Երեքշաբթի, 14 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Ադրբեջանցի պատվիրակը լքեց սրահն ու հաջորդ օրը հեռացավ Իրանից». Նաիրի Հոխիկյան

«Ադրբեջանցի պատվիրակը լքեց սրահն ու հաջորդ օրը հեռացավ Իրանից». Նաիրի Հոխիկյան
65
Այսօր, 22:18

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանի կառավարության հրավերով հարևան երկիր կատարած այցի ժամանակ հաճախ քննարկումներ էինք ունենում տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։ Դրանցից մեկը սահուն կերպով վերածվեց պատմական էքսկուրսիայի, և երբ թուրքերի հետ ես բանավիճում էի Արցախի մասին, իրանցի մասնագետներից մեկը հետաքրքիր փաստ մատնանշեց, որի մասին մինչ այդ չէի լսել։
«Ղարաբաղ» անվանումը, ըստ իրանցի մասնագետի, հին պարսկերենով նշանակում է ոչ թե «սև խաղողի այգի», ինչպես ընդունված է կարծել, այլ նշանակում է «սաղարթախիտ անտառ»։ Ու քանի որ Արցախում խիտ անտառներ շատ կան, միջնադարում պարսիկ ղեկավարները այդպես են կոչել մեր հայրենիքի այդ հատվածը։
Ես էլ պատմեցի, որ «Արցախ» անվանումը շատ ավելի հին պատմություն ունի, և գալիս է մ.թ.ա. 18-րդ դարից, երբ Հայաստանի թագավորը Արա Գեղեցիկն էր։ Օտարներին պատմեցի, որ ավելի քան 3800 տարի առաջ հայոց Արա Գեղեցիկ արքան սիրել է զբոսնել ու որս անել ներկայիս Արցախի անտառներում, ու քանի որ հին բարբառային հայերենում «անտառ» բառը նաև «ցախ» տարբերակն ունի, ժողովրդական լեզվով այդ տարածքն անվանել են «Արայի ցախ» (Արայի անտառ), ինչն էլ ժամանակի ընթացքում հնչյունափոխությունով դարձել է «Արցախ»:
Հայերի ու պարսիկների պատմական դասից հետո Մալաիզայի, Հնդկաստանի, Շրի Լանկայի, արաբական երկրների ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին, իսկ ադրբեջանցի պատվիրակը լքեց սրահն ու հաջորդ օրը հեռացավ Իրանից։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան