Ուրբաթ, 03 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Այս հեռախոսազրույցին հարկ է նայել նաև Պուտին-Փաշինյան հանդիպման պրիզմայով». Հակոբ Բադալյան

«Այս հեռախոսազրույցին հարկ է նայել նաև Պուտին-Փաշինյան հանդիպման պրիզմայով». Հակոբ Բադալյան
101
Այսօր, 21:54

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Այսօր տեղի է ունեցել ՌԴ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը՝ թուրքական կողմի նախաձեռնությամբ: Ըստ հաղորդագրությունների, քննարկել են բնականաբար Իրանի շուրջ վիճակը, արձանագրել են, որ համընկնում են դիրքորոշումները այն հարցում, որ պետք է պատերազմի շուտափույթ դադար եւ դիվանագիտական գործընթաց՝ փոխզիջումների հիման վրա:

Սա իհարկե թերևս ընդհանուր արձանագրումն է, որովհետև մեծ հաշվով այս հարցում մոտեցումները իրականում այնքան էլ նույնական չեն: Համենայն դեպս, Ռուսաստանի համար իրավիճակն առայժմ թերևս ավելի շատ օգտակար է, քան հակառակը, թեև իհարկե շրջադարձի ռիսկեր պարունակում է: Թուրքիայի համար ռիսկն այն է, որ բավականին նկատելի են Անկարային պատերազմ ներքաշելու փորձերը: Այդ իմաստով, թուրքերն իհարկե կցանկանան, որ պատերազմը դադարի, թեև այստեղ էլ կունենան իրենց հաշվարկները:

Թուրքիայի և Ռուսաստանի համար առավել էական խնդիր է թերևս սևծովյան ավազանը, և ոչ միայն այն պատճառով, որ ուկրաինացիերը փորձում են թիրախավորել Հարավային հոսք գազատարը, որ Թուրքիային մատակարարում է ռուսական գազ և տարանցում նաև դեպի եվրոպական որոշ երկրներ: Սևծովյան ավազանը Թուրքիայի և ՌԴ համար զգայուն է մի շարք այլ առումներով, և այստեղ իհարկե նրանք քննարկելու ահագին բան կունենան:

Այդ ամենով հանդերձ, կարծում եմ այս հեռախոսազրույցին՝ հատկապես թուրքական կողմի նախաձեռնության պարագայում, հարկ է նայել նաև ապրիլի 1-ին Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպման պրիզմայով կամ «ելակետով»: Կարո՞ղ էին Էրդողանի մոտ առաջանալ հարցեր՝ Փաշինյանի հետ հանդիպման բացման խոսքում Պուտինի տրամադրվածության ու շեշտադրումների իմաստով: Ես կարծում եմ, որ կարող էին:

Ըստ իս, այդ թեման ամենևին երկրորդական չէր լինի նրանց հեռախոսազրույցի տողատակերում:

Էրդողանն իհարկե կարող էր «որսալ», որ Պուտինի խոսքը Փաշինյանի հետ հանդիպմանն աննախադեպ խիստ էր իր տողատակում, ու նախազգուշացնող: Հետևաբար, իհարկե, նրա մոտ առաջանալու էին հարցեր, թե արդյո՞ք Մոսկվան մտադիր է Հայաստանում առաջ գնալ այսպես ասած նախաձեռնողական տրամաբանությամբ, թե՞ պարզապես թույլ չտալ Հայաստանի իշխանության այսպես ասած «արխայինացում»:

Սա իհարկե ամբողջ դիապազոնը չէ, սակայն ընդհանուր առմամբ հարցն անշուշտ բազմիմաստ տրամադրությունն է, որ արտահայտվեց հանդիպման հրապարակային մասում, և առավել սրեց ոչ հրապարակային՝ ճաշի սեղանի շուրջ դեմ առ դեմ զրույցի վերաբերյալ ինտրիգը:

Իսկ Թուրքիան իր դիրքորոշումը արտահայտել է բաց, արտաքին գործերի նախարար Ֆիդանի հայտարարությամբ, դեռ շաբաթներ առաջ, որ շահագրգռված են Փաշինյանի քաղաքականության շարունակությամբ:

Հետևաբար այստեղ առաջանում է հնարավոր ինտրիգ Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումների միջև:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան