Շաբաթ, 19 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Արցախը հայրենիք է, որից զրկվեցինք իշխանության ստերի, անգործության պատճառով»․ Անուշ Միրզոյան

«Արցախը հայրենիք է, որից զրկվեցինք իշխանության ստերի, անգործության պատճառով»․ Անուշ Միրզոյան
44
Այսօր, 17:02

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանի գրառումը․ «Հիշո՞ւմ եք՝ ինչ էր հայտարարում մայր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ Ադրբեջանը 2023-ի սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Լեռնային Արցախի վրա, այն անվանելով «հակաահաբեկչական օպերացիա»:
Նույն օրը՝ 2023-ի սեպտեմբերի 19-ին Փաշինյանն ասում էր․ «Հայաստանի Հանրապետությանը ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերը մեզ համար անընդունելի են և մենք կառավարելու ենք այս գործընթացը, ինչքան էլ հասկանում ենք, սիրելի ժողովուրդ, այս իրադրությունում մեր բոլորի զգացողությունների էմոցիոնալ և բազմաթիվ այլ խնդիրներ: Բայց մենք չպետք է հնարավորություն տանք, որ որոշ մարդիկ, որոշ ուժեր՝ արտաքին, նաև ներքին, Հայաստանի պետականությունը դնեն հարվածի տակ»,- մեջբերման ավարտ։
Ադրբեջանի համար պարզ էր, որ եթե Հայաստանը պաշտոնապես հայտարարում էր, որ չի պատրաստվում օժանդակություն ցույց տալ Արցախին, 9 ամիս սովի մատնված բանակը երկար չէր կարող դիմագրավել ագրեսիային։
Բայց չէ որ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել էր, որ ՀՀ-ն Արցախի երաշխավորն է․ «Որևէ շահարկման տեղ չթողնելու համար հարկ եմ համարում ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա և կմնա Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը և կշարունակի իր ներգրավվածությունը խաղաղության գործընթացում»․ 2019 թ. մարտի 12-ին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստ, վարչապետ Նիկոլ Փաշինյան։
Ավելին՝ 2021–2026 թթ. Կառավարության ծրագրով նախատեսվում էր, որ՝ ԼՂ ժողովրդի անվտանգությունը պետք է լինի կառավարության գլխավոր խնդիրներից մեկը, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է ստանա խաղաղ և համապարփակ կարգավորում, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է հստակեցվի՝ այդ թվում ինքնորոշման իրավունքի հիման վրա, որ Հայաստանը պետք է շարունակի լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը։
Ուղղակի չկար միջամտելու ցանկություն, իսկ միջամտելու հիմքերը շատ էին․ մարդու իրավունքների կոպիտ խախտում, էթնիկ զտում, նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և այլն։
3 տարի առաջ՝ 2023-ին, այս օրը՝ սեպտեմբեր 19-ին Ադրբեջանը ռազմական օբյեկտների և մարտական դիրքերի հետ միաժամանակ ռմբակոծում էր նաև Արցախի բնակավայրերը։ Զոհվեց 223 մարդ, այդ թվում՝ 20 խաղաղ բնակիչ, որոնցից 6-ն անչափահաս էր․․․Արդյունքում մեր փառապանծ Արցախի Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ։
Կարծում եք Արցախը լուծարող թուղթը պե՞տք էր Ադրբեջանին։ Եթե Բաքուն իր որևէ գործողության մեջ պիտի հենվեր որևէ փաստաթղոի վրա, պարզ տրամաբանությունը հուշում է, որ մինչ այդ պիտի ընդուներ նրա գոյությունը, այդ թվում՝ իրավական տեսանկյունից: Ադրբեջանին իրականում պետք չէր այդ թուղթը։ Իսկ ո՞ւմ էր պետք։ Փաշինյանին էր պետք՝ պատասխանատվությունից խուսափելու համար, որպես ինքն իրեն արդարացնող քաղաքական թեզ։
Սակայն Փաշինյանը սխալվեց։ Նա ոչ միայն չի կարող ազատվել Արցախի կորստի համար իր պատասխանատվությունից, այլև այժմ ստիպված է կրելու Ալիևի նոր մեղադրանքների քաղաքական հետևանքները։ Հռչակված «խաղաղության» պայմաններում Ալիևն ընդամենը օրեր առաջ խոսում էր «հայկական պետության» գործած պատերազմական հանցագործությունների մասին։ Իսկ այդ պետության ղեկավարը հենց Նիկոլ Փաշինյանն է, հետևաբար՝ Ալիևի մեղադրանքների հասցեատերը հենց նա է, բայց փոխարենը՝ Արցախի էթնիկ զտման տարելիցին «խաղաղության» մրցանակ ստացող Փաշինյանը կրկին չի մոռանում երախտագիտությամբ հիշատակել Ալիևին։
Արցախի հայաթափումից 3 տարի անց Բաքվում շարունակում են պահվել գերիներ, պատանդառության մեջ է Արցախի ռազմաքաղակական ղեկավարությունը, Արցախի բնակչության խախտված իրավունքները վերականգնված չեն, Արցախի պատմամշակութային ժառանգությունը ոչնչացման վտանգի տակ է։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթություններից է լինելու միջազգային բոլոր հարթակներում հետևողականորեն բարձրաձայնել արցախահայության իրավունքների հարցը՝ պաշտպանելով նրանց անվտանգ, արժանապատիվ և հավաքական վերադարձի իրավունքը, ինչպես նաև սեփականության, մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման ու պաշտպանության հարցերը։
2026 թիվ։ Փաշինյանն ու նրա կուսակիցներն ասում են, որ մեր հայրենիքը միայն Հայաստանի Հանրապետությունն է։ Հիմա հարց․ ի՞նչ է Արցախը իմ ընկեր, գործընկեր Արեգա Հովսեփյանի համար։
Պատասխանը մեկն է՝ Արցախը հայրենիք է, որից զրկվեցինք իշխանության ստերի, անգործության պատճառով։
Փառք բոլոր նահատակներին»։

Աղբյուրը`   Անուշ Միրզոյան