««Ավտորիտար» վարչապետն արգելում է աշխարհի հնագույն քրիստոնյա ազգի հոգևոր առաջնորդի տեղաշարժը»․ Ռոբերտ Ամստերդամ
84
Այսօր, 20:00
Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հայտարարությամբ․ ««Ավտորիտար» վարչապետն արգելում է աշխարհի հնագույն քրիստոնյա ազգի հոգևոր առաջնորդի տեղաշարժը։ Քայլը հաջորդում է տնային կալանքում գտնվող Եկեղեցու ամենահեղինակավոր բարերարի՝ վարչապետի դեմ ընտրություններին մասնակցելու հայտարարությանը Հայաստանում քրիստոնյաների հալածանքների նկատմամբ Արևմուտքի լռությունը որակվել է «ամոթալի» Աշխարհի հնագույն քրիստոնյա պետության եկեղեցու առաջնորդին մեղադրանք է առաջադրվել և արգելվել է լքել երկիրը: Հայ Առաքելական Եկեղեցու Կաթողիկոս Գարեգին Բ-ին մեղադրանք է առաջադրվել դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, ինչի հետևանքով նրան թույլ չեն տվել մասնակցել այս շաբաթ Ավստրիայում կայանալիք Եկեղեցական ներկայացուցչական կարևոր ժողովին: Սա հաջորդում է Եկեղեցու՝ հերթական Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանից դուրս անցկացնելու որոշմանը՝ պայմանավորված կառավարության միջամտության վերաբերյալ աճող մտահոգություններով: «Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները» քննարկելու նպատակով հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը հետաձգվել էր «հոգևորականության նկատմամբ ճնշումների և Հայաստանի ներքաղաքական խնդիրների պատճառով»: Եկեղեցական մեծ խորհուրդը Հայաստանից դուրս անցկացնելու որոշումը բեկումնային քայլ է և արտացոլում է երկրում կրոնական ազատությունների վատթարացող վիճակը: Հանդիպումը կկայանա Վիեննայի մոտակայքում գտնվող Սանկտ Պյոլտեն քաղաքում, քանի որ եպիսկոպոսները մտավախություն ունեն, որ Հայաստանում միջոցառման անցկացման դեպքում կբախվեն ձերբակալությունների և քաղաքական միջամտության: Հարուցված քրեական գործի պատճառով Կաթողիկոսն այժմ ստիպված կլինի մասնակցել Zoom-ի միջոցով: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամիսներ շարունակ հրապարակավ վարկաբեկել և հարձակումներ է գործել Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ: Հայաստանի իշխանությունները ձերբակալում են հոգևորականներին և եկեղեցու ազդեցիկ աջակիցներին, ինչպես նաև բռնագրավում գույքը: Հայաստանի բազմաթիվ եպիսկոպոսներ ձերբակալվել են ուժայինների կողմից: Փաշինյանը նաև հայտարարել է, որ մտադիր է վերահսկողություն հաստատել Հայաստանի խոշորագույն կրոնական կազմակերպության նկատմամբ, ինչը խախտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 17-րդ հոդվածը: Իր հայտարարության մեջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը կստանձնի Հայ Առաքելական Եկեղեցու կառավարումը և այն կփոխարինի «իրական, մաքուր և պետականակենտրոն եկեղեցով», որին թույլ չի տրվի հակադրվել պետական շահին: Եկեղեցու ամենաազդեցիկ աջակիցը՝ բարերար Սամվել Կարապետյանը, կալանավորվել է Եկեղեցու անկախությանն աջակցելու պատճառով: Սակայն դա չի խանգարել պարոն Կարապետյանին հայտարարել իր որոշման մասին՝ հաջորդ ընտրություններում Փաշինյանի դեմ վարչապետի պաշտոնի համար պայքարելու վերաբերյալ: Արհեստական բանականության նորարարական կիրառմամբ փոխանցված իր ուղերձում պարոն Կարապետյանն ասել է. «Ինձ ձերբակալելով և կալանքի տակ պահելով՝ մի փոքրիկ խմբակ կարծում էր, թե կարող է լռեցնել և մեկուսացնել ոչ միայն ինձ, այլև Հայաստանի ձայնը, մեր ժողովրդի ձայնը, մեր քաղաքացիների ձայնը՝ ձեր բոլորի ձայնը»: «Amsterdam & Partners LLP» իրավաբանական ընկերության հիմնադիր և կառավարող գործընկեր Ռոբերտ Ամստերդամը, ով ներկայացնում է պարոն Կարապետյանի շահերը, նշել է. «Փաշինյանը նորովի է սահմանում «ավտորիտարիզմ» եզրույթը՝ փորձելով փոխել հայաստանյան և եվրոպական օրենքները՝ սեփական պարանոյիկ խոցելիությանը հարմարեցնելու համար: Նա փորձում է հարվածի տակ դնել Հայ Առաքելական Եկեղեցու լեգիտիմությունը: Առաքելական եկեղեցին հիմնված է առաջնորդության վրա, որը ձևավորում է շարունակական մի շղթա՝ սկսած վաղ քրիստոնեական առաքյալներից»: Միայն բոլշևիկներն են դրսևորել նման վարքագիծ։ Եվրոպայի և Արևմուտքի լռությունն ամոթալի է, իսկ այն փաստը, որ Հայաստանում կան քրիստոնյա բանտարկյալներ՝ ի հավելումն Բաքվում գտնվողների, խայտառակություն է և բիծ այս հրաշալի երկրի համար։ Հիմա այն պահն է, երբ Արևմուտքը և հայ ժողովուրդը պետք է պաշտպանեն դավանանքի և խղճի ազատության արժեքները։ «Ամստերդամ ընդ Փարթներս»-ը (Amsterdam & Partners LLP) միջազգային իրավաբանական ընկերություն է, որը մասնագիտացած է քաղաքական շահերի պաշտպանության և մարդու իրավունքների ոլորտներում։ Ընկերության գրասենյակները գտնվում են Լոնդոնում և Վաշինգտոնում։