կարծիքի ուսումնասիրությունների, ընտրական վարքագծի վերլուծության կամ քաղաքական ուժերի վարկանիշների վերաբերյալ որևէ աղբյուրի։ Փաստարկների այս բացակայությունը խոսքը տեղափոխում է փաստերի դաշտից դեպի կամայականության հարթություն՝ այն ներկայացնելով ոչ թե որպես հավանական սցենար, այլ որպես իշխանության նախընտրելի արդյունք։
Վարչապետի խոսքն ընկալվում է որպես ազդակ պետական ապարատին և վարչական համակարգի տարբեր օղակներին՝ ակնկալիք ձևավորելով այն մասին, թե ինչ «պատկեր» պետք է արձանագրվի ընտրությունների ավարտին։ Այս համատեքստում ընտրությունների «հաճելի պատկերի» գաղափարը ձեռք է բերում գործնական նշանակություն։
Խնդիրը նախկին իշխանությունների կամ օլիգարխների քաղաքական ապագան չէ։ Ժողովրդավարության տեսանկյունից վտանգավորն այն է, որ գործող իշխանության ղեկավարը նախապես ձևակերպում է քաղաքական դաշտի «մաքրման» արդյունքը՝ փաստացի երկրորդական դարձնելով ընտրողի որոշումը։ Սա հակասում է ազատ մրցակցության սկզբունքին և ստեղծում է նախապես գծագրված սցենարի տպավորություն։
Արդյունքում առաջանում է հիմնարար հարց․ եթե ընտրությունների արդյունքը հրապարակավ ներկայացվում է որպես կանխորոշված, ապա ի՞նչ դեր է մնում ընտրողին։ Քվեարկությունը դառնում է իրական քաղաքական ընտրությո՞ւն, թե՞ արդեն սահմանված քաղաքական պատկերի ձևական հաստատում։
Այս հայտարարությունը մտնում է ժողովրդավարական գործընթացի արժեզրկման դաշտ։ Այն պահից, երբ իշխանությունը խոսում է այնպես, կարծես արդյունքն արդեն որոշված է, ընտրությունները դադարում են լինել մրցակցային և սկսում են ընկալվել որպես վարչական ռեսուրով ու ռեպրեսիաներով կառավարվող գործընթաց։
Եվ հենց այս կետում է, որ քաղաքական ինքնավստահությունը վերածվում է ավտորիտարիզմի անթաքույց դրսևորման»: