«Ադրբեջան իմ մուտքի արգելքը կանդրադառնա Բեռլին-Բաքու հարաբերությունների վրա»․ Վայլեր
![]() 625 Շաբաթ, 25 օգոստոսի, 2018 թ., 20:35 Պաշտոնական Բաքվի որոշումը՝ արգելել «Բունդեսթագի» պատգամավորի՝ կանցլերի պաշտոնական պատվիրակության անդամի մուտքն Ադրբեջան, իր ազդեցությունը կունենա գերմանա-ադրբեջանական հարաբերությունների վրա: Այսօր այս մասին, «Ազատության» հետ զրույցում, ասաց ինքը՝ Ալբերտ Վայլերը: Նա Գերմանիայի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ է, 2013 թվականից Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատի՝ «Բունդեսթագի» պատգամավոր: Վայլերն ընդգրկված էր կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած պատվիրակության կազմում: Պատվիրակությունն այցելեց Թբիլիսի, Երևան, իսկ այսօր առավոտյան մեկնեց Բաքու: Գերմանիայի կանցլերի հարավկովկասյան այցի նախօրեին պաշտոնական Բաքուն արգելեց Ալբերտ Վայլերին՝ մուտք գործել Ադրբեջան, պատճառաբանելով, թե նա ժամանակին այցելել է Ղարաբաղ՝ առանց Բաքվի թույլտվության: Վայլերը մնաց Երևանում, իսկ գերմանական պատվիրակությունը Բաքու մեկնեց առանց նրա: «Այո, դա [պաշտոնական Բաքվի որոշումը] անդրադառնալու է գերմանա-ադրբեջանական հարաբերությունների վրա, այն միանշանակ իր ազդեցությունն է ունենալու: Եվ եթե հետևել եք՝ գերմանական ԶԼՄ-ների միջոցով արդեն իսկ այդ ազդեցությունը նկատելի է դառնում»,- «Ազատությանն» ասաց գերմանացի պատգամավորը: Ըստ Վայլերի, պարզ չէ, թե նման քայլով Ադրբեջանն ինչ ուղերձ է ցանկանում հղել: «Այդ մասին պետք է հարցնել Ալիևին»,- ասաց նա, շարունակելով․ «Ալիևը խոչընդոտում է երկխոսությունը՝ արգելելով այն մարդկանց մուտքն Ադրբեջան, ովքեր եղել են Լեռնային Ղարաբաղում: Որպեսզի համապարփակ պատկերացում կազմեմ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, ես պետք է ծանոթանամ ոչ միայն հայկական տեսակետներին, այլև պետք է այցելեմ Ադրբեջան ու այնտեղ լսեմ մարդկանց տեսակետը, ներկա լինեմ քննարկումներին: Ինձ զրկեցին այդ հնարավորությունից։ Արգելել իմ մուտքն Ադրբեջան այն պատճառով, որ եղել եմ Լեռնային Ղարաբաղում, դա չի բխում ժողովրդավարության սկզբունքներից»: Վայլերի խոսքով՝ որևէ պատճառ չկա, որպեսզի ինքը կրկին չայցելի Ստեփանակերտ, թեև իր նոր այցելության հստակ ժամկետներ դեռևս չկան: «[Պաշտոնական Բաքվի այս որոշմանը] Գերմանիայի իշխող ուժի ներսում տարբեր էին արձագանքները: Մասնավորապես, պահպանողականներն ասացին, որ պետք է չեղարկել Անգելա Մերկելի այցն Ադրբեջան: Կային այնպիսիք, ովքեր նշեցին՝ եթե չգնանք Ադրբեջան, կզրկվենք ղարաբաղյան հարցի կարգավորմանը մասնակցություն ունենալու հնարավորությունից, իսկ Գերմանիան աջակցում է այդ խնդրի խաղաղ կարգավորմանը: Ուստի՝ մենք պետք է գնանք: Խոսեցի նաև կանցլեր Անգելա Մերկելի հետ, ի վերջո որոշեցինք գնալ Բաքու, խոսել, որպեսզի ցույց տանք, որ շահագրգռված ենք ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմամբ»,- ասաց Վայլերը: Անդրադառնալով երեկ Երևանում կայացած հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններին, Ալբերտ Վայլերն ասաց, թե գերմանական պատվիրակության կազմում արձագանքը «միայն դրական է»: Գերմանացի պատգամավորին խնդրեցինք մեկնաբանել Անգելա Մերկելի մասնակցությամբ երեկ կայացած ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «[ԳԴՀ կանցլերի] այցից հետո համատեղ օրակարգ կունենանք տարբեր ոլորտներում համագործակցության շուրջ ու կաշխատենք այդ օրակարգն իրականացնելու ուղղությամբ»: Ալբերտ Վայլերն այս առնչությամբ նշեց․ «Համատեղ գործողությունների ծրագրին ամբողջությամբ դեռ ծանոթ չեմ, սակայն երկու կարևոր կետ կա, որոնց կցանկանայի անդրադառնալ: Առաջին՝ աջակցություն Հայաստանին՝ Սիրիայից եկած փախստականների հարցում, որպեսզի այստեղ ավելի լավ հոգ տանեն այն մարդկանց մասին, ովքեր եկել են Սիրիայից: Երկրորդ՝ տնտեսական համագործակցությունը: Այս երկու կետերը, թերևս, կլինեն այդ համատեղ գործողությունների կարևոր հենասյուները»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
