«Ժողովրդին մի մեղադրեք, նա երեխա է». Անուշ Հակոբյան

Արվեստաբան Անուշ Հակոբյանը գրում է. «Ժողովրդին մի մեղադրեք:
Առաջինը՝ գոնե այս ընտրություններում նույն պատկերը չի եղել, ինչ նախորդ: Ժողովրդին մեղադրելով՝ մենք լեգիտիմացնում ենք խախտումները:
Երկրորդը. Ժողովրդի ուսերին մեծ պատասխանատվություն դնել պետք չէ, ժողովուրդը սնվում է նրանով, ինչ իրեն տալիս են, լավը տաս՝ լավը կվերցնի, վատը տաս՝ վատը: Երեխայի պես:
Եթե պատասխանատվություն ու բեռ կրող կա՝ դա մտավորականությունն է, որը միտք գեներացնող ու իրականացնող է. այդ մասին մի այլ առիթով կարտահայտվեմ:
Գալով ժողովրդի մի մասի (ՈՉ ԱՄԲՈՂՋ ԺՈՂՈՎՐԴԻ) անընկալելի պահվածքին, որը և աչք է զարնում, կիսվեմ իմ կարծիքով:
Ես հոգեբան չեմ, սոցիոլոգ չեմ, (ապագայում վստահ եմ, այս հարցը հոգեբանների, սոցիոլոգների և այլ ոլորտների մասնագետների գիտական լուրջ հետազոտությունների նյութ պետք է լինի), ես հիմա կիսվում եմ իմ տպավորությամբ, կարծիքով:
1. Ամենատարածվածը՝ վախը: Դա է նաև 50 + տարիքային սեգմենտի ֆենոմենի: Այդ մարդիկ խորհրդային սերունդն են, ովքեր մանկուց մեծացել են վախի ու հոգեբանական ճնշման մթնոլորտում: Սկսած կենցաղային հարցերից մինչև ազատ կամարտահայտման վախ: Ես հիշում եմ, 90-ական թթ. իմ ծնողների սերնդից շատերը անկախության պահանջի, կամ Արցախի հարցերի մասին վախենում էին խոսել, որովհետև «կարող է մեզ հետևում են, չբռնեն տանեն»: Հիշում եմ մեր ազգական կանանցից մեկի արտահայտությունը. «Կամաց խոսեք, կարող է լուսամուտի տակ կանգնեն լսեն մեզ, բռնեն»: Վախ ոստիկանից, վախ հիվանդանոցից, վախ դատարանից, վախ խանութի սպասարկողից (կարող է ջղայնացնես՝ վատ ապրանք տա կամ չտա), վախ անհայտից: Ներկա իշխանությունները դա շատ լավ գիտեն ու այս ընտրությունների ժամանակ մասնավորապես վախեցնում էին պատերազմով (մենք չլինենք՝ պատերազմ կլինի): Ի դեպ, սահմանամերձ շրջանների՝ ՔՊ-ին տրված ձայների ֆենոմենը դրանում է: Վախ պատերազմից, պատերազմ որ լինի՝ առաջինը իրենք են հարվածի տակ, իսկ եթե ՔՊ-ն չլինի՝ պատերազմ կլինի: Ու այդ վախից պատրաստ են ամեն տեսակի զիջման, ստորացման: Ընդ որում, նման դեպքում հիմնականում «միանում է» ինքնապաշտպանական մի գործիք-իրականության աղավաղված ընկալումը. մեզ չեն ստորացնում, խաբում և այլն, դա այլ բան է (այլ պատկեր է, նախկիններն են և այլն): Երկրորդ պատճառը՝ ատելությունը այսպես կոչված «նախկինների» հանդեպ: Մարդկանց ներշնչել են, որ իրենց բոլոր նեղությունների, անգամ անձնական խնդիրների պատճառը «նախկիններն են»:
Այստեղ գործում է «լայն մտածելու» և հոգևոր հասունության բացականությունը: Ի՞նչ նկատի ունեմ:
2018թ.-ին, այս տրամաբանությամբ, ես առաջիններից մեկը պետք է լինեի, ով կանգնած պետք է լիներ Հանրապետության հրապարակում: Ես աշխատել էի պետական համակարգում, այնքա՛ն անարդարության էի հանդիպել, այնքա՛ն երևույթներ էի տեսել, ինչի հետ համաձայն չէի, որ առաջին միտինգավորներից մեկը պետք է լինեի, քանի որ պետք է գտած լինեի իմ՝ ինձ նեղացնողներից վրեժ լուծելու եղանակը: Բայց ես ոչ մի օր, ոչ մի ժամ այնտեղ չեմ եղել. ինչո՞ւ: Որովհետև դեռ այն ժամանակ, չնայած վիրավորանքիս, որպես մասնագետ թերագնահատված զգալուս, ես կարողացա տարանջատել համընդհանուր շահը և իմ անձնական ապրումները, ընկալումը հանրայինից կարևոր չհամարեցի: Ես հասկացա, որ նոր եկող ուժերին չի կարելի վստահել, ու չմասնակցեցի «հեղափոխությանը», ինչ համար մի առանձին քարկոծում էլ այն ժամանակ ստացա:
«Նիկոլականների» երկրորդ ամենատարածված շարժիչ ուժը ատելությունն է «նախկինների» հանդեպ: Այնքան ուժգին, որ պատրաստ են համակերպվելու թուրքի ներկայությանը, պատրաստ են զոհաբերելու Արարատը, համակերպ են Հայոց Մեծ ցեղասպանության ուրացմանը, միայն թե նախկինները հետ չգան: Ես նիկոլական գիտեմ, ում տանը Ասալայի անդամների անունները տախտակին փորագրված, շրջանակված պատին կախված են, ես նիկոլական գիտեմ, ով ցեղասպանություն վերապրածի սերունդ է, և ում համար «թուրք» բառը վիրավորանք է, բայց երբ այս մասին հարց ես տալիս՝ պատասխանը մեկն է. «բա նախկինները հետ գա՞ն»:
Այստեղ, ինչպես նշեցի, երկու գործոն է աշխատում. գիտելիքի ու անալիզ անելու, «վատը լավից տարբերելու» ունակության բացակայությունը և հոգևոր հասունության բացակայությունը. մարդը չի կարողանում վեր կանգնել իր մեջ արմատացած «обида»-ներից, ու և՛ իր անձնական ապրումները վեր է դասում ազգային շահից, և՛ արտաքին մեղավորներ է փնտրում իր անձնական խնդիրների հարցում: Սրանից ելնելով գումարվում են նաև լրացուցիչ գործոններ-նախանձը ուրիշի ունեցվածքի, գրագիտության, կարողությունների հանդեպ:
«Նիկոլական» ֆենոմենի՝ ինձ համար ամենակարևոր պատճառը. տգիտությունը: Հոգևոր ու ինտելեկտուալ տգիտությունը, ազգային արժեքների չիմացությունը:
Կարճ՝ մարդիկ իրենց որակները չգիտեն, իրենց ազգային արժեքները չգիտեն, չեն գնահատում ունեցածը, այստեղ գործում է «էժան պոմիդորի» բանաձևը, մարդիկ ինչ-որ մեծ, իրենց համար անընկալելի բան հանգիստ պատրաստ են փոխելու շատ շոշափելի «էժան պոմիդորով»:
Այստեղ դեր է խաղում պետականության զգացողության բացակայությունը, (օրինակ՝ գողությունը հասկանում են, որ վատ բան է, բայց խորհրդային շրջանում հանգիստ գողացել են գործարաններից, պետությունից, որովհետև այն ինչ պետությանն է, ոչ ոքինն է), դեր է խաղում անալիզ անելու կարողության բացականությունը՝ մարդիկ շատ հեշտ ենթարկվում են ուղեղի լվացմանը և մանիպուլյացիային, բայց ամենակարևորը՝ (գոնե ինձ համար) կրթության բացակայությունն է: Շատ կարևոր մի հանգամանք՝ անհատի պաշտամունքի հակվածությունը ևս սրա արտահայտումներից մեկն է: (Փրկիչ գտնելը ու նրանից կառչելը. ով, այսպես կոչված, փրկիչի հետ է՝ լավն է, ով փրկիչին դեմ՝ թշնամի է):
Արցախյան գոյամարտի հաղթանակից հետո պետական մակարդակով, հատուկ ուշադրության պետք է հատկացվեր կրթության, հատկապես մշակութային կրթության հարցերին: Մշակույթն ընդգծում եմ ոչ թե նրա համար, որ իմ դաշտն է, այլ նրա, որ ազգային մշակույթը, ազգի գործողությունների, որակների արտացոլումը լինելով, իր մեջ պարունակում է ազգային բոլոր հատկանիշները և բոլոր հարցերի պատասխանները:
Մշակութային ներքին և արտաքին քաղաքականությունը պետք է լիներ անվտանգության չափ կարևոր, այնինչ դա չի արվել, առ այսօր դպրոցներում հայ մշակույթի պատմության առարկա չկա և այլն:
Արդյունքում ունենք հասարակության մի հատված, որի համար ոչ ազգն է արժեք, ոչ հայրենիքը, ոչ պատմական հիշողություն կա, ոչ ազգային որակների իմացություն ու գնահատում: Արժեք է «պոմիդորը», + նախորդ երկու մասերում նկարագրած վիճակը:
Ելնելով նկարագրածիցս եմ եկել այն համոզման, որ այդ մարդիկ իրականում ոչ թե մեղավորներ են, այլ զոհ, ինչքան էլ անտանելի լինի մեզ համար տեսնել այն, ինչ ասում ու անում են:
Լուծումը տարիների աշխատանք է պահանջում. այնքան, ինչքան բաց է թողնվել: Պետական մակարդակով աշխատանք, հանրային գիտակցության մակարդակը բարձրացնելուն ուղղված աշխատանք, որը իհարկե մի օրվա գործ չէ, ընդ որում՝ պետական քաղաքականության մակարդակի աշխատանք է:
Քանի դեռ չունենք որպես պետական քաղաքականություն հանրային մշակութային կրթության իրականացում, պետք է ինքնակրթվենք ու հնարավորիս տարածենք մեր իմացածը: Այստեղ շատ մեծ է մտավորականության դերը, մի օր առանձին այս հարցին կանդրադառնամ:
Եվ ամենակարևորը՝ ժողովրդի վարկաբեկման ճանապարհով չգնանք, քանի որ դա, կրկնում եմ, նախ՝ լեգիտիմացնում է խախտումներով ընտրությունները, մեզ գցում է մեր աչքից ու բերում է հուսահատության, պառակտում է մտցնում հասարակության մեջ ու ջուր լցնում այս բոլորից շահ ունեցող ուժին, որը խաղում է հենց այս թերությունների վրա: Ու ամենակարևորը-ժողովուրդը նշածս մարդիկ չեն միայն, ժողովուրդը բազմաշերտ է, բազմատարր, ու «նիկոլական» ախտով տառապող զոհերը, իմ ընկալմամբ, մեր հարության կեսից էլ քիչ մասն են կազմում»:

«Կիրանցում ապրում է մոտ 260 չափահաս մարդ, ընտրություններին մասնակցել է 307 մարդ». Գոհար Վարդանյան (լուսանկար)
4923:06
Իրանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
5522:30
«Ժողովրդին մի մեղադրեք, նա երեխա է». Անուշ Հակոբյան
4722:18
«Նրանք չեն ասում, որ մանդատ չեն վերցնելու, առևտուր է գնում». Արթուր Դանիելյան
7021:54
«Միասնության թևերը» չի ընդունում ընտրությունների արդյունքները. պահանջում է վերահաշվարկ
7021:42
«Բաքվի բարբարոսական վարչախմբի ԶԼՄ-ներով այսօր հստակ քարոզչական գիծ է տարվում». Վարդան Ոսկանյան
7320:54
Գագիկ Ծառուկյանը և «Բարգավաճ Հայաստան»-ը դատական հայց են ներկայացրել ընդդեմ «Հայաստանի հանրային հեռուստատեսության»
10320:12
Հովհաննես Սահակյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
8520:00