Մինչև 14։30-ը Ականատես դիտորդական առաքելությունն արձանագրել է 126 խախտում

Մինչև 14։30-ը Ականատես դիտորդական առաքելությունն արձանագրել է 126 խախտում, որոնց մեծ մասը վերաբերում է տեղամասերից դուրս և ներսում մարդկանց կամ մեքենաների կուտակումներին, կողմնակի անձանց ներկայությանը, քարոզչության/հակաքարոզչության դեպքերին, ընտրողին օգնելու կարգի խախտումներին, տեխնիկական սարքերի խափանումներին և ընտրական գործընթացի կազմակերպման այլ խնդիրներին։
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է 50 էական խախտում։ Դրանց թվում են՝ ընտրողների ուղղորդման և վերահսկողության դեպքեր, դիտորդների իրավունքների խոչընդոտում, քվեարկության գաղտնիության միտումնավոր խախտումներ, քվեատուփի, չհրկիզվող պահարանի և քվեաթերթիկների անվտանգության հետ կապված խնդիրներ, քվեարկության սենյակների կահավորման արդյունքում գաղտնիության ապահովման ռիսկեր, ինչպես նաև քարոզչության և ընտրողին օգնելու կարգի խախտումներ։
Էական միջադեպերից՝
29/41 ընտրատեղամասին հարող տարածքում նկատվել է անձ, որը մի քանի անգամ իր մեքենայով ընտրողներ է տեղափոխել տեղամաս՝ ստեղծելով ընտրողների հնարավոր ուղղորդման և կազմակերպված տեղափոխման ռիսկ։ Դեպքի մասին ահազանգվել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։
38/26 ընտրատեղամասում «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձը ընտրողների՝ տեղամաս մուտք գործելու պահից ակտիվորեն ուղղորդել է նրանց մինչև քվեախցիկ՝ դրսևորելով անսովոր ակտիվություն և շփվելով կոնկրետ անձանց հետ։ Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը մերժել են դիտորդի պահանջը՝ խախտումը գրանցամատյանում արձանագրելու վերաբերյալ։ Իրավիճակը փոխվել է միայն վերադաս հանձնաժողովի միջամտությունից հետո: Նույն տեղամասում արձանագրվել է նաև դեպք, երբ քարտուղարը ամբողջությամբ դատարկել է չօգտագործված քվեաթերթիկների արկղը պարկի մեջ՝ չթողնելով գոնե մեկական օրինակ, ինչը ևս հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը հրաժարվել են արձանագրել:
35/57 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձանցից մեկը շուրջ 15 րոպե անընդմեջ գտնվել է տեղամասի մուտքին հարող տարածքում և ակտիվորեն շփվել տարբեր անձանց հետ: Նկատողություն ստանալուց հետո միայն վստահված անձը հեռացել է տարածքից։ Խախտման վերաբերյալ դիտորդի գնահատականն արձանագրվել է տեղամասային հանձնաժողովի գրանցամատյանում:
10/38 ընտրատեղամասում արձանագրվել է քվեարկության գաղտնիության միտումնավոր խախտման և նկարահանման մի քանի դեպք: Ընտրողներից մեկը քվեախցիկում գտնվելիս քվեաթերթիկները դրել է ետևում գտնվող պատուհանագոգին և նկարահանել դրանք, իսկ ավելի ուշ մեկ այլ ընտրող նույնպես գրպանից հանել է հեռախոսը և նկարահանել քվեաթերթիկը նախքան քվեարկելը։ Թեև հանձնաժողովի նախագահը տեղեկացվել է, և գրառում կատարվել է գրանցամատյանում, դեպքերի առնչությամբ ոստիկանություն չի հրավիրվել:
34/3 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքի վստահված անձն իր բջջային հեռախոսը պահել է քվեախցիկների ուղղությամբ՝ ստեղծելով քվեարկության ընթացքին վերահսկելու և կամարտահայտության գաղտնիությունը խախտելու ռիսկ։ Բացի այդ, քվեախցիկների մի մասը տեղադրված է եղել այնպես, որ ընտրողները քվեարկելիս դեմքով կանգնել են հանձնաժողովի անդամների ուղղությամբ։ Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է վերացնել խնդիրը և մերժել է խախտման մասին դիտորդի գնահատականն արձանագրել գրանցամատյանում:
8/7 ընտրատեղամասում ընտրողներն առանց քվեախցիկ մուտք գործելու կատարել են իրենց ընտրությունը՝ քվեաթերթիկները դնելով ծրարի մեջ դեռևս հերթում կանգնած ժամանակ, ինչով խախտվել է քվեարկության գաղտնիությունը։ Հանձնաժողովի նախագահը տեղեկացվել է խնդրի մասին և քայլեր է ձեռնարկել այն վերացնելու ուղղությամբ։ Դիտորդի պահանջով դեպքն արձանագրվել է գրանցամատյանում:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների ասուլիսը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
418:18
17։00-ի դրությամբ ձերբակալվել է 14 անձ
918:12
Ընտրություն է կատարել արդեն 21 օր հացադուլ հայտարարած Արթուր Օսիպյանը
3318:06
Արմեն Աշոտյանն ընտրեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում
2218:00
«Լիճքում ՔՊ-ականները դաժանաբար ծեծել են Նաիրի Հոխիկյանի եղբորը՝ Լևոնին». Սյուզի Բադոյան
4317:54
Մինչև 14։30-ը Ականատես դիտորդական առաքելությունն արձանագրել է 126 խախտում
3017:48
ՀՀ նախագահը ևս քվեարկել է (տեսանյութ)
3217:42
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
3517:36