Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Հրապարակային պարզաբանում եմ խնդրում». Նաիրի Հոխիկյան

«Հրապարակային պարզաբանում եմ խնդրում». Նաիրի Հոխիկյան
53
Այսօր, 00:18

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի Հանրապետությունը իր սահմաններով չունի նկրտում որևէ այլ երկրի որևէ մետրի նկատմամբ։ Այս հայտարարությունը ԱԺ օգոստոսի 10-ի նիստում արել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ նշելով, որ Արևմտյան Հայաստանին իրենք վերաբերվում են ընդամենը՝ որպես մշակութային հիշողություն։
Նարեկ Կարապետյանը չի խոսել Արցախի մասին, բայց քանի որ արտահայտած մտքերը ՀՀ գործող տարածքով սահմանափակվելու և ապագայի նպատակներ չունենալու առումով համընկնում էին իշխող ՔՊ կուսակցության ու հատկապես Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքերի հետ, ուզում եմ հրապարակային պարզաբանում խնդրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության դիրքորոշման առումով։
Արդյո՞ք Արցախի մասին ևս «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մտածում է այնպես, ինչպես Նարեկ Կարապետյանն ասաց Մուշի կամ Անիի առումով, այսինքն՝ մոռանանք Արցախը՝ որպես նպատակ և նայենք՝ որպես պատմական հայրենիք, որի վերաբերյալ կարելի է մշակութային ծրագրեր անել։
Եթե այդպես է, ապա այս կուսակցությունը պարտավոր է պաշտոնապես ասել այդ մասին, իսկ եթե Արցախի վերաբերյալ ունեն այլ դիրքորոշում, ապա դա ևս պետք է հստակ նշել, ոչ թե իրավիճակային վարքագիծ դրսևորել՝ Թուրքիային ու Ադրբեջանին չնեղացնելու համար։
Նարեկ Կարապետյանի ելույթի մեջ արտաքին քաղաքականության և պետականության գաղափարական պատկերացումների առումով ես գրեթե տարբերություն չտեսա Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումից։ Միակ տարբերությունը, թերևս, տնտեսության կազմակերպման մասին էր։ Բայց եթե տարբերություն չկա հայրենիքի ու ազգային ապագայի առումով, ապա էլ ինչի՞ եք փորձում իշխանություն վերցնել, մանավանդ որ տնտեսական առումով այսպես թե այնպես Նիկոլ Փաշինյանը թուրքական փողերով տնտեսական զարգացում քիչ ու միչ ապահովում է, մարդկանց աչքը խաբում է։
Խնդիրը պետության անվտանգության, ազգային ինքնության ու գալիքի նպատակների մեջ է։ Հենց դրա համար են մարդիկ ուզում ազատվել Նիկոլ Փաշինյանից, ոչ թե մի փոր ավելի շատ ուտելու համար։
Հուսով եմ, լրատվամիջոցները ԱԺ-ում այս պարզաբանումը կստանան Նարեկ Կարապետյանից»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան