Շաբաթ, 22 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Մինչև ե՞րբ ենք խոսելու արդեն տեղի ունեցած ողբերգության մասին»․ Մհեր Կարագոզյան

«Մինչև ե՞րբ ենք խոսելու արդեն տեղի ունեցած ողբերգության մասին»․ Մհեր Կարագոզյան
44
Այսօր, 10:24

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես արդեն հոգնել եմ այս լուրերից…
Օգոստոսի 13-ին բանակից հերթական ծանր լուրն ստացանք․ զորամասերից մեկում զինծառայող է մահացել՝ հրազենային վնասվածքով։
Ու ես այս անգամ չեմ ուզում հերթական վերլուծական տեքստը գրել։ Չեմ ուզում թվարկել, թե քանի նման դեպք է եղել, քանի քրեական վարույթ է հարուցվել և քանի ամիս կամ տարի է քննությունը տևելու։
Ես ուզում եմ մի պարզ հարց տալ․ մինչև ե՞րբ։
Մինչև ե՞րբ ենք մենք ամեն անգամ խոսելու արդեն տեղի ունեցած ողբերգության մասին։
Մինչև ե՞րբ ենք փորձելու միայն պարզել՝ ինչ է տեղի ունեցել, փոխարենը հասկանալու՝ ինչու դա հնարավոր դարձավ։
Եթե նույն համակարգում տարիներ շարունակ զինծառայողների հետ կապված նման ողբերգություններ են կրկնվում, ուրեմն խնդիրը միայն մեկ զինծառայողի, մեկ հրամանատարի կամ մեկ դեպքի մեջ չէ։
Խնդիրը համակարգում է։
Եվ եթե համակարգը չի կարողանում ժամանակին նկատել վտանգը, պաշտպանել զինծառայողին, կանխել բռնությունը, նվաստացումը կամ ինքնավնասման հասնող իրավիճակը, ապա ինչ-որ բան լրջորեն սխալ է։
Ես չեմ ուզում, որ ևս մեկ ընտանիք վաղը ստանա այն զանգը, որից հետո մարդու կյանքը բաժանվում է «մինչև» և «հետո»-ի։
Զինվորը պետությանը վստահված մարդ է։
Ու պետությունը պարտավոր է անել ամեն ինչ՝ նրան ծառայության ուղարկելուց հետո կենդանի տուն վերադարձնելու համար։
Հիմա ոչ թե հերթական գեղեցիկ խոսքերն են պետք, այլ պատասխաններ։
Ի՞նչ է արվում, որպեսզի հաջորդ զինվորը չդառնա այս նույն ցավոտ վիճակագրության հերթական թիվը»։

Աղբյուրը`   Մհեր Կարագոզյան