Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Արցախյան մի շարք կուսակցություններ ու ՀԿ-ներ համատեղ հայտարարություն են տարածել

Արցախյան մի շարք կուսակցություններ ու ՀԿ-ներ համատեղ հայտարարություն են տարածել
2989
Կիրակի, 02 փետրվարի, 2020 թ., 23:30

«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցությունը, լինելով Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների նկատմամբ վերկուսակցական դիրքորոշում ունեցող քաղաքական ուժ, նախաձեռնել է վերջին տասնօրյակում հանրային մեծ հնչեղություն ստացած հացադուլի ու վերահաս բնապահպանական աղետի վերաբերյալ քննարկում:

Քննարկմանը մասնակցել են
«Անկախության սերունդ կուսակցություն» ,
«Ազգային Վերածնունդ կուսակցություն»,
«Միացյալ Հայաստան»,
«Մեր տունը Հայաստանն է»,
«Վստահություն» կուսակցությունների,
«Միացյալ Հայաստան» ՀԿ,
«Վեկտոր» ՀԿ-ների ներկայացուցիչները, ինչպես նաև
քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը,
հասարակական գործիչներ Հասմիկ Առուշանյանը,
Համլետ Գրիգորյանը, երիտասարդ ակտիվիստ Իգոր Բեցկովն ու Շուշանիկ Հայրիյանը, arcakh24.info-ի ներկայացուցիչ, խմբագիր Մարատ Եգանյանը, ովքեր քննարկման արդյունքում հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.
Խորապես մտահոգված լինելով արցախցի երկու հացադուլավոր քաղաքացիների՝ Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանեանի և Ստեփանակերտի բնակիչ Մհեր Պողոսյանի առողջական վիճակով և գիտակցելով, որ նրանք իրենց վրա են վերցրել բոլորիս անհանգստացնող բնապահպանական լրջագույն խնդիրների լուծումը՝ մենք՝ ներքոստորագրյալներս, հանդես ենք գալիս համատեղ հայտարարությամբ և կոչ ենք անում.
1. Արցախի իշխանություններին՝ ի դեմս Բակո Սահակյանի, սթափ գնահատել իրավիճակը և ժամ առաջ խելամիտ ջանքեր գործադրել անդառնալի հետևանքներից խուսափելու համար: Հաշվի առնելով հանրության լայն շրջանակներում առկա անվստահությունն Արցախի ներկայիս կառավարության գործունեության նկատմամբ՝ առաջին քայլով պահանջում ենք իրապես անկախ փորձագիտական հանձնաժողովի ձևավորում՝ բնապահպանության ոլորտի հայաստանյան հեղինակավոր մասնագետների ընդգրկմամբ:
2. Միաժամանակ կոչ ենք անում Արցախի բնակչության անվտանգության երաշխավորը հանդիսացող ՀՀ իշխանությանը չանտեսել խնդիրը և գործուն մասնակցություն ունենալ իրավիճակի արդյունավետ հանգուցալուծման հարցում հնարավորինս սեղմ ժամկետներում:
3. Խորապես երախտապարտ լինելով երկու հացադուլավորներին քաղաքացիական խիզախություն և կամք դրսևորելու համար, վստահեցնում ենք, որ բարձրացված խնդիրը գտնվում է հանրային օրակարգում, ուստի եղբայրաբար խնդրում ենք դադարեցնել հացադուլը: Ձեր ֆիզիկական ներկայությունն ինքնին համազգային խնդիրների լուծման հարցում չափազանց կարևոր է:
4. Հաշվի առնելով անկախ փորձագետների բացակայությունն Արցախում՝ կոչ ենք անում հայաստանյան բնապահպանական ոլորտի հեղինակավոր և անկողմնակալ մասնագետներին անտարբեր չլինել ստեղծված իրավիճակում, շահագրգիռ մասնակցություն ունենալ հանձնաժողովի աշխատանքներում և փորձագիտական եզրակացության ձևավորման գործում:
Մեր հերթին պարտավորվում ենք շարունակել երկու քաղաքացիների սկսած արդար պայքարը և սկզբունքորեն հետամուտ լինել հնչեցված պահանջների կատարմանը: Հավաստիացնում ենք, որ պատրաստ ենք կիրառել օրինական պայքարի հնարավոր բոլոր միջոցները նպատակին հասնելու համար՝ ընդհուպ մինչև խմբային հացադուլ:
Հ.Գ. այսօր հունվարի 21-ին հայտարարված հացադուլի 13-րդ օրն է, և ամեն ժամ հղի է անդառնալի հետևանքներով: Կոչ ենք անում ժամ առաջ խնդրին լուծում տալ:

Կոչին կարող են միանալ բոլոր ցանկացողները: