Չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան
36
Այսօր, 01:06

Ջերմուկի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին։
Այն դեպքում, երբ բազմաթիվ զբոսաշրջիկներ, անցնելով հարյուրավոր կիլոմետրեր, հասնում են Շաքիի ջրվեժ և ստիպված են այնտեղ սպասել, մինչև ջրվեժը «միացնեն», կամ էլ պարզապես հեռանում են՝ առանց այն տեսնելու։
Օրերն արդեն կարճացել են։ Տուրիստական ընկերություններն ու կազմակերպությունները փորձում են այդ կարճ օրվա ընթացքում հնարավորինս ճիշտ կազմակերպել երթուղին և զբոսաշրջիկներին ցույց տալ հնարավորինս շատ տեսարժան վայրեր։
Շաքիի ջրվեժը այդ կարևոր ուղղություններից մեկն է։
Սակայն ջրվեժի մոտ երկար սպասելու պատճառով ամբողջ օրվա գրաֆիկը կարող է խախտվել։ Շատ դեպքերում նախապես ամրագրված են Տաթևի ճոպանուղու տոմսերը, նախապես պայմանավորված են սնվելու ժամերը, իսկ երթուղու մեջ ներառված են նաև Տաթևի վանքը, Խնձորեսկը և այլ տեսարժան վայրեր։
Եվ եթե այս ամենին ավելանում է Երևան վերադարձը, հատկապես միկրոավտոբուսներով, ուշ ժամի ճանապարհը դառնում է ոչ միայն հոգնեցուցիչ, այլև անվտանգության լրացուցիչ խնդիր է ստեղծում թե՛ վարորդի, թե՛ ուղևորների համար։
Ես ինքս երկար տարիներ աշխատել եմ ՀԷԿ-ում և շատ լավ հասկանում եմ, որ ՀԷԿ-ը կարևորագույն օբյեկտ է, և ես ամենևին էլ դեմ չեմ ՀԷԿ-ի աշխատանքին։
Բայց կարծում եմ՝ պետք է գտնել այնպիսի լուծում, որպեսզի ՀԷԿ-ի աշխատանքը չխոչընդոտի Շաքիի ջրվեժ այցելող զբոսաշրջիկներին։
Առաջարկս շատ պարզ է․ եթե տեխնիկական և իրավական առումով հնարավոր է, գոնե մեկ ժամ ավելի շուտ՝ ժամը 10:00-ին, սկսենք ջրվեժի բնականոն աշխատանքը։
Մեկ ժամը կարող է թվալ շատ փոքր ժամանակ, բայց զբոսաշրջային երթուղու համար այն կարող է վճռորոշ լինել։
Եկեք փորձենք գտնել այնպիսի լուծում, որի արդյունքում և՛ ՀԷԿ-ը կաշխատի, և՛ զբոսաշրջիկը չի կանգնի ջրվեժի մոտ՝ սպասելով, թե երբ այն «կմիացնեն»»։

Աղբյուրը`   Շիրակ Բունիաթյան