Շաբաթ, 19 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Չափազանց վտանգավոր է կարծել, թե ադրբեջանական ախորժակը հագեցել է»․ Վիտալի Մանգասարյան

«Չափազանց վտանգավոր է կարծել, թե ադրբեջանական ախորժակը հագեցել է»․ Վիտալի Մանգասարյան
25
Այսօր, 16:00

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին իրականացված ադրբեջանական հարձակումը դարձավ մեր պատմության ամենաողբերգական էջերից մեկը։
Չնայած 44-օրյա պատերազմում կրած հսկայական ու ծանր կորուստներին՝ այդ ժամանակ Պաշտպանության բանակը շարունակում էր մնալ գործուն և մարտունակ միավոր, և շարունակում էր մնալ արցախահայության անվտանգության համակարգային հենասյունը։ Ադրբեջանի ռազմքաղաքական ղեկավարությունը շատ լավ էր գիտակցում, որ քանի դեռ ՊԲ-ն կա, անհնար է ամբողջությամբ կոտրել տեղի հայության դիմադրությունը։
Հենց այս պատճառով Բաքուն ընտրեց երկարատև շրջափակման ու հյուծման ցեղասպան մարտավարությունը։ Մեկ տարի շարունակ Արցախը պահելով սովի և շրջափակման մեջ՝ նպատակը մեկն էր՝ թուլացնել Պաշտպանության բանակի և ժողովրդի դիմադրողականությունը ներսից, զրկել կենսական ռեսուրսներից, որպեսզի վերջնական հարվածի պահին բանակը զրկվի բնականոն գործելու հնարավորությունից։ Նրանք շատ լավ գիտեին, որ ճակատային բախման դեպքում ՊԲ-ն կարող է ծանր գին պարտադրել, ուստի գնացին հումանիտար աղետի և միջազգային լռության քողի տակ իրականացված հարձակման ճանապարհով։
Այսօր, երբ Արցախը դատարկված է, չափազանց վտանգավոր է կարծել, թե ադրբեջանական ախորժակը հագեցել է։ Ինչպես բազմիցս բարձրաձայնել եմ, Ադրբեջանի ստրատեգիական նպատակն էր կազմաքանդել ու վերացնել Արցախի Պաշտպանության բանակը, որպեսզի հեշտությամբ հասնի իր նպատակներից մեկին: Այսօր արդեն այդ նույն նպատակն ուղղված է ՀՀ Զինված ուժերին։
Ադրբեջանի համար ռազմավարական խնդիրը մնում է նույնը՝ զրկել Հայաստանին որևէ կենսունակ, մարտունակ և ինքնուրույն պաշտպանական համակարգ ունենալու հնարավորությունից։ Յուրաքանչյուր զիջում, յուրաքանչյուր միակողմանի պահանջ և բանակցային սեղանին պարտադրված նոր զիջում միտված է ՀՀ ՊՆ-ի դիրքերի թուլացմանը։
Հավերժ փառք և խոնարհում հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհաբերածներին»։