Ուրբաթ, 20 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Արձանագրությունը կա. դատախազը պետք է մեղադրանք առաջադրի Արթուր Հովհաննիսյանին. «Ժողովուրդ»

Արձանագրությունը կա. դատախազը պետք է մեղադրանք առաջադրի Արթուր Հովհաննիսյանին. «Ժողովուրդ»
90
Այսօր, 09:00

«Ժողովուրդ»-ը գրում է. «Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը տեղեկացրել է, որ իր ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չկատարելու հիմքով, դրական զարգացում է ստացել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պետք է հայտնվի մեղադրյալի աթոռին։
Էդգար Ղազարյանի տեղեկացմամբ՝ ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի բաժնի քննիչներից մեկը կազմել է արձանագրություն՝ դատավճիռը չկատարելու առիթով քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ, ինչը նշանակում է, որ գործում միակ դերակատար Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ անխուսափելիորեն պետք է մեղադրանք առաջադրվի։ Էդգար Ղազարյանը նաև երեք միջնորդություն է ներկայացրել քննիչին, քանի որ Արթուր Հովհաննիսյանը, լինելով պաշտոնատար անձ, այդ դիրքն օգտագործելով է հրաժարվել կատարել վճիռը, ինչը ծանրացնում է պատիժը։
Ի՞նչ է տեղի ունեցել
Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլի 4-ին Ազգային ժողովի Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստում Արթուր Հովհաննիսյանը հրապարակային հայտարարությամբ սպառնացել էր կտրել ընդդիմադիր թեկնածու Էդգար Ղազարյանի լեզուն և ականջները։ Դեպքը լայն արձագանք էր ստացել թե՛ քաղաքական, թե՛ իրավապաշտպան շրջանակներում։

Դատարանը հետագայում այդ հայտարարությունների համար Հովհաննիսյանին պարտավորեցրել է վճարել 1 մլն 250 հազար դրամ փոխհատուցում՝ հօգուտ Ղազարյանի։ Գումարը վճարվել է, սակայն, ինչպես «Ժողովուրդ»-ին հայտնել է Ղազարյանը, Հովհաննիսյանը հրաժարվում է հրապարակային ներողություն խնդրել՝ չկատարելով վճռի ոչ նյութական մասը։

Նոր զարգացում․ քննիչը արձանագրություն է կազմել

Ղազարյանի հաղորդման հիման վրա դատախազությունը նյութերն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե։ Նրա փոխանցմամբ՝ Շենգավիթի քննչական բաժնում քննիչը կազմել է արձանագրություն՝ դատարանի վճիռը չկատարելու առիթով քրեական վարույթ նախաձեռնելու մասին։

Սա գործընթացի էական փուլ է․ արձանագրության կազմումը նշանակում է, որ իրավապահ մարմինները տեսնում են քրեական գնահատականի հիմք և անցնում իրավական ընթացակարգի հաջորդ փուլին։
Ի՞նչ ընթացակարգ է սպասվում

Քանի որ գործով միակ դերակատարը գործող պատգամավոր է, քրեական հետապնդում սկսելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի համաձայնությունը։ Այսինքն՝ քննչական մարմինը պետք է դիմի դատախազին, որպեսզի նա միջնորդություն ներկայացնի ԱԺ-ին՝ պատգամավորի նկատմամբ մեղադրանք առաջադրելու թույլտվություն ստանալու համար։

Հենց այս փուլում է հարցը ստանում նաև քաղաքական հնչեղություն․ արդյոք խորհրդարանական մեծամասնությունը կտա՞ համաձայնություն սեփական խմբակցության քարտուղարի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար։
Ընտրովի մոտեցում

Էդգար Ղազարյանը մեզ հետ զրույցում հիշեցրել է, որ դատարանի վճռի կատարմանը խոչընդոտելու հիմքով քրեական հետապնդումներ են իրականացվել նաև հոգևորականների նկատմամբ, ընդհուպ՝ Գարեգին Բ-ի գործով նախաձեռնված գործընթացների շրջանակում։ Նրա գնահատմամբ՝ օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, և նույն մոտեցումը պետք է կիրառվի նաև պատգամավորի դեպքում»։