Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Նիկոլը ստիպում է մոռանալ, որ հայ ազատագրական շարժումները ձևավորվել են խորհրդային իշխանության հաստատումից շատ առաջ»․ Արմեն Հովասափյան

«Նիկոլը ստիպում է մոռանալ, որ հայ ազատագրական շարժումները ձևավորվել են խորհրդային իշխանության հաստատումից շատ առաջ»․ Արմեն Հովասափյան
60
Այսօր, 17:36

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլի այն պնդումը, թե «Հայաստանում հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ՝ Ստալինի աշխարհաքաղաքական ամբիցիաները բավարարելու համար», հերթական փորձն է՝ վերանայելու հայկական ազգային ինքնագիտակցության պատմական հիմքերը։
Փաշինյանի ներկայացրած տրամաբանությամբ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ստալինը, Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնություններ ունենալով և վերջինիս՝ արևմտյան ճամբարում հայտնվելը դիտարկելով որպես աշխարհաքաղաքական մարտահրավեր, Հայաստանում ձևավորել է հայրենասիրության որոշակի մոդել, որն ամրապնդվել է 1950–60-ական թվականների գրականության և կինոյի միջոցով։
Եթե փորձենք կոռեկտության սահմաններում անդրադառնալ այս պնդմանը, ապա պետք է արձանագրել, որ այստեղ պատմական փաստերը միավորվում են կամայական եզրակացությունների հետ և վերից վար ենթարկվում աղավաղման։
Այո՛, Ստալինը 1945 թվականից հետո տարածքային պահանջներ է ներկայացրել Թուրքիային՝ մասնավորապես Կարսի և Արդահանի հարցում։ Սա գաղտնիք չէ։ Ավելին, Պոտսդամի կոնֆերանսից հետո էր, որ նա հայտարարեց՝ «Поход на Стамбул временно отменяется»։ Այդ շրջանում Հայկական հարցը ներառվել է խորհրդային արտաքին քաղաքականության հաշվարկներում, իսկ հայրենադարձության գործընթացը նույնպես օգտագործվել է Մոսկվայի աշխարհաքաղաքական նպատակներով։ Խորհրդային իշխանությունը փորձել է հայկական ազգային զգացմունքները ծառայեցնել սեփական շահերին, բայց դա բոլորովին այլ հարց է, քան հայկական հայրենասիրության ծագումը բերել ու «խցկել» ստալինյան քաղաքականության տիրույթ։
Նիկոլը կարծես ստիպում է մոռանալ, որ հայ ազատագրական շարժումները, պետականության վերականգնման գաղափարները, ազգային ինքնության պահպանման պայքարը և հայրենիքի նկատմամբ պատասխանատվության գիտակցությունը ձևավորվել են խորհրդային իշխանության հաստատումից շատ առաջ։ XVIII դարի ազատագրական ծրագրերից մինչև XIX դարի ազգային-ազատագրական շարժումները, 1885 թվականին Արմենական կուսակցության ստեղծումը և Առաջին Հանրապետության հռչակումը հայկական ազգային գիտակցությունն ունեցել է իր ինքնուրույն պատմական զարգացումը։ Դրա շարունակականության վկայությունն էր նաև 1921 թվականի փետրվարյան ապստամբությունը։
Փաշինյանն այստեղ նույնացնում է երկու տարբեր երևույթ՝ ազգային զգացմունքների քաղաքական շահագործումն ու դրանց պատմական ծագումը։ Այն, որ Ստալինը փորձել է հայկական ազգային հարցն օգտագործել Թուրքիայի նկատմամբ իր քաղաքականության մեջ, ամենևին չի նշանակում, որ հայ ժողովրդի հայրենասիրությունը ծնվել է Ստալինի աշխարհաքաղաքական հավակնություններից։
Իսկ ինչո՞ւ է այս պատմական վերաիմաստավորումն անհրաժեշտ Փաշինյանին։

Պատասխանը պետք է փնտրել «Իրական (Պարտադրված) Հայաստանի» ֆեյքի մեջ։ Այդ կեղծ գաղափարախոսությունն առաջ մղելու համար անհրաժեշտ է վերանայել ոչ միայն Հայաստանի պատմական սահմանների ու ազգային պահանջների ընկալումը, այլև հայրենասիրության բովանդակությունը։ Պատմական հիշողությունը, ազգային նպատակներն ու պետականության վերականգնման ձգտումը ներկայացվում են որպես անցյալի քաղաքական ազդեցությունների հետևանքներ, որոնցից ազատվելը պետք է դառնա նոր պետական մտածողության պայման։ Այս մոտեցման մեջ հայրենասիրության ընդունելի սահմանները որոշվում են գործող իշխանության քաղաքական առաջնահերթություններով։ Այն ամենը, ինչը չի տեղավորվում այդ ֆեյքի աշխարհայացքի մեջ, կարող է ներկայացվել որպես հին մտածողության մնացուկ, արտաքին քաղաքական կախվածության արդյունք կամ նույնիսկ ազգային շահերին հակասող երևույթ։
Նույնքան անհիմն է 1950–60-ական թվականների հայկական գրականությունն ու կինոն ներկայացնել որպես ստալինյան աշխարհաքաղաքական նախագծի գործիք։ Դրանցում խորհրդային գաղափարախոսության ազդեցության առկայությունը դեռևս հիմք չէ ազգային բովանդակությունը ստալինյան քաղաքական պատվերի վերածելու համար։
Փաստերի փոխարեն պատճառահետևանքային կապերի նմանակում առաջարկելով՝ Նիկոլը խորհրդային իշխանության կողմից հայկական ազգային զգացմունքների քաղաքական շահագործումը նույնացնում է դրանց պատմական ծագման հետ՝ անտեսելով մինչխորհրդային ազգային պատմությունը։
Ստալինը կարող էր փորձել օգտագործել հայկական հայրենասիրությունը սեփական աշխարհաքաղաքական նպատակների համար, բայց չէր կարող լինել դրա հեղինակը։ Սա է պատմական փաստի և Նիկոլ Փաշինյանի կամայական մեկնաբանության միջև եղած հիմնարար տարբերությունը»։

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան