Երեքշաբթի, 25 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Իրար նկատմամբ ատելությունը կործանելու է բոլորին՝ առանց բացառության»․ Արա Պողոսյան

«Իրար նկատմամբ ատելությունը կործանելու է բոլորին՝ առանց բացառության»․ Արա Պողոսյան
41
Այսօր, 23:00

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հասարակության ստրատիֆիկացիայի (շերտավորման) և Հայաստանի պարադոքսի մասին
Ժողովրդավարական պետություններում հասարակության շերտավորումը սոցիալական «լիֆտի» էֆեկտ է ստեղծում։ Այսինքն՝ բաց հասարակություններում մի սոցիալական խմբից անցումը մյուս սոցիալական խումբ սոցիալական լիֆտ է, որտեղ արժանիքները (կամ ոչ այնքան) կարողանում են փոխել իրենց սոցիալական դիրքը՝ իշխանության հասնելով, ֆինանսական ռեսուրսներ կուտակելով, գիտական առաջընթացի, հանրային գործունեության, մասնագիտական առաջխաղացման ( և այլն) միջոցներով։
Փակ հասարակությունների կամ փակ համակարգերի դեպքում այլ մեխանիզմ է աշխատում (օրինակ՝ կաստաները), որտեղ շերտերի միջև անցումներն օրենքով կամ ավանդույթով արգելված են: Բռնապետական պետությունների դեպքում հասարակության շերտավորումը կատարվում է նախ և առաջ ըստ քաղաքական կողմնորոշման։ Այստեղ հասարակությունը նախ և առաջ բաժանված էր երկու ենթաշերտերի՝ 1. նրանք ովքեր իշխանության կողմնակից են , և 2. մնացած բոլորը։
Նյութը գրելու իմաստը հասարակության շերտավորումը մեկնաբանելը չի բնականաբար, այլ ցույց տալը, թե մենք որտեղ ենք գտնվում։
Հայաստանում հասարակությունը բաժանվել է երկու շերտերի, ու սա այլևս քաղաքական շերտավորում չէ, սա ենթամշակույթ է՝ սոցիալական շերտավորման վերաճելով։
Ովքեր իշխանության կողմնակից են, ամբողջ սրտով ու էությամբ ատում են նրանց, ովքեր իշխանության կողմնակից չեն, ու դա անում են անթաքույց։
Ովքեր իշխանության կողմնակից չեն, ամբողջ էությամբ (հիմնականում) ատում են իշխանության ակտիվ կողմնակիցներին, ու դա անում են անթաքույց։
Ռուանդայում (1990–1994)՝ մեկ ընդհանուր ազգային տարածքում և մեծապես ընդհանուր մշակութային միջավայրում գոյություն ունեցող խմբային տարբերությունը վերածվեց ծայրահեղ բևեռացման։ Թութսիներն ու հութուները նույն լեզուն, նույն պատմությունը (գրեթե), ընդհանուր մշակույթ և ավանդույթներ, ընդհանուր պատմական տարածք, դարերով շարունակված փոխհարաբերություններ և խառնամուսնություններ,
ընդհանուր կրոնական և սոցիալական միջավայրի մեծ համընկնում ունեցող խմբեր էին, որոնք իրար ենթարկեցին ցեղասպանության։ 1994-ի Ռուանդայի ցեղասպանության ընթացքում մոտ 800 հազար մարդ սպանվեց։
Բերել եմ ծայրահեղ օրինակ, որպեսզի հասկանան (ովքեր դեռ կարող են), որ ատելությունն իրար նկատմամբ կործանելու է բոլորին առանց բացառության։
Գոնե հիմա’ լսեք»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան