«Խաղաղությունն անիրականանալի է առանց արդարության և ճշմարտության սկզբունքի»․ Բագրատ Սրբազան
99
Այսօր, 21:06
«Սրբազան պայքար»-ի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծավալուն աշխատությունից, որը նա գրում է կալանավայրում։ Սրբազանը, հիշեցնենք, աշխատություն է պատրաստում խաղաղության, պատերազմի և նահատակության մասին։
«Դ. ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ՝
Խաղաղության երաշխիքը Խաղաղությունը թույլ է և անհնար, ըստ էության կյանքի չի կոչվի առանց ապահովության, երաշխավորի և երաշխավորության: Սուրբ Գրքի մտածողությամբ, խաղաղության բացարձակ երաշխավորը և պաշտպանը Աստված է. «... պաշտպանեա ապաւէն», ինչպես խնդրում է Սբ. Գրիգոր Նարեկացին: Այսուհանդերձ, երաշխավորված խաղաղությունը միանշանակորեն անիրականանալի է առանց արդարության և ճշմարտության սկզբունքի. «Տերն է իմ հովիվը և ինձ ոչինչ չի պակասելու... Ինձ առաջնորդեց Արդարության ճանապարհներով: Թեկուզ գնամ մահվան ստվերների միջով, չարից չպիտի վախենամ, քանզի Դու Տե'ր, ինձ հետ ես: Քո ցուպն ու գավազանը կմխիթարեն ինձ» (Սաղմ. 22:1-4): Ինչպես անդրադարձել եմ, Հիսուս որևէ անգամ չի հայտարարել, թե «Ես եմ խաղաղությունը», թեպետ Ինքն իսկ է խաղաղության Իշխանը և խաղաղություն տվողը, այլ խոսքով՝ խաղաղության երաշխավորը. «...Ինձանով խաղաղություն ունենաք» (Հովհ. 16:33): Քրիստոսի այս հայտարարությունը վկայում է, որ խաղաղությունը շատ հստակ հովանավորի և երաշխավորի կամ երաշխիքի կարիք ունի, որի առկայությունն ուղղակի հրամայական է: Ամբողջ սուրբգրային պատգամի միջով կարմիր թելի նման անցնում է վերջնական և ամբողջական խաղաղությունը պահպանելու համար երաշխավորի անհրաժեշտությունը՝ անձի և ժողովրդի թե' ներքին կյանքում, և թե' արտաքին հարաբերություններում. «Մի հեռացիր ինձանից, քանզի վտանգները մոտ են և չկա մեկը, որ օգնի ինձ... որովհետև Տիրոջն է արքայությունը» (Սաղմ. 21:12, 27:29): Այսինքն՝ եթե նույնիսկ հոգևոր դաշտում խաղաղության հաստատման համար երաշխավորի գոյությունը էական է և անհրաժեշտ, ապա ուրեմն որքան առավել ևս այն անխուսափելիորեն ճիշտ է հասարակական հարաբերություններում և կյանքում. «Ինձ չմատնեցիր նեղիչներիս ձեռքը և ամրացրիր ոտքերս խաղաղության մեջ» (Սաղմ. 30:9): Հարկ է վերստին շեշտել, որ Աստված երաշխավորն է արդար և ճշմարիտ խաղաղության, և բնականաբար, մերժում է «մեղքի խաղաղությունը»՝ ստի, կեղծիքի, վախի, միակողմանի պարտադրանքի և սպառնալիքի ներքո գոյացած. «Տե'ր, առաջնորդիր ինձ Քո արդարությամբ, որպեսզի իմ թշնամիները զղջան... նրանց բերաններում ճշմարտություն չկա» (Սաղմ. 5:9-10): Հետաքրքիր է, որ խաղաղության երաշխավորությունը՝ հոգևոր իմաստով պայմանավորված Աստծու որպես խաղաղության պաշտպան և երաշխավոր լինելու հանգամանքով, երաշխավորության, կամ որ նույնն է՝ մնայուն խաղաղության գաղափարը արտահայտվում է ողորմություն, փրկություն, օրհնություն, պաշտպանություն, ուրախություն, ճշմարտություն և արդարություն իմաստներով, որոնք լավագույնս բնութագրում են երաշխավորված կամ մնայուն խաղաղության էությունը և նկարագիրը. «Խաղաղություն, արդարություն և Աստվածպաշտության փառք... Աստծու փառքի համար ապահով ընթանա... ողորմությամբ և իր արդարությամբ հանդերձ» (Բարուք 5:4,7,9): Այս առումով նաև առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի խաղաղություն գոյություն չունի, ինչպես գեղեցկագույնս նկարագրում է Խոսրով Անձևացին բնության և կենցաղի օրինակով. «Թեև ճանապարհորդին օգուտ է ուղղորդող ընթացքը և այգիների քաջաբերությունը և կյանքի առողջությունը, բայց եթե պահապանները մոտ չլինեն, թերևս ավազակները կամ որևէ գազան ու սողուն վնասեն ճանապարհորդին՝ արթուն կամ հոգնությունից հանգստի ժամանակ: Եվ այգիներն արոտ անողներն ու անցորդները կարող են ապականել, իսկ կյանքին ախտաբեր կերակուրներն ու ըմպելիները կարող են վնասել կամ էլ եղանակի փոփոխությունները և անպատրաստ աշխատանքները, որ կարողությունից վեր է: Այս պատճառով սրանք բոլորը հմուտ և զորավոր պահապանի կարիքն ունեն, որի համար Աստծու հզոր Աջի պահպանությունն է խնդրում ամենքի վրա, որպեսզի ճանապարհորդն աներկյուղ ընթանա և անհոգ հանգստանա, այգիները ամենապահ ձեռքով պարսպված՝ ծաղկալից և արգավանդապտուղ լինեն, կյանքը, վնասակարներից պաշտպանված և օգտակարներով ծածկված, առավել առողջություն գտնի: Եվ քանի որ պահապանը ոչ միայն պահում է յուրայիններին, այլև ընկճում է նենգավորներին»: (Խոսպով եպիսկոպոս Անձևացի, 2022թ., էջ 91-92): Սրբազան Ավանդության և հոգևոր փորձառության բարձրագույն խորհուրդը և գագաթնակետը՝ Սուրբ Պատարագը ևս աղոթում է երաշխավորված խաղաղության մասին և համար՝ աղոթքով դիմելով Քրիստոսին ոչ թե որպես խաղաղություն, այլ որպես խաղաղություն հաստատող և ամրացնող կամ ապահովող պաշտպան. «Խաղաղութեամբ Քով, Քրիստոս Աստուած մեր, որ ի վեր է քան զամենայն միտս եւ զբանս ամրացո զմեզ և աներկիւղ պահեա յամենայն չարէ» (Սբ. Պատարագ): Շարունակելի... Բագրատ արք. Գալստանյան»։