Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«ՆՓ-ի կառավարությունը դատապարտված է այս հարցերում ունենալ ՍՍ-ի «հաջողությունները»». Հրանտ Բագրատյան

«ՆՓ-ի կառավարությունը դատապարտված է այս հարցերում ունենալ ՍՍ-ի «հաջողությունները»». Հրանտ Բագրատյան
415
Հինգշաբթի, 08 օգոստոսի, 2019 թ., 18:35

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես նշել էի 2 օր, առաջ հաջորդիվ անդրադառնալու եմ բյուջեին։ Եվ այսպես, օրերս Կառավարությունը և վարչապետ ՆՓ հայտարարեցին, որ 2019-ի առաջին կիսամյակում գրանցվել է բյուջետային եկամուտների աննախադեպ 25.1% աճ։ Վարչապետը նշեց նաև, որ ահա, տեսնում եք, բյուջեի եկամուտների 25-30% աճի մասին ասածս խոստումն իրականություն է դարձել։ Հակիրճ քննության առնենք խնդիրը։
1. Իրականությունը։ 2018-ի վերջին հաստատված 2019-ի բյուջեի եկամուտները նախատեսված են 1539.5 մլրդ դրամ, ինչը 2018-ի փաստացի կատարողականի նկատմամբ (1340.9 մլրդ դրամ, որն, ի դեպ, թերակատարվել է) ավել է 14.8%-ով։ Եթե 2019-ի բյուջեն կատարվի, ապա հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը (20.95%, առանց տեղականի) պարզապես կկրկնվի։ Առաջընթաց 2019-ի բյուջեով նախատեսված չէ։ 2019-ի առաջին կիսամյակում ստացվել են 758.3 մլրդ դրամի եկամուտներ 2018-ի 606.4-ի փոխարեն։ Այսինքն՝ բյուջեի 152 մլրդ դրամով առաջընթացի մասին խոսելը սխալ է. 2019-ի 1-ին կիսամյակին, ըստ բյուջեի, եկամուտները պետք է լինեին 606.4x1.148=696.1 մլրդ դրամ։ Սա կնշանակի, որ, այոʹ, իրականում ավել հավաքվել է՝ սոսկ 62 մլրդ դրամ կամ ավել է եղել 9%-ով։ Կարծում եմ՝ ճիշտ է այս մոտեցումը։
2. Պատմությունը։ Եթե հետևենք Կառավարության և ՆՓ տրամաբանությանը, ի գիտություն ընդունենք 2019թ առաջին կիսամյակի բյուջետային եկամուտների 23.1% աճը (25.1% - 2% գնաճ), ապա ՀՀ նորագույն պատմության մեջ 1994-2018թթ (1990-1993թթ բյուջեները ռուբլիով են եղել և չենք դիտարկում) առնվազն 7 տարի ավելի մեծ աճ է եղել։ Այսպես, 1995-ին ՀՀ բյուջեի եկամուտներն ավելի քան եռապատկվել են (աճ 321%)։ Հանելով այդ թվից գնաճը (176%), ապա ստանում ենք 145%։ 1997-ին այդ աճը եղել է 24.6% (38.6% - 14%), 1998-ին՝ 37.2%, 2002-ին՝ 26.4%, 2003-ին՝ 24.4%, 2006-ին՝ 28.2%, 2007-ին՝ 26.5%։ ՍՍ-ի կառավարման տարիներին նման աճեր, ավաղ, չեն եղել։ Այսինքն՝ 23.1% բյուջեի եկամուտների աճը (գնաճը հանած) սոսկ 8-րդ ցուցանիշն է ՀՀ անկախության տարիներին և ավելի շուտ միջին կարգի ցուցանիշ է։
3. Հեռանկարը։ Բյուջեի նույնիսկ այդ միջին դինամիկան (որն, իհարկե, լավ է) երկար պահպանել չի հաջողվի ոչ միջնաժամկետ և ոչ էլ երկարաժամկետ ժամանակահատվածում։ Նախ, վերը նշած 62 մլրդ դրամ բյուջետային եկամուտների հավելաճը հիմնականում ստացվել է toxic ճյուղերից (ավտոմեքենաների առուծախ, խաղեր և այլն)։ Սրանք toxic են, սպեկուլյատիվ են, քանզի դրանց հիման վրա նոր աճ գեներացնելն անհնարին է։ Բացի այդ, շուտով դրանք չեն լինելու։ Երկրորդ՝ հարկային ռեֆորմներն ընթանում են սխալ ճանապարհով։ Ինչպես նշված է կառավարական փաստաթղթում, ստրատեգիան անուղղակի հարկերի ընդլայնումն է։ Անուղղակի հարկերն սպառման հարկեր են։ Դրանց վճարողը ժողովուրդն է։ Հետևաբար, երկարաժամկետ հատվածում դրանց անընդհատ ընդլայնումը հարաբերականորեն աղքատացնում է ժողովրդին։ Աղքատացնելով ժողովրդին մենք նեղացնում ենք բյուջեի ընդլայնման բազան։ Արդյունքում, անուղղակի հարկերի գերակայության պայմաններում հնարավոր չէ շտկել ամենակարևոր ցուցանիշը՝ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը։ ՆՓ-ի կառավարությունը դատապարտված է այս հարցերում ունենալ ՍՍ-ի «հաջողությունները»։ Այսպիսով, ընթացիկ տարվա բյուջետային մուտքերի փոքրիկ ավելացումն ամենևին էլ արտառոց չէ ՀՀ վերջին 25 տարիների համար։ Առնվազն 7 տարի վիճակն ավելի լավ է եղել։ Ավելին, այդ «հաջողությունը» երկար չի տևելու։ Այլ հարց է, որ նախկինում (չհաշված ՍՍ-ի անպտուղ ժամանակահատվածը), երբ շատ ավելի լուրջ աճեր են եղել, դա հանրային քննարկման առարկա չեն դարձրել։ Պետք է աշխատել հանրության գիտակցության, այլ ոչ թե ենթագիտակցության վրա։ Իսկ դա, հավատացեք, երկար տարիների կյանք ունենալ չի կարող»։