Չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

Ընտրությունների օրը Մոսկվայից Հայաստան ժամանած Հովհաննես Սահակյանը չի կարողանում վերադառնալ ՌԴ. «Ժողովուրդ»

Ընտրությունների օրը Մոսկվայից Հայաստան ժամանած Հովհաննես Սահակյանը չի կարողանում վերադառնալ ՌԴ. «Ժողովուրդ»
52
Այսօր, 09:06

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդեն շուրջ երեք ամիս է, ինչ ընտրությունների օրերին Ռուսաստանից Հայաստան ժամանած Հովհաննես Սահակյանը չի կարողանում վերադառնալ ՌԴ։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Սահակյանի պաշտպանը նրա նկատմամբ կիրառված դատավարական սահմանափակումների վերաբերյալ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան և սպասում է դատարանի որոշմանը։ Միևնույն ժամանակ, նախաքննական մարմնում հարուցված քրեական վարույթը փաստացի որևէ առաջընթաց չի արձանագրում։
Հիշեցնենք, որ ընտրությունների օրը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հովհաննես Սահակյանը հայտնել էր, որ Մոսկվայից եկել են մասնակցելու քվեարկությանը և նույն օրը պատրաստվում են վերադառնալ Ռուսաստան։
«Մոսկվայից եկել ենք՝ ընտրենք, երեկոյան 7-ին հետ ենք վերադառնում»,- ասել էր նա։
Լրագրողի՝ «Նույն օրը՞» հարցին ի պատասխան՝ Սահակյանն արձագանքել էր. «Անպայման, որ կարող ա խառնվի վիճակը, երեխեքի հետ ենք, չմնանք էլի բարդություններին»։
Սակայն ավելի ուշ, երբ նա փորձել է «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել Մոսկվա, իրավապահները նրան ձերբակալել էին։

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ ստացված առերևույթ հանցագործության մասին հաղորդման համաձայն՝ Հ. Ս-ն, ըստ նախնական տվյալների, տեղեկացված լինելով նախապատրաստվող հանցագործության մասին, այդ մասին չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։
Հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ հանցագործության մասին չհայտնելու դեպքի առթիվ:
Քննիչի որոշմամբ՝ Հովհաննես Սահակյանը ձերբակալվել էր, այնուհետև նրան մեղադրանք էր առաջադրվել, իսկ որպես խափանման միջոց ընտրվել էր երկրից բացակայելու արգելքը։

Այսօր՝ դեպքից շուրջ երեք ամիս անց, Հովհաննես Սահակյանը շարունակում է մնալ Հայաստանում։

Մանրամասները՝ թերթի համարում: