Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Չկոռումպացված, մրցունակ, փոփոխվող իշխանությամբ Հայաստանը Կրեմլի պլաններից դուրս է». ռուս քաղաքագետ

«Չկոռումպացված, մրցունակ, փոփոխվող իշխանությամբ Հայաստանը Կրեմլի պլաններից դուրս է». ռուս քաղաքագետ
1647
Ուրբաթ, 03 օգոստոսի, 2018 թ., 20:05

Ռուս քաղաքագետ Վլադիսլավ Ինոզեմցևը «Էխո Մոսկվի»-ի իր սյունյակում, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանն ու ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի՝ գրավի դիմաց ազատ արձակմանը՝ հետագա կալանքի նպատակով, գրել է, որ դա կարող է շրջադարձային կետ հանդիսանալ Հայաստանի և Ռուսաստանի համար:

Ինոզեմցևը գրում է. «Թեպեդ պաշտոնական Մոսկվան բավականին գրագետ նշեց, որ լիովին անպիտան այդ կազմակերպության ղեկավարի պաշտոնակատարը կշարունակի լինել Երևանի նշանակած մարդը, դժվար է հավատալ, թե Կրեմլում հավանում են Հայաստանի նոր ղեկավարին:

Եվ պատճառն այն չէ, որ Փաշինյանի ղեկավարած ժողովրդական ցույցերը քանդեցին «շարունակականությունն» այն սխեմայի, որ, հավանաբար, ռուսական քաղաքական էլիտան դիտարկում էր որպես «Պուտինի» «հավերժացման» հիմնասյուներից մեկը: Ու այն էլ չէ, որ հայաստանյան իրադարձությունները լրջորեն խոցեցին ռուսական խոշոր բիզնեսի հետաքրքրությունները, որը հիմա բախվում է առավել մեծ խնդիրների: Պատճառն այն է, որ հայ հեղափոխականները դիպան (ու երևի՝ շատ ցավոտ) «ամենասուրբ» բանին, որ կա հետխորհրդային տարածքում. դա իշխանության «բնական» իրավունքն է՝ ժողովրդին թալանելու, երկիրը որպես իր սեփականություն դիտարկելու և այս ամենով հանդերձ՝ կատարյալ անպատիժ մնալու:

Նման իրավիճակ ոչ երեկ է ձևավորվել, ոչ էլ, որքան էլ սարսափելի է ասել, անգամ Պուտինի օրոք: Նորահայտ անկախացած պետությունների հարստությունը միահեծան տնօրինելու ցանկությունը եղել է եթե ոչ խորհրդային առանձին ղեկավարների, ապա քաղաքական էլիտայի մոտ:

Եվ առաջին իսկ հետխորհրդային տասնամյակում «նոր կարգը» ձևավորվեց ամենուրեք, իսկ հետագայում տեղի ունեցածը միայն այս ամենի կատարելագործումն էր: Քաղաքականությունը դարձավ փողի հոմանիշ, իսկ շատ դեպքերում՝ կրիմինալի: Ռուսաստանն այս ֆոնին առանձնանում է միայն «հափշտակված» ակտիվի չափերով և իր հանցակիցներին նվիրվածությամբ, որոնք ավելի ու ավելի հաճախ են այստեղ «երկրորդ հայրենիք» գտնում (եթե չեմ սխալվում, դա սկսվեց Ասլան Աբաշիձեից՝ 2004-ին, իսկ Վիկտոր Յանուկովիչը հաստատ վերջին հանգրվանած հալածյալը չէ):

Կրեմլի համակարգը՝ «մերոնքական-ոչ մերոնքական», անսխալորեն բացահայտում է թշնամիներին: Միակն, ում Կրեմլը չի կարողանում ներել ու երբեք էլ չի ների, Միխայիլ Սաակաշվիլին է: Ու ոչ թե Օսեթիայի պատերազմի համար, ի վերջո այդտեղ Ռուսաստանը միայն շահեց՝ ստանալով առիթ Վրաստան ներխուժելու: Այլ այն բանի համար, որ Սաակաշվիլին ծայրահեղական պայքար էր մղում կաշառակերության ու հանցավոր տարրերի դեմ ինչպես իր հայրենիքում, այնպես էլ, թեև նվազ արդյունքներով, դրա սահմաններից դուրս: Անգամ Ուկրաինան այսօր չի դիտվում որպես թշնամի. Պյոտր Պորոշենկոյի իրական նպատակները շատ պարզ են, նրա շրջապատի աշխատանքային մեթոդները՝ նույնպես: Դե իսկ այժմ նախագահական վարկանիշային ցուցակում առաջատար Յուլիա Տիմոշենկոյին՝ ուկրաինական կոռուպցիայի «տատիկին» սպասելով ռուս առաջնորդների աչքը ջուր կտրեց: Այս ֆոնին հայ նոր վարչապետը, թեկուզ և գրեթե ամեն շաբաթ ընդունելության է արժանանում կաʹմ Մոսկվայում, կաʹմ Պետերբուրգում, «մերոնքական» չի թվում: Մոսկվան խելամտորեն ուշադրություն չդարձրեց (գոնե՝ առայժմ) իշխանության գալու նրա մեթոդներին, բայց, վախենամ, Հայաստանի վերածումը նորմալ գործող, չկոռումպացված պետության՝ մրցունակ տնտեսությամբ և հասկանալի գործընթացներով փոփոխվող իշխանությամբ, ամենաքիչն է մտնում Կրեմլի պլանների մեջ: Հնարավոր է, Մոսկվան ծայր աստիճան հետաքրքրված է Անդրկովկասում քաղաքական ու ռազմական ներկայությամբ և ինչ-որ բան պատրաստ է հանուն դրա զոհաբերել, բայց ոչ այն համակարգի տապալումը, որն իր համար միակ ընդունելին է համարում:

Կապերը Ռուսաստանի հետ (ընդ որում՝ ոչ միայն ռազմաքաղաքական, այլ նախ և առաջ՝ տնտեսական), ծարաստիճան կարևոր են Հայաստանի համար և Երևանը դա հասկանում է: Պետք է փորձել դրանք պահպանել, բայց չարժի հույս ունենալ, որ ազնիվ քաղաքական գործչի համար տեղ կգտնվի այն «կլոր սեղանի» շուրջ, որի մոտ նրան դեռ թողնում են: «Ոչ մերոնքական»-ի ազդանշանը դեռ բարձր չի աղաղակում, բայց վաղուց է հասել նրանց, ում ուղղված էր: Մոսկվան դեռ հույս ունի, որ Փաշինյանը «հաշիվները կմաքրի» իր թշնամիների հետ (սա նույնպես հետխորհրդային քաղաքականության ավանդույթներից է, ուստի նորմալ կհամարվի) ու կանցնի աշխարհի այս հատվածի երկրների առաջնորդների համար նորմալ համարվող ուղուն: Բայց եթե այս տարբերակը չի մտնում Հայաստանի նոր իշխանությունների ծրագրերի մեջ, ապա նա պետք է արդեն հիմա մտահոգվի ապագայի մասին:

Ինձ թվում է՝ հայերը պետք է 2 ուղղությամբ կենտրոնանան: Մի կողմից՝ առավելագույն արագությամբ տնտեսական բարեփոխումներ (միամտություն կլիներ կարծելը, թե երկրի խնդիրների պատճառը միան կոռուպցիան է. անգամ եթե արմատախիլ արվեն մենաշնորհները, որոնցով ճարպակալել են երկիր բանան ներկրողները, դա չի ազդի ոչ դրամային փոխանցումների, ոչ ներկրումից կախվածության վրա), ինչը դեռ չի սկսվել ու երևի չի էլ սկսվի մինչև նոր ընտրություններ: Մյուս կողմից էլ պետք է հրաժարվել էթնիկ երկրի մոդելից, երբ ղեկավարները հույսները դնում են միայն սփյուռքի վրա, իսկ արտասահմանում հանդիպում են միայն իրենց հաջողակ հայրենակիցների հետ: Եթե անդրկովկասյան նոր ժողովրդավարական երկիրը հավատ չներշնչի բոլոր ազգությունների ներդրողների շրջանում, ապա այն, ցավոք, չի գոյատևի ժամանակակից աշխարհում:

Արդյո՞ք այս ամենը կհաջողվի Հայաստանի նոր իշխանութուններին. ուզում եմ հավատալ: Բայց չպետք է մոռանալ, որ այդ դեպքում մնալ «մերոնքական» ռուս քաղաքական էլիտայի համար գրեթե անհնար է: