Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Խորովածը, որ թոնրի մեջ չդնես` կարմրի, էլ ի՞նչ խորոված». «1000 տարվա գյուղամեջ»-ը` Փշատավանում

«Խորովածը, որ թոնրի մեջ չդնես` կարմրի, էլ ի՞նչ խորոված». «1000 տարվա գյուղամեջ»-ը` Փշատավանում
974
Հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2019 թ., 14:25

«Մեր գյուղը նոր շունչ է ստացել. մեր սրտերում էլ տոն է. չենք էլ հիշում, թե վերջին անգամ երբ ենք էսքան ուրախ դեմքեր տեսել… հա՜, մեկ էլ, երևի, անցած տարի էինք էսքան ուրախ…»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում անկեղծանում էին փշատավանցիները, որոնք գյուղի կենտրոնում հավաքված՝ ոգևորությամբ հետևում էին «1000 տարվա գյուղամեջ» փառատոնի միջոցառումներին:

Օրեր առաջ, Արմավիր մարզի Փշատավան գյուղում նշվեց «1000 տարվա գյուղամեջ» խորագիրը կրող ամենամյա միջոցառումը: Երկրորդ անգամ էր այս միջոցառումը նույն գյուղում նշվում: Ինչպես կազմակերպիչներ՝ Կարինե Փանոսյանն ու Լիլիթ Գրիգորյանն են նշում, միջոցառումը նպատակ ունի կամուրջ հանդիսանալ գյուղի և քաղաքի միջև, ավելի գրավիչ դարձնել գյուղը, զարկ տալ զբոսաշրջությանը, հետաքրքրություն առաջացնել գյուղական համայնքների նկատմամբ՝ ներկայացնելով տեղի մշակութային կյանքը:

Գյուղի կենտրոնից, որտեղ Փշատավանի դպրոցն է, փառատոնի մասնակիցներն ուղղություն էին վերցնում դեպի այն բակերը, որտեղ իրենց ողջ կոլորիտով ներկայացված էին թոնրատունն իր անուշաբույր լավաշով, մեղրի բակն՝ իր ժրաջան մեղվապահով, տիկնիկագործությունն՝ իր հայկական տարազներով տիկնիկներով, ասեղնագործությունը, գորգագործությունը, երաժշտությունն ու գրականությունը…

Տաղավարները, որոնք տեղադրված էին բակերում, յուրաքանչյուրն իր ուղերձն էր հղում հյուրերին, իսկ գունային բազմազանությունը, վստահաբար, ապահովում էր այցելուների բարձր տրամադրությունը:

«1000 տարվա գյուղամեջ» փառատոնին իրենց մասնակցությունն էին բերել նաև «Էկոտուրիզմ Արցախում» նախաձեռնող խմբի անդամները՝ իրենց բրենդային ժենգյալով հացով, մեղրով և Արցախը խորհրդանշող հուշանվերներով:

Տաղավարներից մեկը, որը գլխավորում էր «ԱրմՏումար» ՀԿ-ն, ներկայացնում էր ասեղնագործ և ձեռագործ իրերի մի մեծ շարք: Տաթևիկ Գրիգորյանի խոսքով, ՀԿ-ն զբաղվում է անձանց հավաքագրելով: Տաղավարում ներկայացված էին Ժենյա Հարությունյանի ձեռքի աշխատանքները՝ Մարաշի ասեղնագործությունը, տիկնիկների և ընկույզի, ինչպես նաև թղթի վրա ասեղնագործությունը:

Ուշագրավ էր հայ ընտանեկան կոլորիտն ընդգծող տաղավարը՝ ձևավորված հին հայկական գորգերով, հյուրասենյակով, ննջասենյակով, երեխայի օրորոցով:

«Միմիկներ» անունը կրող հուշանվերների տաղավարում ներկայացված էին 4-րդ դպրոցի սաների ձեռքի աշխատանքները: Վերջիններիս խոսքով՝ իրենք գովազդում են հայկական տարազներով տիկնիկները, որոնք մեծ տարածում են գտել ամբողջ աշխարհում:

«Մեր տուն» տաղավարում հանդիպեցինք մանկատան սաներին, որոնք ներկայացրել էին իրենց ձեռքի աշխատանքները՝ նախշազարդ սպասք, Էջմիածնի գաթա և քյուֆթա...

ՀԿ-ն, որը գտնվում է Էջմիածնում, գործում է 2006 թվականից: Կազմակերպությունն զբաղվում է մանկատան շրջանավարտների խնդիրներով. օգնում բնակության, ուսման հարցերում՝ նրանց ներգրավելով տարբեր ծրագրերում: ՀԿ-ի փոխտնօրեն Մարիամ Կիրակոսյանը նշեց, որ իրենք միջանկյալ օղակ են հանդիսանում սաների համար՝ մանկատնից դեպի կյանք:

«Տարբեր մանկատներից ենք երեխաներ վերցնում. վերջին շրջանում նաև՝ անապահով ընտանիքներից և գիշերօթիկ դպրոցներից, վերցնում ենք հատկապես նրանց, ովքեր սովորելու ցանկություն ունեն»,- մեզ հետ զրույցում ասաց Մ. Կիրակոսյանը:

Բակերից մեկում տան տերերը երգուպարի ներքո մեղր էին քամում: Մեր հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն այսօրվա միջոցառումից, վաստակաշատ մեղվապահն անկեղծ պատասխանեց. «Ուշադրություն և հարգանք ենք ակնկալում գյուղի և գյուղացու հանդեպ, որովհետև անտարբերության ենք մատնված կառավարության կողմից: Գոնե այս միջոցառումներով մեր հանդեպ վերաբերմունքը փոխվի, մեզ ավելի ուշադրություն դարձնեն»:

Մեկ ուրիշ բակում երաժշտական տաղավարն էր, որտեղ Կոմիտասի հնչյունների ներքո «Կէան» կրթամշակութային կենտրոնի անդամները ցորենի հասունացած հասկերից հյուսքեր էին անում, պարում ու երգում:

Մի փոքր այն կողմ՝ լավաշի անուշաբույրով պարուրված թոնրատունն էր, որտեղ հյուրասեր տանտերը՝ թոնրատան ջերմությամբ վարակելով հյուրերին, ներկայացնում էր գյուղի առօրյան, մարդկանց, նախասիրությունները:

«Շատ գյուղեր այսօր փակել են իրենց թոնրատները, իսկ մեր գյուղում երևի 10 տոկոսը չունի… խորովածը որ թոնրի մեջ չդնես՝ կարմրի, էլ ի՞նչ խորոված: Թոնիրը կարևոր բան է մեր գյուղի համար»,- լուրջ տոնայնությամբ ասում էր նա:

Նշենք, որ դպրոցի բակում տեղի ունեցավ սկաուտների, լարախաղացի, ծանրամարտի ցուցադրություն, ինչպես նաև սահմանվեց ռեկորդ՝ Գևորգ Աֆրիկյանի կողմից:

Ցուցադրությանը ներկա էին նաև հարակից գյուղերի պատանիները, որոնք նախորդ տարի հաղթանակ էին տարել. «Եկել ենք ոգևորելու մեր ընկերներին, նրանց հաղթանակը նաև մերն է»,- ոգևորությամբ ասում էին նրանք:

Որտե՞ղից է առաջացել Փշատավան անվանումը

Փշատավանը Արաքս գետի ձախ ափին, մրգաշատ այգիների մեջ տեղակայված համայնք է: Գյուղի տարեցները MAMUL.am-ի հետ զրույցում պատմում էին, որ նախնիների մի մասը եկել է Էրգրումից, Բայազետի գավառից, Ալաշկերտից, Սուրմալուից:

Թե որտեղից է առաջացել Փշատավան համայնքի անվանումը, մեր 81-ամյա զրուցակիցը պատասխանեց. «Գյուղի հին անունը Իգդալու է եղել. թուրքերեն իգդալու փշատ է նշանակում: Մեր մոտ առուներ էին հոսում. սահմանը փշատներով էր պատված, դրա համար էլ փոխեցինք, Իգդալուն դարձրինք Փշատավան…Հողերը բաժանեցին, էսօր արդեն այգեգործությունն է զարգացած գյուղում: Առատ է բերքը՝ ծիրանը, խաղողը, իսկ փշատ, այնքան էլ չկա»:

«Եթե քրրտնաջան աշխատում ես, տնտեսությունը զարգանում է, չաշխատեցիր՝ նույնիսկ սոված կմնաս»,- բազմանշանակ ասաց գյուղի հնաբնակը: Նա խոստովանեց, որ շատ կուզենար գյուղը տեսնել միշտ «էսպես կենդանացած ու աշխույժ, քանի որ իր բնակավայրն արժանի է դրան»: