Կիրակի, 18 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը

Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը
131
Այսօր, 00:42

Թուրքիայի Անթալիա նահանգի Քեքովա կղզու մոտ հայտնաբերվել են շուրջ 4400–4700 տարվա վաղեմության նավաբեկության հետքեր։ Գտածոն համարվում է կարևոր հնագիտական բացահայտում, որը կարող է նոր տեղեկություններ հաղորդել Միջերկրական ծովում հնագույն առևտրի և նավագնացության մասին։
Ստորջրյա ուսումնասիրությունների ընթացքում հնագետները հայտնաբերել են ավելի քան 30 կերամիկական անոթներ՝ ամֆորաներ, ինչպես նաև 3 խոշոր քարե խարիսխներ։ Դրանք գտնվում են ծովի հատակին՝ մոտ 30 մետր խորության վրա։ Մասնագետների գնահատմամբ՝ նավի երկարությունը կարող էր հասնել մոտ 10 մետրի։
Նավի տարիքը որոշվել է անոթների ձևի և պատրաստման առանձնահատկությունների հիման վրա։ Դրանց նման նմուշներ հայտնաբերվել են նաև Եգիպտոսում և Մերձավոր Արևելքում։ Գիտնականները ներկայումս ուսումնասիրում են անոթների ներսում պահպանված նստվածքները՝ պարզելու համար, թե ինչ ապրանքներ են տեղափոխվել նավով։ Նախնական վարկածների համաձայն՝ դրանք կարող էին լինել ձիթապտղի յուղ, գինի կամ ծառախեժեր։
Հնագետների ենթադրությամբ՝ նավը կարող էր Միջերկրական ծովի արևելյան ափերից ուղևորվել դեպի Տրոյա կամ Կրետե կղզի։ Գտածոն վկայում է, որ հազարավոր տարիներ առաջ տարածաշրջանում արդեն գոյություն ունեին առևտրային զարգացած ուղիներ։

Ստորջրյա ուսումնասիրությունների ընթացքում հնագետները հայտնաբերել են ավելի քան 30 կերամիկական անոթներ՝ ամֆորաներ, ինչպես նաև 3 խոշոր քարե խարիսխներ
Ստորջրյա ուսումնասիրությունների ընթացքում հնագետները հայտնաբերել են ավելի քան 30 կերամիկական անոթներ՝ ամֆորաներ, ինչպես նաև 3 խոշոր քարե խարիսխներ

Խորտակված նավի հետագա ուսումնասիրությունները կարող են օգնել ավելի լավ հասկանալ բրոնզի դարաշրջանի ծովային առևտրի առանձնահատկությունները և այդ ժամանակաշրջանի քաղաքակրթությունների միջև կապերը։
Քեքովա կղզու մոտ հայտնաբերված նավը այժմ գլխավորում է աշխարհի հնագույն խորտակված նավերի ցանկը, հայտնում է BBC-ն։ Նախկինում ռեկորդակիրը համարվում էր Հունաստանի հարավում՝ Դոկոս կղզու ափերի մոտ խորտակված նավը, որի տարիքը շուրջ 4200 տարի է։

Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը