Կիրակի, 20 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«ՀՀ-ի սոցիալական ապահովության համակարգը հայտնվել է խորքային արժեքային ճգնաժամի մեջ». Մհեր Մելքոնյան

«ՀՀ-ի սոցիալական ապահովության համակարգը հայտնվել է խորքային արժեքային ճգնաժամի մեջ». Մհեր Մելքոնյան
45
Այսօր, 15:48

ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության համակարգը հայտնվել է խորքային արժեքային և կառուցվածքային ճգնաժամի մեջ, որտեղ պետական քաղաքականության առաջնահերթությունները բացահայտորեն հակասում են հանրային արդարության և սոցիալական համերաշխության տարրական սկզբունքներին։
2011 թվականից ի վեր՝ շուրջ 15 տարի, Հայաստանում թաղման միանվագ նպաստը սահմանված է ընդամենը 200,000 դրամ։ Այս տասնամյակների ընթացքում տեղի ունեցած կուտակային աննախադեպ գնաճի, դրամի գնողունակության էական անկման և հուղարկավորության ծառայությունների կտրուկ թանկացման պայմաններում այդ գումարն իսպառ կորցրել է իր սոցիալական նշանակությունը՝ քաղաքացիներին թողնելով ծանրագույն ֆինանսական բեռի տակ հենց իրենց կյանքի ամենախոցելի ու ողբերգական պահերին։
Այս իրողության ֆոնին իշխանության վերջին որոշումը՝ թաղման նպաստի կիրառումը սահմանափակել և այն հատկացնել բացառապես սոցիալապես անապահով համարվող խմբերին, որպեսզի «խնայված» միջոցներով կենսաթոշակները մասնակիորեն ավելացվեն և իբր գնաճի կոմպենսացման պրոցես սկսվի, վերլուծական տեսանկյունից ոչ այլ ինչ է, քան սոցիալական քաղաքականության ձախողում։ Մեկ սոցիալական խմբի բազային իրավունքների ու երաշխիքների կրճատման հաշվին մյուս խմբին չնչին հատկացումներ անելը սոցիալական արդարություն չէ, այլ աղքատության ու զրկանքների վերաբաշխում սեփական քաղաքացիների միջև։
Այս անարդար քաղաքականության մերկացնող գլխավոր հակասությունը, սակայն, պետական ապարատի վարքագիծն է։ Ընդամենը օրեր առաջ իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին բարձրաստիճան պաշտոնյաների և չինովնիկների աշխատավարձերի հերթական բարձրացման մասին։ Սա բացահայտում է կառավարման համակարգի իրական առաջնահերթությունները․ սեփական ապարատի բարեկեցությունն ապահովվում է հանրային բյուջեի ռեսուրսներով, իսկ հասարակ քաղաքացիների թոշակների ու նպաստների «ավելացումը» փորձ է արվում իրականացնել մարդկանց սոցիալական վերջին երաշխիքների կրճատման հաշվին։
Սա՞ է ձեր պատկերացրած սոցիալական արդար պետությունը, որտեղ պաշտոնյայի ապահովվածությունն առաջնային է, իսկ քաղաքացու սոցիալական պաշտպանվածությունը՝ «խնայողության» ենթակա ծախս։ Պետական բյուջեի վարչարարությունը չի կարող գործել սեփական քաղաքացիներից խլելու և չինովնիկական ապարատին պարգևատրելու սկզբունքով։
Վերջ տվեք այս անարդար, հակասոցիալական և պետական մտածողությունից զուրկ մոտեցմանը։ Սոցիալական պետության վերականգնումը պահանջում է ոչ թե քաղաքացիների իրավունքների կրճատում, այլ վարչական ճոխությունների, անբան չինովնիկական պարգևավճարների ու անիմաստ ծախսերի անհապաղ կասեցում և այդ ռեսուրսների ուղղում դեպի իրական սոցիալական արդարություն»:

Աղբյուրը`   Մհեր Մելքոնյան