2018 թվական. դրամատիկ տարվա ամփոփումը
![]() 493 Երկուշաբթի, 31 դեկտեմբերի, 2018 թ., 21:05 2018-ի սկզբին, երբ Սերժ Սարգսյանը գնահատում էր 2017 թվականի իրադարձությունները, ասաց, որ դա «միակ տարին էր, երբ փողոցներում միտինգներ չկային...»: Սարգսյանը չէր էլ պատկերացնում, որ ամիսներ անց 2018-ն իր և հայ ժողովրդի համար դառնալու է ճակատագրական շրջադարձի տարի: 2018-ի մարտի 31-ին Գյումրիից մեկնարկեց ՔՊ ղեկավար, ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քայլարշավը: Նա հայտարարեց, որ քայլերթը տևելու է 14 օր ու ավարտվելու է Երևանի Ազատության հրապարակում: «Սերժ Սարգսյանը պատրաստվում է դրժել ՀՀ քաղաքացիների հետ ժամանակին կնքած պայմանագիրը՝ այն պարտավորությունը, որը նա ստանձնել է 2014-ին, երբ հայտարարել է, որ այլևս չի հավակնելու պետության ղեկավարի պաշտոնին: Հիմա նա գիտակցաբար գնում է այդ քայլին: Մենք քայլում ենք՝ հանուն քաղաքացու հաղթանակի»,- ասաց Փաշինյանը: Նշված օրը՝ ապրիլի 13-ին, նա՝ հազարավոր կողմնակիցների հետ հասավ Երևան ու շրջափակեց Ֆրանսիայի հրապարակը: Ապրիլի 17-ին, սակայն, ոստիկանական ուժերի լիակատար շրջափակման պայմաններում Ազգային ժողովը վարչապետ ընտրեց Սերժ Սարգսյանին: Սկսվեց բուռն, դրամատիկ ու հեղափոխական պայքարը՝ շուրջօրյա հանրահավաքներ, բողոքի լայնածավալ ակցիաներ, երթեր, ցույցեր, գործադուլ-դասադուլներ… Սերժ Սարգսյանը համաժողովրդական ընդվզման առաջնորդին կոչ արեց նստել բանակցությունների սեղանի շուրջ: Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր պայմանները՝ պատրաստ են քննարկել միայն Սերժ Սարգսյանի հեռացման, հրաժարականի ժամկետները: Ապրիլի 22-ին Մարիոթ հյուրանոցում հանդիպեցին Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը: «Դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից»,- ասաց Սարգսյանը: Փաշինյանը նշեց, որ որևէ մեկը չի համարձակվել ու չի կարող համարձակվել խոսել սպառնալիքների տոնով, ապա հայտարարեց, որ Սարգսյանը չի պատկերացնում Հանրապետությունում իրավիճակը, և որ ՀՀ-ում իշխանությունն անցել է ժողովրդի ձեռքը: Մի քանի րոպե տևած հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հեռացավ հյուրանոցից: Նույն օրը՝ Էրեբունիում քայլերթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը ձերբակալվեցին: Հանրության ընդվզումն ահագնացավ, երկրում բնականոն կյանքը կաթվածահար էր եղել: Ժողովրդի ճնշման ներքո ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց՝ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի»: ՀՀԿ-ն մայիսի 1-ին դեմ քվեարկեց ՀՀ վարչապետի՝ ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը. մեկ շաբաթ շարունակվող համաժողովրդական շարժումն այլ ելք չէր թողնում Հանրապետական կուսակցությանը՝ մայիսի 8-ին չխոչընդոտել Փաշինյանի ընտրությանը. 59 կողմ, 42 դեմ ձայներով Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Երկրում սկիզբ առան կոռուպցիոն լայնածավալ բացահայտումներն ու ձերբակալությունները: Հունիսի 16-ին ԱԱԾ-ն սկանդալային տեսանյութ տարածեց Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում իրականացված խուզարկությունների մասին, որի արդյունքում հայտնաբերվել էին մեծ քանակությամբ զենք-զինամթերք, ՊՆ-ին նվիրված մեքենաներ, բազմաթիվ անհատների և կառույցների, այդ թվում՝ Հայաստանի դպրոցների աշակերտների կողմից հավաքված և ուղարկված, զինվորի համար նախատեսված սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ և նամակներ: Գրիգորյանը զրկվեց մանդատից ու ձերբակալվեց: Հուլիսի 8-ին Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից: Դրանից 2 ամիս անց տեղի ունեցան Երևանի ավագանու ընտրություններ: Ընտրություններում հաղթեց «Իմ քայլը» դաշինքը, որին կողմ քվեարկեց ընտրողների 81,06 տոկոսը: Քաղաքապետի պաշտոնն ստանձնեց Հայկ Մարությանը: Հունիսի 25-ին բերման ենթարկվեցին Սերժ Սարգսյանի եղբորորդի Սաշիկ Սարգսյանը, նրա որդի՝ Հայկ Սարգսյանը, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը: Միջազգային հետախուզում հայտարարվեց ու հայտնաբերվեց Սաշիկ Սարգսյանի մյուս որդի Նարեկ Սարգսյանը: Հետախուզում է հայտարարված Սերժ Սարգսյանի եղբորորդի Լևոն Սարգսյանի նկատմամբ: Սկանդալային ձերբակալությունների շարքը հասավ ՀՀ երկրորդ նախագահին: Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրվեց Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Պաշտպանության նախին նախարար Միքայել Հարությունյանին: Ուշագրավ հաջորդ իրադարձությունը սեպտեմբերի 11-ին՝ համացանցում հայտնված ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումն էր՝ Քոչարյանի, Խաչատուրովի կալանքի մասին: Արթուր Վանեցյանը պարզաբանեց, որ խոսակցությունները եղել են մոնտաժված ու ներկայացված որպես մեկ ամբողջություն: Գաղտնալսման հիմնական պատճառներից մեկը նա նշեց իր վրա ճնշում գործադրելու փորձը, որպեսզի հրաժարական տա, ինչի հետևանքով ԱԱԾ-ն կթուլանա: Հոկտեմբերի սկզբին ԱԺ-ի արձակումը թույլ չտվող օրինագծի ընդունումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Բաղրամյան պողոտայում կազմակերպվեց բազմամարդ հանրահավաք, որի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական նախարարներին պաշտոններից ազատելու մասին, քանի որ վերջինների պատգամավորները ՀՀԿ-ի հետ միասին կողմ էին քվեարկել ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունների նախագծին։ Տարին ավարտվեց վերջին ամսվա ուշագրավ իրադարձություններով. Գլխավոր դատախազը բնապահպանության նախկին նախարար, պատգամավոր Արամ Հարությունյանին կալանավորելու համաձայնություն տալու միջնորդություն ներկայացրեց ԱԺ, որի քննարկումը տապալվեց: «Մյուս Ազգային ժողովն այդ հարցին կանդրադառնա»,- հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Դեկտեմբերի 21-ին գրավի դիմաց ազատ արձակվեց գեներալ Մանվել Գրիգորյանը, որին հաջորդեցին էջմիածինցիների բողոքի ցույցերը: Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքը գրավով փոխարինելու միջնորդության քննությունը հետաձգվեց մինչև հունվարի 9-ը. ՀՀ երկրորդ նախագահն Ամանորը կդիմավորի բանտում: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24801:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
38100:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
464Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1094Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
483Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1298Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1241Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1045Երեկ, 14:24
