«Մեծ հաշվով Փաշինյանը փող է փնտրում». Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեծ հաշվով Փաշինյանը փող է փնտրում։ Փող, որը կապահովի իր իշխանության գոյությունը:
Ո՞վ է վճարելու աշխարհաքաղաքականության հաշիվը: Շատ, թե քիչ կապիտալ ունեցողներ՝ ընկալեք սա: Հայաստանում ձևավորվող նոր քաղաքական ռեժիմը ձեր մասին է, լինեք ընդդիմադիր, թե իշխանամետ, թե ապաքաղաքական բիզնեսմեն, որևէ կապ այլևս չունի:
Մեծ հաշվով Փաշինյանը փող է ման գալիս։ Եվ եթե այս տեսանկյունից նայենք վերջին շրջանի ամբողջ «կուլակաթափության» օպերացիային, որն առատորեն համեմվում է «ժողովրդի արդարացի պահանջով», «ապօրինի հարստությունը ժողովրդին վերադարձնելու» խոստումով, «դուք ինչո՞ւ այսքան ունեք, իսկ ժողովուրդը չունի» սոցիալական նախանձի քաղաքականացմամբ և մնացած քաղաքական-լիրիկական զեղումներով, ապա սկսում է երևալ շատ ավելի մեծ պատկեր։
Խնդիրը միայն կոռուպցիայի դեմ պայքարը չէ։ Խնդիրը քաղաքական տնտեսությունն է։
Եվ հատկապես՝ մի իշխանության քաղաքական տնտեսությունը, որը փորձում է փոխել Հայաստանի աշխարհաքաղաքական ու տնտեսական համակարգը՝ Ռուսաստանից հեռանալով և դեպի Արևմուտք վերակողմնորոշվելով, բայց այդ փոփոխության դիմաց առայժմ չի ստացել այն ծավալի ազատ ֆինանսական ռեսուրսը, որը կարող էր վճարել այդ անցման տնտեսական ինքնարժեքը։
ԵՄ-ի հիմնական Resilience and Growth Plan-ը €270 մլն է ամբողջ 2024–2027 ժամանակահատվածի համար։ Դրանից €200 մլն-ը դրամաշնորհային աջակցություն է սոցիալ-տնտեսական բարեփոխումների և ԵՄ-ի հետ մերձեցման համար, €70 մլն-ը՝ ներդրումային դրամաշնորհներ։
Իսկ հաճախ քաղաքական հաղորդակցության մեջ շրջանառվող տպավորիչ €2.5 մլրդ-ը Հայաստանին փոխանցվող €2.5 մլրդ չէ։ Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ձևակերպումն է՝ expected mobilised investments՝ ակնկալվող մոբիլիզացված ներդրումներ։ Այսինքն՝ մասնավոր կապիտալ, միջազգային ֆինանսական հաստատությունների մասնակցություն, վարկեր, ենթակառուցվածքային ծրագրեր և այլ ֆինանսական գործիքներ։
Սա սկզբունքային տարբերություն է։ 2.5 մլրդ ներդրումային պոտենցիալը €2.5 մլրդ բյուջետային փող չէ։ Ուրեմն կարելի է ստանալ Արևմուտքի քաղաքական աջակցությունը, կարելի է ստանալ աշխարհաքաղաքական խրախուսանքը, կարելի է ստանալ բարեփոխումների ծրագրեր, վարկեր ու ներդրումային գործիքներ, բայց այդ ամենը դեռ չի նշանակում, որ որևէ մեկը պատրաստվում է վճարել Հայաստանի աշխարհաքաղաքական վերակողմնորոշման ամբողջ հաշիվը։
Այստեղ էլ սկսվում է ամենահետաքրքիրը։
Ռուսաստանի հետ տնտեսական համակարգից հեռացումը կարող է քաղաքական որոշմամբ արագացվել։ Եվրոպական տնտեսական համակարգում ամբողջական ինտեգրումը քաղաքական որոշմամբ մեկ օրում ստեղծել հնարավոր չէ։ Առաջինը կարող է տեղի ունենալ այսօր։
Երկրորդի տնտեսական արդյունքը կարող է գալ տարիներ անց։
Դրանց միջև առաջանում է այն, ինչ կարելի է անվանել աշխարհաքաղաքական ֆինանսական ճեղք։ Իսկ այդ ճեղքը ինչ-որ մեկը պետք է ֆինանսավորի։
Եվ հենց այս ֆոնին Հայաստանում իշխանությունը հայտարարում է մինչև 2031 թվականը պետությանը և համայնքներին շուրջ $2 մլրդ «ապօրինի գույք» վերադարձնելու պետական թիրախ։ Սա արդեն պարզապես քաղաքական հայտարարություն չէ։ Սա կառավարության ծրագրային նպատակ է։
Եվ այստեղ ես առաջարկում եմ շատ պարզ հարց տալ։ Ինչպե՞ս կարելի է արդարադատության ապագա արդյունքի համար նախապես ֆինանսական պլան սահմանել։ Իրավական պետությունում նախ ապացուցվում է իրավախախտումը, հետո դատարանն ընդունում է որոշում, հետո միայն առաջանում է բռնագանձման ենթակա գույքը։
Իսկ երբ պետությունը նախապես հայտարարում է՝ առաջիկա հինգ տարում պետք է վերադարձնենք $2 մլրդ, արդեն առաջանում է բոլորովին այլ հարց. որտե՞ղ է ավարտվում արդարադատությունը և որտե՞ղ է սկսվում ֆիսկալ պլանավորումը։
Ավելին։
Միայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով դատարաններում արդեն քննվում են հարյուրավոր միլիարդ դրամների պահանջներ, մինչդեռ պետության փաստացի սեփականություն դարձած ակտիվների ծավալն անհամեմատ փոքր է։ 2026-ի օգոստոսի 14-ի դրությամբ միայն Պետգույքի կոմիտեին փոխանցվել էր 45 անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, 2000 բաժնետոմս և $264 հազար պահանջի իրավունք։
Այս տարբերությունը չափազանց խոսուն է։
Մի բան է քաղաքական հաշվեկշռում գոյություն ունեցող միլիարդը, մեկ այլ բան՝ պետական հաշվեկշռում արդեն հայտնված միլիարդը։ Եվ հիմա նայենք, թե ինչ է կատարվում խոշոր կապիտալի շուրջ։
Ռոբերտ Քոչարյան։ Նրա և փոխկապակցված անձանց նկատմամբ շարունակվում են խոշոր գույքային պահանջներով բռնագանձման վարույթները, իսկ 2026-ի օգոստոսին նրա նկատմամբ հարուցվել է նաև նոր քրեական հետապնդում՝ պետական գույքի մասնավորեցման դրվագներով։
Սամվել Կարապետյան։ Նրա քաղաքական հակադրությունից և կալանավորումից հետո պետությունը շարժվեց Կարապետյանի ընտանիքին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցերի նկատմամբ վերահսկողություն հաստատելու և ազգայնացման ուղղությամբ։
Գագիկ Ծառուկյան։ Դատախազությունը պահանջում է 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, մասնակցություն 38 իրավաբանական անձում և ավելի քան 105.8 մլրդ դրամ։ «Արարատցեմենտի» բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը որպես հայցի ապահովման միջոց արդեն հանձնվել են պետությանը։
Օգոստոսին դատարան են ընդունվել նաև Ծառուկյանի հետ փոխկապակցված նոր գույքային գործարքներ անվավեր ճանաչելու վերաբերյալ դատախազության հայցերը։
Քոչարյան, Կարապետյան, Ծառուկյան...
Միաժամանակ ընթացող երեք գործընթաց, որոնց արդյունքում մասնավոր սեփականության և տնտեսական ակտիվների նկատմամբ պետության վերահսկողության ծավալը մեծանում է։
Եվ հենց այս պահին իշխանությունը հայտարարում է մինչև 2031 թվականը $2 մլրդ գույք և միջոցներ պետությանը վերադարձնելու քաղաքական թիրախ։
Այստեղ արդեն առանձին գործերի մանրամասները երկրորդական են։
Քաղաքական տնտեսության հարցն ուրիշ է. ինչո՞ւ պետությունը նախապես գիտի, թե որքան գումար պետք է «վերադարձնի», եթե դատարանները դեռ չգիտեն, թե որքան գույք է ապօրինի։
Հենց այս կետում էլ «կուլակաթափությունը» դադարում է հռետորական բնորոշում լինելուց և սկսում է նկարագրել մեխանիզմը։ Որովհետև խնդիրը սկսվում է այն պահին, երբ իշխանությունը կապիտալի նկատմամբ իրավական հարցը փոխարինում կամ լրացնում է բարոյական-պոպուլիստական հարցով։
Այլևս միայն՝ «այս գույքն օրինական ծագո՞ւմ ունի» չէ։
Քաղաքական հաղորդակցության մեջ հայտնվում է նաև՝ «իսկ ինչո՞ւ նա ընդհանրապես այսքան ունի»։
Սրանք բոլորովին տարբեր հարցեր են։ Առաջինը իրավական պետության հարցն է։ Երկրորդը՝ կապիտալի նկատմամբ իշխանության քաղաքական հավակնության։
Եվ երկրորդ հարցի համար «ժողովրդական արդարությունը» կատարյալ գաղափարական փաթեթավորում է, որից նույն արևմտյան ժողովրդավարական աշխարհը միայն տուժել է և փոխարինել օրենքի դիկտատուրան իրավունքի գերակայությամբ, որովհետև հասարակությանը շատ ավելի հեշտ է վաճառել՝ «նրանցից վերցնում ենք և ձեզ ենք վերադարձնում», քան բացատրել՝
«մենք փոխում ենք Հայաստանի աշխարհաքաղաքական և տնտեսական համակարգը, բայց այդ անցման ամբողջ ֆինանսական ապահովագրությունը դեռ չունենք»։
Սա է «կուլակաթափության» քաղաքական տեխնոլոգիան։
Այն միաժամանակ կարող է լուծել երեք խնդիր՝ քաղաքականապես չեզոքացնել հակառակորդին, պետության վերահսկողության տակ բերել տնտեսական ռեսուրս և այդ ամենը հասարակությանը վաճառել որպես սոցիալական արդարություն։
Եվ այստեղ պետք է մի կարևոր սահման դնել։ Փաստերով այսօր հնարավոր չէ պնդել, թե արևմուտքը Փաշինյանին խոստացած գումարը չի տալիս հենց նրա հետընտրական քաղաքական թուլացման պատճառով։
Բայց փաստերով հնարավոր է ասել շատ ավելի ծանր բան։ Արևմուտքի քաղաքական աջակցությունն ու Հայաստանի աշխարհաքաղաքական վերակողմնորոշման ֆինանսական ապահովագրությունը նույն բանը չեն։
Փաշինյանը կարող է ունենալ Բրյուսելի կամ Վաշինգտոնի, իսկ խորքում նաև Բաքվի և Անկարայի քաղաքական աջակցությունը։ Բայց դա չի նշանակում, որ արևմուտքը պատրաստ է վճարել Փաշինյանի աշխարհաքաղաքական քաղաքականության ամբողջ տնտեսական ինքնարժեքը։
Եվ հենց այստեղից է սկսվում իրական քաղաքական տնտեսությունը։
Եթե արտաքին քաղաքական վերակողմնորոշման գինը վճարվում է այսօր, իսկ դրա շատ մշուշոտ «տնտեսական դիվիդենդները» սպասվում են վաղը, իշխանությունը ստիպված է ֆինանսական ռեսուրս փնտրել ներսում։ Ու այդ պահին խոշոր կապիտալը դառնում է ոչ միայն իրավապահ համակարգի հետաքրքրության առարկա։
Այն դառնում է քաղաքական ռեսուրս։ Հետևաբար գլխավոր հարցն այլևս «որտեղի՞ց Քոչարյանին, Կարապետյանին կամ Ծառուկյանին այսքան ունեցվածք» պոպուլիստական հարցը չէ։
Դրա պատասխանը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է տա դատարանը։ Քաղաքագիտության հարցը ուրիշ է։ Որտեղի՞ց է Փաշինյանի իշխանությունը պատրաստվում գտնել իր ընտրած աշխարհաքաղաքական և տնտեսական «անցման» չֆինանսավորված մասը։
Եթե պատասխանի մի մասը դառնում է Հայաստանի ներսում արդեն գոյություն ունեցող կապիտալի վերաբաշխումը, ապա մենք գործ ունենք ոչ թե հակակոռուպցիոն քաղաքականության հետ։ Մենք գործ ունենք սեփականության քաղաքական նոր ռեժիմի ձևավորման վտանգի հետ։
Ռեժիմի, որտեղ իշխանությունը կարող է աստիճանաբար դառնալ ոչ միայն սեփականության օրինականության վերահսկողը, այլև որոշողը, թե ո՞վ կարող է մեծ սեփականություն ունենալ, ինչքա՞ն կարող է ունենալ և քաղաքական ի՞նչ կարգավիճակով կարող է այն պահպանել։
Դա արդեն հակակոռուպցիա չէ։
Դա կապիտալի քաղաքական հնազանդեցման հնարավոր մոդել է։ Եվ եթե դրան ավելանում է նախապես սահմանված $2 մլրդ վերադարձնելու պետական թիրախը, հարցը դառնում է շատ ավելի անհարմար. արդարադատությո՞ւնն է որոշելու, թե որքան գույք պետք է վերադարձվի պետությանը, թե՞ նախապես հայտարարված քաղաքական թիվն է սկսելու թելադրել, թե որքան գույք պետք է գտնի արդարադատությունը։
Այս երկու տարբերակների միջև տարբերությունը պարզապես իրավական չէ։ Դրանց միջև մի ամբողջ պետական կարգ է։ Եվ պատմությունը բավականաչափ օրինակներ ունի ցույց տալու համար, թե ինչ է տեղի ունենում, երբ պետությունը դադարում է տարբերակել երեք բան՝ ապօրինի կապիտալը, քաղաքականապես անցանկալի կապիտալը և պարզապես մեծ կապիտալը։
Այդ սահմանը վերացնելուց հետո «ժողովրդական արդարությունը» շատ արագ կարող է դառնալ կապիտալի վերաբաշխման պետական գաղափարախոսություն։ Ու այդ ժամանակ «կուլակաթափությունը» այլևս փոխաբերություն չէ։ Այն դառնում է կառավարման մեթոդ, որը վերաբերելի է յուրաքանչյուրին լինի նախկին, ներկա, թե ապագա»:

«Ի՞նչ է կատարվում այս գործարանում». Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
2322:12
««Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը՝ նոր հատորյակի տեսքով». Monument Watch
3221:48
«Մեծ հաշվով Փաշինյանը փող է փնտրում». Վլադիմիր Մարտիրոսյան
4521:42
Հայկական պատվիրակությունը կմեկնի Վաշինգթոն՝ ԹՐԻՓՓ-ի շրջանակներում քննարկումների
4721:18
Արա Նախշքարյանի խափանման միջոցը փոխվել է
6121:00
«Հրահանգավորված արդարադատությունը չպետք է տեղ ունենա ժողովրդավար պետության կյանքում». ԲՀԿ
5320:54
«Տաղանդը և բարեկեցությունը «քացու տակ են քցվել» այս իշխանության կողմից». Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
5020:48
Երեք նախարարությունների անվանումները կփոխվեն
5720:30