Ուրբաթ, 24 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Սուրեն Մանուկյանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգվել է»․ Ոսկան Սարգսյան

«Սուրեն Մանուկյանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգվել է»․ Ոսկան Սարգսյան
53
Այսօր, 10:24

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սուրեն Մանուկյանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգվել է.
2023թ․ հուլիսի 31-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Սուրեն Մանուկյանի, Արմեն Քամալյանի, Թաթուլ Պողոսյանի, Մուրադ Մուրադյանի դատավարությունը։ Ս․ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ա․ Քամալյանի, Մ․ Մուրադյանի, Թ․ Պողոսյանի և մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2022թ․ հուլիսի 27-ին, ժամը 7-ի սահմաններում Իջևան համայնքի Աչաջուր գյուղում առևանգել են Գրիշա Քոքոբելյանին և վերջինիս տեղափոխել Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ծաթեր բնակավայր, մինչև 2022թ․ օգոստոսի 2-ը պահել են նշված վայրում վարձակալած տանը և նույն օրը ազատ արձակել։ Ըստ մեղադրանքի՝ նշված ժամանակահատվածում ՝ 2022թ․ հուլիսի 29-ից Գրիշա Քոքոբելյանի որդուց՝ Խաչատուր Քոքոբելյանից, հորն ազատ արձակելու դիմաց, շորթմամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերի՝ 3 միլիոն ԱՄՆ դոլար, որից փաստացի ստացել են 40 հազար ԱՄՆ դոլար՝ կրիպտոարժույթի տեսքով։ Ս․ Մանուկյանին, Ա․ Քամալյանին, Թ․Պողոսյանին, Մ․Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 191 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով («Մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելը») և 258 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով («Շորթումը, որը կատարվե լէ առանձնապես խոշոր չափերով»)։ Ս․ Մանուկյանը և մյուս մեղադրյալները իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում, համարելով այն շինծու, հնարովի։ Սուրեն Մանուկյանը Իջևանի նախկին փոխքաղաքապետն է, Իջևանի անտառտնտեսության նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի նախկին անդամ։ Նա քրեական գործով շուրջ երեքուկես տարի գտնվել է կալանքի տակ, այժմ գտնվում է տնային կալանքի տակ, սահմանափակված է նրա շփումն իր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ։ Դատավարության հուլիսի 22-ի նիստում դատավոր Սասուն Մխիթարյանը որոշել է 3 ամսով երկարաձգել Սուրեն Մանուկյանի տնային կալանքը։ Նիստում որպես վկա հարցաքննվել է քրեական գործով քննչական խմբի ղեկավար Արթուր Այվազյանը, նրա հարցաքննությունը կիսատ է մնացել, կշարունակվի հաջորդ նիստին։ Վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաև Խաչատուր Քոքոբելյանի որդին՝ Սևադա Քոքոբելյանը, ով դատարանում հայտարարել է, որ ինքն անտեղյակ է քրեական գործի հանգամանքներից։ Հուլիսի 22-ի նիստում Սուրեն Մանուկյանը հարց է ուղղել գործով քննչական խմբի ղեկավար Արթուր Այվազյանին, թե ինչ ապացույցներ կան 40 հազար դոլար շորթման մասին, քննիչները որտեղի՞ց են վերցրել այդ թիվը։ Սակայն դատավոր Ս․ Մխիթարյանը հարցը հանել է, իբր այն կապ չունի քրեական գործի հետ։ Սույն գործով դատական հաջորդ նիստը նշանակվել է օգոստոսի 5-ին»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան