«Եկեղեցին ճանաչել և հռչակել է նահատակների սխրանքն ու հերոսությունը». Բագրատ Սրբազան

«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանը գրել է. «ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ
ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐՆ ՈՒՂՂԱԿԻ ԽՈՐՔԱՅԻՆ ԿԵՐՊՈՎ ՍԵՐՏՈՐԵՆ ՄԻԱՀՅՈՒՍՎԱԾ Է ՍՐԲՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԻ ՀԵՏ:
Այսպես է եկեղեցու ընկալումը նրանց մասին, ովքեր Քրիստոսի սիրո և անվան համար և օրինակով հանձն առան նահատակության պսակը՝ որպես հավատարմության բարձրագույն նշանակ և վկայություն, որպես հավիտենական սերմեր՝ ցանված երկրի վրա, «ովքեր մեծացնում են երկիրը և ցույց տալիս երկնային ճանապարհի ելքը... նրանք, որ իրենց Տիրոջ համար չարչարված մեռան, անմահացան, իրենց անունն ու խիզախության պտուղները աշխարհին թողեցին... նրանք Երկնավոր Արքայի գանձն են երկրում ծածանված» (Ագաթանգեղոս):
Քրիստոնյա համայնքի համար նահատակությունը մեծագույն ուրախություն էր՝ հաստատ համոզումով և ապրումով, որ նահատակները մասնակից են Տիրոջ փրկագնող չարչարանքներին և Քրիստոս ներկա է նրանց խոստովանական մահվան ժամին: Եկեղեցում չկա ավելի մեծ նմանություն կամ նույնություն փրկչական խորհրդին, քան մարտիրոսների և նահատակների վկայական մահը, որի պատճառով էլ այն համարվում է Արյան Մկրտություն.
«Նահատակք պանծալիք եւ
Սիրեցեալք ի յերկնաւոր Հաւրէն.
Որք մկրտեցայք ընդ Քրիստոսի
Արեամբ ձերով ի մահ խաչին...»
(Սբ Ներսես Շնորհալի)
Իմիջիայլոց, այս բարձրագույն ճշմարտությունը իր մանկական շուրթերով և արտասվալից աչքերով, թերևս անգիտակցորեն, բայց անմեղ հոգով 2021թ-ին հնչեցրեց այն ժամանակ 10-ամյա կայանավանցի (Իջևանի շրջան) Յուրան. «Ես ուզում եմ, որ մեր հերոս տղերքն իմանան, որ մենք իրենց հետ նույնն ենք»:
Նահատակները կոչվել և կոչվում են Վկաներ, իսկ մահը՝ վկայական մահ, որովհետև իրենց կյանքով և հատկապես մահվամբ վկայում են ճշմարտության, արդարության, իրավունքի, ազատության և հավերժական արժեքների և գաղափարի մասին.
«Մարտիրոսք ցանկալիք
եւ աւթեւանք հոգւոյն ճշմարտութեանն,
որք հաղթեցիք հագւով և կարեաց ցանկութեան»
(Սբ Ներսես Շնորհալի)
Եկեղեցին ճանաչել և հռչակել է նահատակների սխրանքն ու հերոսությունը, սրբությունը՝ սրբադասելով նրանց՝ որպես Հաղթանակած եկեղեցի: Այս իմաստով, նվիրումի բարձրագույն աստիճանը՝ նահատակության և սրբադասման սկզբունքը կազմել է Ե դարում ձևավորված «Վասն Հիսուսի, Վասն Հայրենեաց» գաղափարական բանաձևային հայտարարությունը, որն էլ որպես հավատքի և քրիստոնյա Հայրենիքի գաղափարների միություն, դարերի հոլովույթում մինչև այսօր առանցքային դերակատարություն է ունեցել մեր ազգի գոյության և կյանքի շարունակականության համար:
Հատկանշական է, սակայն, որ հավատքի և Հայրենիքի գաղափարը միաձուլված են ոչ միայն մեր ազգի պարագային, այլև բոլոր ազգերի՝ Հայրենիքը և պետականությունն ընկալելով որպես Աստվածապարգև այն կենսատարածքը, որտեղ կոչված են ազատորեն իրացնել իրենց իրավունքները՝ սեփական ինքնությանը հարազատ՝ ներառյալ հավատքի պաշտամունքը:
Այս առումով բացառիկ է հարևան Իրանի փորձառությունը, որտեղ անկախ դավանանքից և կրոնից, սուրբ նահատակ, վկա (շահեդ- شاهد) են հռչակված բոլոր նրանք, ովքեր իրենց կյանքն ընծայել են նաև հանուն Հայրենիքի և պետության (Իսլամ միջավայրում սուրբ նահատակ են հռչակված հայ-քրիստոնյաներ, որոնք զոհվել են պատերազմի ժամանակ, որոնց անուններով նաև փողոցներ, հրապարակներ և այլն են անվանակոչված՝ անուն ազգանունից առաջ գրված շահեդ (օրինակ՝ շահեդ Մարգար Մարգարյան)):
Այսպիսի միահավասար բացարձակ արժեքի՝ Հայրենիքի և հավատքի միարժեք լինելու հասկացությունը խորքային բովանդակությամբ արտահայտված է դեռևս Ե դարում. «Ընտրեսցուք զմահ աստուածպաշտութեամբ, քան զկեանս ուրացութեամբ» (Եղիշե, էջ 72):
Շարունակելի...»:

«2 ամսվա զինծառայողներին մարտի դաշտ մտցնելը, նրանց առանց հրամանատար ու կապի միջոց թողնելը ի՞նչ է, եթե ոչ սրիկայություն». Արամ Գևորգյան
3413:48
ԱՄՆ-ի Միլուոքի քաղաքում 8 տարի անց հայտնաբերվել է Պաբլո Պիկասոյի պատկերասրահից գողացված աշխատանքը
6613:40
Claude նեյրոնային ցանցը առաջին անգամ աշխատանքից ազատել է մարդու
6513:28
«Ի՞նչ սրտով ու ի՞նչ բարոյականությամբ է հնարավոր լռեցնել ցավը, մոռանալ ամեն ինչ ու կրկին փարվել թուրքին». Նաիրի Հոխիկյան
5512:48
«Հայ-ռուսական հարաբերությունները այնքան շատ ու տարօրինակ զուգահեռներ ունեն իսրայելա-պարսկական հարաբերությունների հետ». Արթուր Դանիելյան
7112:12
Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով անցնող նավագնացության քարտեզի շուրջ
10512:04
«Զառա՛, ավելի լավ է անկեղծ ասա, որ դու շատերդ խորհրդարանում եք հե՛նց շարիկ գլորելու առաքելությամբ». Արեգ Սավգուլյան
7711:42
Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանին
12311:28