Շաբաթ, 05 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Արթուր Դավթյանը «պահում է» իր սանիկին՝ բոյկոտելով դատարանի որոշումը. «Հրապարակ»

Արթուր Դավթյանը «պահում է» իր սանիկին՝ բոյկոտելով դատարանի որոշումը. «Հրապարակ»
323
Հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2019 թ., 09:50

«Դատախազության Հատուկ կարևորագույն գործերով վարչության նախկին պետ Վահագն Մուրադյանն առաջինն է եղել պատմության մեջ, ով դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազին՝ իրեն աշխատանքից ազատելու համար (նրան ազատել և նշանակել էին զինվորական դատախազի տեղակալ):

Դատարանը գլխավոր դատախազի հրամանը ճանաչել էր անվավեր, հրամանը Արթուր Դավթյանը բողոքարկել էր վերաքննիչ դատարանում՝ հընթացս խնդրելով Վ. Մուրադյանին՝ վերաքննիչում հայցից հրաժարվել, Մուրադյանն ընդառաջել՝ հրաժարվել էր հայցից, սակայն մի քանի ամիս հետո Արթուր Դավթյանը, խախտելով պայմանավորվածությունը, Վ. Մուրադյանին կրկին հեռացնում է ՀԿԳ վարչության պետի պաշտոնից, կրկին նշանակում զինդատախազի տեղակալ, Մուրադյանի պաշտոնում նշանակելով Լոռու դատախազ Արսեն Մարիտիրոսյանին, «որը դատախազությունում աշխատող իր սանիկներից մեկն է»։

Վ. Մուրադյանը կրկին դիմում է դատարան՝ արդեն վիճարկելով և՛ իր ազատումը, և՛ Լոռու դատախազի նշանակումը. դատարանը երկու գործն էլ վարույթ է ընդունում և կասեցնում դատախազի երկու հրամաններն էլ, սակայն Արթուր Դավթյանն այս երկու որոշումները չի կատարում։

Ավելին՝ դատախազության մեր աղբյուրը հայտնեց՝ «որպեսզի Դավթյանն իր սանիկին թողնի այդ պաշտոնում՝ կառուցվածքային փոփոխություններ է պատրաստվում իրականացնել»:

Մեզ հետ զրույցում Վահագն Մուրադյանը հաստատեց այս տեղեկությունները՝ նշելով, որ երկուսն էլ գնում են աշխատանքի, ինչն անթույլատրելի է:

«Քանի որ դատարանը երկու հայցերն էլ վարույթ է ընդունել, դրանք օրենքի ուժով կասեցվում են, դա հստակ պահանջ է՝ մինչև դատաքննության ավարտը, դատարանն էլ որոշում ունի։ Այդ որոշումն էլ հասանելի է և ինձ, և ղեկավարությանը։ Ես այդ որոշումն ուղարկել եմ, միջնորդել եմ, որպեսզի կասեցնեն, սակայն մինչ օրս դեռևս պատասխան չունենք։

Մարտիրոսյանը գնում է, գործով զբաղվում է, և, ըստ իս, անթույլատրելի է։ Անմիջապես պետք է կասեցվի պաշտոնավարումը․․․:Դուրս է գալիս, որ կասեցված վիճակում ես պիտի գործի չգնամ և գումար ստանա՞մ։ Արսեն Մարտիրոսյանը մինչև հիմա էնտեղ ապօրինի է աշխատում, փաստաթղթեր է ստորագրում։ Ես գնում եմ աշխատանքի, բայց որևիցե դատավարական գործողություններ չեմ կատարում, որևէ բան ինձ չի մակագրվում»,-ասում է նա։

Դատախազությունից էլ թեմայի վերաբերյալ, կարելի է ասել, հրաժարվեցին պարզաբանում տալ, քանի որ փոխանցեցին միայն «տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը» հերթապահ նախադասությունը։

Հիշեցնենք, որ մեկ հայցը Մուրադյանը ներկայացրել է օգոստոսի 30-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ գլխավոր դատախազի՝ 2018թ. որոշումն իրեն պաշտոնից փոխադրելու և այլ պաշտոնի նշանակելու մասին հրամանը: Երկրորդ հայցով էլ Մուրադյանը պահանջում է Արսեն Մարտիրոսյանին ՀԿԳ վարչության պետ նշանակելու հրամանը վերացնել»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: