Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Ե՞րբ եք գիտակցելու Նիկոլ Փաշինյանի խաղի կանոնները». Նաիրի Հոխիկյան

«Ե՞րբ եք գիտակցելու Նիկոլ Փաշինյանի խաղի կանոնները». Նաիրի Հոխիկյան
62
Երեկ, 23:48

Նիկոլ Փաշինյանն ասաց մեկ նախադասություն՝ «Տիգրանաշենը Հայաստանի տարածք չէ», և անցավ իր գործերին, իսկ ամբողջ հանրությունը և ընդդիմությունն օրեր շարունակ քննարկում ու արձագանքում են։
Վաղը Փաշինյանը մեկ այլ խելագար միտք կարող է ասել, օրինակ՝ «Մասիսում ապրել են նաև ադրբեջանցիներ», ու կրկին ամբողջ երկիրը կցնցվի ամենատարբեր արձագանքներից։
Հետո՞։
Դուք վերջապես, ե՞րբ եք գիտակցելու Նիկոլ Փաշինյանի խաղի կանոնները։ Իսկ եթե գիտակցում եք և խաղում եք նրա կանոններով, ապա էլ ինչո՞վ եք տարբերվում նրանից։
Իսկական ընդդիմությունը ոչ միայն ընդդիմանում է, այլև ստեղծում է իր սեփական խաղի կանոնները և դրանցով համոզում է ժողովրդին, որ ինքն ավելի լավ կարող է կառավարել երկիրը։
Բայց իշխանությանն անընդհատ անիծելով՝ ժողովրդին որևէ կերպ չես համոզի, ավելին՝ իշխանությանը պահում ես առաջին համարի խաղացողի դերում։
Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը կարող է այնպիսի նախաձեռնություններ ու հայտարարություններ անել, որ ադրբեջանական մամուլն ու քաղաքական դաշտը տակնուվրա լինի անհանգստությունից, մինչդեռ հիմա թշնամական երկրում փոփքորնով նստած ուրախանում են Հայաստանի ներքին գզվռտոցից։
2025-ի հունիսին Հայաստանի դիվանագիտական հիմնադրամով մի խորհրդաժողով կազմակերպեցինք Գարդմանից տեղահանված հայերի վերադարձի իրավունքի հարցով, Ադրբեջանում բզզոց անցավ, թե հայերը ուզում են վերադառնալ Գանձակում, Շահումյանում, Քարհատում ապրելու։ Իսկ երբ մեր հայտարարությունն ուղարկեցինք ՄԱԿ քարտուղարություն, Բաքվում անհանգստությունն ավելի մեծացավ, սկսեցին ռեպորտաժներ անել, թե հայերն ուզում են Ադրբեջանում վերահաստատվել։
Դա կոչվում է դիվանագիտություն, ոչ թե Կիկոսի մահ»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան