Շաբաթ, 15 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Ուժեղ Հայաստան»-ում Էդգար Ղազարյանի հետ լուրջ քննարկում է եղել․ «Ժողովուրդ»

«Ուժեղ Հայաստան»-ում Էդգար Ղազարյանի հետ լուրջ քննարկում է եղել․ «Ժողովուրդ»
44
Այսօր, 09:30

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում վերջին միջադեպից հետո լուրջ քննարկում է տեղի ունեցել խմբակցության անդամների և պատգամավոր Էդգար Ղազարյանի միջև։

Մեր տեղեկություններով՝ քննարկման առանցքում եղել է նախօրեին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը, որը վերջին օրերին դարձել է իշխանության քաղաքական օրակարգի հիմնական թեմաներից մեկը։
Խմբակցության ներսում Ղազարյանին հիշեցրել են, որ խորհրդարանի աշխատանքի մեկնարկից առաջ պայմանավորվածություն է եղել պահպանել խորհրդարանական էթիկայի և վարքագծի կանոնները, ուստի անհրաժեշտ է առավել զգուշավոր լինել և չխախտել այդ պայմանավորվածությունները։
Միաժամանակ, քննարկումներից հետո խմբակցությունը որոշել է ներողություն չհնչեցնել, քանի որ դրան կտրականապես դեմ է եղել հենց Էդգար Ղազարյանը՝ հայտարարելով, որ չի պատրաստվում նման քայլի գնալ, քանի դեռ իշխանության ներկայացուցիչներն էլ իր հասցեին վիրավորական և կոշտ արտահայտություններ են հնչեցնում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ առաջիկա մի քանի օրերին Էդգար Ղազարյանը Ազգային ժողովի ամբիոնից հարցերով կամ ելույթներով հանդես չի գա։ Այս մոտեցումը կիրառվում է երեկվանից և, ըստ մեր տեղեկությունների, կպահպանվի նաև երկուշաբթի՝ մինչև խորհրդարանում ստեղծված լարվածությունը որոշ չափով հանդարտվի։

Հիշեցնենք՝ նախօրեին իշխանության ներկայացուցիչները տարբեր ձևաչափերով կոշտ արձագանքել էին Ղազարյանի օգտագործած արտահայտությանը»։