Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտությունը

Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտությունը
65
Այսօր, 22:13

Tidal երաժշտական սթրիմինգային հարթակը 2026 թվականի դեկտեմբերի 9-ից կմերժի և կհեռացնի գեներատիվ արհեստական բանականության (ԱԲ) միջոցով ամբողջությամբ ստեղծված ձայնագրությունները։ Փոփոխությունների մասին ծառայությունը հայտնել է ԱԲ օգտագործման թարմացված քաղաքականության մեջ։
Մինչև արգելքի ուժի մեջ մտնելը նման ստեղծագործությունները թույլատրվում են հարթակի կանոնների պահպանման դեպքում։ Դրանք նշվում են հատուկ պիտակով և հաշվի չեն առնվում հեղինակային վարձատրությունների (ռոյալթիների) բաշխման ժամանակ։
Ունկնդիրներն արդեն իսկ կարող են կարգավորումներում անջատել ԱԲ-նշումով ձայնագրությունների նվագարկումը։ Դրանից հետո այդ ստեղծագործություններն աստիճանաբար անհետանում են նաև անհատական առաջարկներից։ Գործող քաղաքականության մեջ ընկերությունը պարզաբանում է, որ կենտրոնացել է ամբողջությամբ գեներացված ձայնագրությունների վրա՝ ճանաչման տեխնոլոգիաների սահմանափակումների և սխալ արձագանքման ռիսկի պատճառով։ ԱԲ-ի օգնությամբ մասամբ ստեղծված երաժշտությունը կարող է մնալ առանց մակնշման։
Այն կատարողները, որոնց ձայնագրությունները սխալմամբ բնորոշվել են որպես ամբողջությամբ գեներացված, կարող են վիճարկել որոշումը աջակցման ծառայության միջոցով։