Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Ես բարձունքը գրավելու եմ առանց զոհի». ինչպես «Սիսական» ջոկատը գրավեց անմատչելի թվացող Նարեշտարը

«Ես բարձունքը գրավելու եմ առանց զոհի». ինչպես «Սիսական» ջոկատը գրավեց անմատչելի թվացող Նարեշտարը
207
Չորեքշաբթի, 01 ապրիլի, 2026 թ., 00:30

«Սիսական ջոկատ»-ի ֆեյսբուքյան էջը գրում է. «Ես բարձունքը գրավելու եմ առանց զոհի, ես մի զոհի գնով ողջ Քելբաջարը չեմ վերցնի:
Աշոտ Մինասյան
Այսպես ընկավ անմատչելի թվացող Նարեշտար բարձունքը և բացվեց ճանապարհ դեպի Քարվաճառ։
Եվ ելավ հայը սրտում պահած մեծ հին մուրազ՝ ազատ և միացյալ տեսնել հայրենիքը, զինվեց հայը զենքով, բահով, հանուն պատվի, մեջքը ուղղեց, հայացքն ուղղեց, զինվեց հայը, գնաց մարտի, գնաց հաղթի, որ էլ չամաչի, չփախցնի հայացքն իր ժառանգներից: Հնչեց մարտաշեփոր՝ «Սիսական ջոկատ»-ը զինվեց և դուրս եկավ, արշավեց դեպի Արցախ, մոտեցավ Վանք գյուղին և պատրաստվեց Քարավաճառի ազատագրման մարտին:
Հետախույզների շնորհիվ բացահայտվեցին հակառակորդի խրամատները, դիտակետները և կրակակետերը:
Նախապատրաստության վերջին օրը Ասկոլկա Մանվելի խմբի հետ հետախուզությունը ղեկավարեց անձամբ Աշոտ Մինասյանը:
Մարտի 26-ին Արցախի Ինքնապաշտպանական ուժերի շտաբում տեղի ունեցած խորհրդացկության ժամանակ Աշոտ Մինասյանին առաջարկվեց օգնական ուժեր՝ ելնելով մարտական խնդրի բարդությունից, որին նա պատասխանեց.
-Ես իմ ուժերով եմ մտնելու, մի խառնվեք, ես իմ գործը կանեմ:
Սիսական գումարտակի և Գանձասարի թևի ընդհանուր ուժերի գործողությունների կոորդինացումն իրականացնում էր Մարտակերտի ՊՇ հրամանատար Նորայր Դանիելյանը, որի տեղակալն էր 30-ամյա Աշոտը:
Հարձակման նախորդող օրերին Վանք գյուղում հավաքվել էին Մարտակերտի ընդհանուր հրամանատարությունը ներկայացնող սպաները, Վանքի հրամանատար Յուրան և Սիսիանի հրամանատարական կազմը: Վանքի Արայիկը դիմելով Աշոտին, ասաց.
-Անկարելի է Նարեշտարի ժայռոտ ամրացված բարձրունքը գրավել: Երևանի տղաներն էլ փորձեցին, սակայն վեց զոհ տալով նահանջեցին: Նրանք Նարեշտար գյուղը կթողեն, բայց բարձրունքից անհնար է նրանց իջեցնել: Աշոտ, զոհեր ես տալու: Արի ուրիշ բան մտածիր:
Աշոտը պատասխանեց.
-Ես բարձունքը գրավելու եմ առանց զոհի, ես մի զոհի գնով ողջ Քելբաջարը չեմ վերցնի:
1993թ. մարտի 27-ին Մարտակերտ- Քելբաջար ճանապարհի ուղղությամբ Գետավանի թևում Մոնթե Մելքոնյանի հարձակումը անհաջողության մատնվեց. խփվեց մեկ տանկ և զոհվեց հինգ մարտիկ: Սամվել Բաբայանն անձամբ կապվեց Աշոտի հետ, որպեսզի սիսիանցիները գրավեն իրենց առջևի բարձրունքները և ոչնչացնեն թշնամուն:
Երեկոյան Աշոտը կազմեց օպերացիայի պլանը հետևյալ մարտակարգով՝ ձախ թևում Ֆիլիպոսյան Ռոբերտի խումբն էր, կենտրոնում Ասկոլկա Մանվելի խումբն էր, աջից Աշոտ Երկաթի խումբը գործողությանը մասնակցում էին սահմանապահ վաշտի մի քանի մարտիկներ և երկրապահի մի շարք մարտիկներ:
Սիսիանի գումարտակի հարվածի ուղղությունն էր Նարեշտար-Աղջիքենդ-Ասլիկ-Զուլֆիգարլի: Հրաչ Կարապետյանը ռեզերվային ուժերով պետք է մնար թիկունքում և կապի մեջ լիներ Աշոտի հետ: Մարտի 30-ին ժամը 00:10 րոպեին լուռ, առանց կրակոցի ու խոսելու զորասյունները շարժվեցին առաջ:
Զենքով-զինամթերքով բեռնված տղաները մագլցում էին ժայռերը՝ կախվելով քարերից ու թփերից: Առավոտյան ժամը 06:00-ին Սիսիանի տղաները գրավեցին հակառակորդի խրամատները: Շարքից հանվեց ԴՇԿ պոստը, դրանից հետո գրավեցին բոլոր դիրքերը: Հինգ րոպե անց հակառակորդը փորձեց ետ գրավել սակայն չհաջողեց: Նարեշտարից երևում էին բոլոր դիրքերը ու ճանապարհները: Սիսական քաջերը գրավեցին անմատչելի թվացող Նարեշտար գյուղը և բարձրունքը, որի գրավելու համար հայկական մյուս ջոկատները տվել էին բազում զոհեր: Նույն պահին անցավ հարձակման Մոնթեի թևը, որ մտավ Չարեքտար:
Տասներկու ժամ տևած մարտերից հետո Սիսիանի մարտիկներն ամբողջությամբ մաքրեցին տարածքը թուրքերից և գրավեցին մեծ քանակությամբ ռազմամթերք: Սիսիանցիներից աջ հարձակվում էին Մոնթեի խմբում գործող Սամվել Հովսեփյանի (Ադմիրալ Սամո) և Ագոյի (Խալաստոյ) խմբերը, որոնք, մաքրելով իրենց ճանապարհն, առաջանում էին դեպի մայրուղի:
Սամվել Հովսեփյանը (Ադմիրալ Սամո) այսպես է գնահատել Սիսիանի գումարտակը.
-Սիսիանի տղաները լուրջ գործ արեցին և վճռական բեկում մտցրեցին: Գրոհի ռազմաճակատի ճեղքման ելքը կանխորոշել ենք «Սիսիան»-ն ու մենք:
Հմայակ Պետրոսյանը (Երևանցի) և Գուրգեն Բաբայանը (Հսկա) ԱԳՍ-ը շալակած բարձրացրին այն և դիրքավորեցին մարտի համար, իսկ Աշոտ Խաչատրյանը (ԱԳՍ) ԱԳՍ-ի արկերը շալակած անցավ նույն ճանապարհը՝ հասնելով զենքին:
Շտաբում չէին հավատում այս հաջողությանը, սակայն երբ հաստատվեց՝ ամբողջ ճակատում ոգևորության ալիք բարձացավ: Նարեշտար գյուղը գրավելուց հետո մարտիկները հանդիպեցին երեք դիրքավորված ադրբեջանցիների որոնք գնդացրային կրակով կատաղի դիմադրեցին: Քանի որ նրանք վերևում էին, ուստի տիրապետում էին կրակային առավելության և մեր տղաներին չէր հաջողվում դուրս մղել դրանց: Ստեփանյան Սամվելը, Մինասյան Աղվանը, Պապյան Ջոնը, Միքայելյան Արտյոմը, Արմեն Կարապետյանը և Լիպարիտ փորձում էին առաջանալ, բայց չէր ստացվում: Տղաները կրակով օգնեցին, իսկ Աղվանը ողջ հասակով կանգնելով առաջ գնաց, կրակեց ադբեջանցուն, որին երկու ընկերները քարշ տալով տարան: Սիսիանի մարտիկները գրավեցին ևս երկու գյուղ: Լաչին- Քելբաջար ճանապարհին հարակից գյուղի բարձրունքին դիրքավորված թշնամին կատաղի դիմադրեց, Աշոտը, կապվելով տեղի հրետանու հետ, տվեց կորդինատները: Հրետանային կրակից հետո մարտիկները վերցրեցին նաև այդ դիրքերը, բայց չմտան գյուղ:
Այդ օրը մարտիկները անցել էին 40կմ ճանապարհ, կտրել անցել էին երկու գետ, այնքան էին հոգնել որ միանգամից քնեցին»:

Աղբյուրը`   «Սիսական ջոկատ»