Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Ի՞նչ էին ուզում ասել Ռ. Քոչարյանի պաշտպանները՝ ձեռքը սեղանին հարվածելով

Ի՞նչ էին ուզում ասել Ռ. Քոչարյանի պաշտպանները՝ ձեռքը սեղանին հարվածելով
330
Երեքշաբթի, 17 մարտի, 2020 թ., 15:30

«Երբ մեզ տեղեկացնում են, որ դատական նիստ չի լինելու, դա պատշաճ տեղեկացման ձև չէ»,- մարտի 17-ին Ռ. Քոչարյանի և մյուսների գործով նիստի հետաձգումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանը:
Ըստ նրա՝ ընդունված ձևը կամ գրավոր (եթե դրա ժամանակն ունեն), կամ՝ նիստին ներկայանալով և դատական նիստերի քարտուղարի կողմից ծանուցումն է:
Հարցին, թե պաշտպաններն ի՞նչ էին ուզում ասել նիստերի դահլիճում իրենց գործողություններով, երբ ձեռքով հարվածում էին սեղանին, իսկ պաշտպան Հովհանես Խուդոյանը գրավել էր դատախազի, Միհրան Պողոսյանն էլ՝ դատավորի տեղը, Հ. Ալումյանն ասաց.
«Մենք համբերատար սպասում էինք որոշ ժամանակ, մինչև որ մեկնումեկը կտեղեկացներ, թե ինչ է կատարվում: Դատարանի կարգադրիչներին ևս խնդրել էինք տեղեկացնել, թե ինչ է կատարվում: Նիստերի քարտուղարը կամ օգնականը փորձեց պարոն Խուդոյանին դահլիճից դուրս խոսակցության հրավիրել: Դա քաղաքակիրթ և օրինական ընթացակարգ չէ՝ բացատրություններ ներկայացնելու համար: Դրա համար մենք ասացինք, որ կգտնվենք դատարանի դահլիճում այնքան ժամանակ, մինչև որևէ մեկը կգա և կբացատրի՝ ինչո՞ւ դատական նիստ տեղի չի ունենալու, ե՞րբ է դատավորի վերադարձը լինելու, և ե՞րբ կարելի է ակնկալել հաջորդ դատական նիստը: Դատական կարգադրիչներից մեկի միջոցով մեզ տեղեկացրեցին, որ որևէ մեկը չի պատրաստվում իջնել դատարանի դահլիճ, տեղեկացնել՝ ինչ է կատարվում: Հավանաբար դա իրենց պատվից ցածր համարեցին: Այդ ժամանակ ես սկսեցի լսելի դարձնել, որ մենք գտնվում ենք դատարանի դահլիճում»,- մեկնաբանեց պաշտպանը:
Նա նկատեց, որ չկա որևէ օրենք, որը կարգելի նստել այդ աթոռին: Պաշտպանի գնահատմամբ՝ այն, ինչ տեղի էր ունենում, իրենց հանդեպ անհարգալից վերաբերմունք էր: Ըստ նրա՝ դատարանի աշխատակիցներն իրենց քայլը ընկալեցին, և նրանցից մեկը ներկայացավ ու տեղեկացրեց նիստի հետաձգման մասին: