Շաբաթ, 19 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Պարտվեցինք նաև դավաճանությա՛ն արդյունքում»․ Վահե Լոռենց

«Պարտվեցինք նաև դավաճանությա՛ն արդյունքում»․ Վահե Լոռենց
45
Այսօր, 16:24

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը. «Սեպտեմբերի 19-ը․․․ Մեր պատմության հերթական սև էջը։ Երեք տարի առաջ հայաթափվեց Արցախը։ Բայց․ սեպտեմբերի 19-ը միայն տրամաբանական հետևանքն էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի։ Տրամաբանական հետևանքն էր 2020 թվականի նոյեմբերի 9-ին հաջորդած մեր անողնաշար կեցվածքի։
Այո՛, մենք պարտվեցինք։ Պարտվեցինք նաև դավաճանությա՛ն արդյունքում։ Բայց․ եկեք խոստովանենք, որ այդ պարտությունը տրամաբանական էր։ Որ մենք երեսուն տարիների ընթացքում չամրագրեցինք 1994 թվականի հաղթանակը։ Խոստովանենք, որ առաջին մեղավորը մե՛նք ենք։
Եվ եկեք անկեղծ լինենք․ այսօր, այս հարթակում որ սգում ենք, արդյո՞ք արեցինք ամեն կարելին, որ խուսափենք 2020 թվականի պարտությունից։ Ո՛չ․ չարեցի՛նք։ Արդյո՞ք գոնե փոքրիկ դաս առանք 2020 թվականի պարտությունից և նրա տրամաբանական շարունակությունը հանդիսացող 2023 թվականի Արցախի հայաթափումից։ Ո՛չ․ դաս չառանք։
Իհարկե՛, հայը ունի հայրենասեր, հայրենատեր շատ զավակներ։ Բայց, ավաղ, ավելի շատ ունի միայն հացիվ ապրող և իր ինքնության անհաղորդ մոլորյալ զավակներ, որոնց համար այս դժգույն օրը միայն օրացուցային հերթական «ապրիլի 24» է, երբ ինքը ծաղիկները ձեռքին, ժպիտը դեմքին «գնում է եղեռն», լայն ժպիտով նկարվում Ծիծեռնակաբերդի ֆոնին և երջանիկ ու անհաղորդ ապրում։
2020-ին հաջորդած իրադարձությունները ցույց տվեցին, որ հային Արցախը պետք չէր։ Հայն ուրացա՛վ Արցախը․․․
Հ․Գ․ Մի ցավալի բան ասեմ․ միջին հայերենում հայրենիք բառը նշանակում էր ոչ թե ամբողջական պատմական արեալ, ոչ թե Հայոց հավիտենական հայրենիքն ամբողջությամբ, այլ․․․ սեփականություն, կալվածք․․․ անգամ փոքրիկ այն հողակտորը, որն ունես որպես տնամերձ․․․
Այս ամենի խնդիրները առավել, քան խորքային են․․․ և մենք ամեն օր ոչ միայն Արցախ ենք հանձնում, այլև՝ հայրենիքի մնացած մասերը, մենք մեզ՝ մեր ինքնությունն ենք ամեն օր ու ամեն վայրկյան հանձնում․․․»։

Աղբյուրը`   Վահե Լոռենց