Գազի սակագնի հնարավոր բարձրացումը քաղաքական լուրջ բաղադրիչ ունի․ Արա Գալոյան

«Պոլիտէկոնոմիայի» տնտեսական մեկնաբան Արա Գալոյանի դիտարկումները. գազի հնարավոր սակագինը՝ լուրջ քաղաքական բաղադրիչ
Երբ 2019թ․ հունվարի 1-ին գազի գինը սահմանին թանկացավ 10 տոկոսով, մեր իշխանությունները խոստացան, որ սպառողին դա չի վերաբերի: Սա անկախության շրջանում երրորդ դեպքն էր, երբ պահի իշխանությունները առժամանակ կարողանում են հետաձգել սակագնի բարձրացումը: Նախորդ դեպքերում (2002 և 2013թթ․) պարտքի մարումը հասարակությունը միանշանակ չի ընդունել: Այս անգամ իշխանությունները հույսը հավանաբար համաշխարհային տնտեսական գործընթացների հետ էին կապել: Որովհետև Եվրոպայից գազի գնի մասին տևական ժամանակ «հուսադրող» լուրեր էին տարածվում: Եվրոպական երկրներում վերջին երկու տաք ձմեռների և այլ՝ աշխարհաքաղաքական գործընթացների պատճառով ռուսական գազի գինը նվազում էր: Իսկապես փետրվարի սկզբին գազի բաշխման եվրոպական որոշ կայաններում գազի գինը նկատելի նվազել էր: Հազար խմ-ի դիմաց կենտրոնական բաշխիչ կայաններում գինը 95.7 դոլար էր իջել: Իսկ հոլանդական բաշխիչ կայանում տարեսկզբի 108.4 դոլարի փոխարեն գազը վաճառվում է 101.7 դոլարով: Բայց այս տեղեկության հետ ռուսական մամուլից կարելի էր ճշտել, որ Պետերբուրգի և Սմոլենսկի մարզերում գազը հազար խմ-ն 59 դոլարի փոխարեն իրացվում էր 84-85 դոլարով: Տնտեսական իմաստով այստեղ հակասություն չկա: Ռուսաստանն իր ներքին շուկայում իրացվող գազի սակագնին գումարում է արտահանման համար գանձվող 30 տոկոսանոց մաքսատուրքը: Իսկ արտաքին շուկայում գազի գնի նվազման վերը բերված թվերը ամբողջական ու ճիշտ պատկեր չեն ներկայացնում: Այն պատճառով, որ գազաբաշխիչ կայանների միջոցով իրացվում-վաճառվում է Եվրոպա մատակարարված գազի չնչին մասը՝ 5 տոկոս: Իրացվող հիմնական զանգվածի գինը որոշվում է կնքված երկարաժամկետ պայմանագրերով: Իսկապես հիմա եվրոպական երկրներում գազի գինը նվազագույնն է 2005թ․ հետո: Բայց միևնույնն է սպառման երկու-երրորդ ծավալը մատակարարվում է հիմնականում 120-130 դոլար գնով:
Հիմա, օրինակ, 2020թ․ վերջին եռամսյակի համար բանակցություններ գնում են 150-170 դոլարի շուրջ: Տարեվերջին սեզոնային պատճառներով գազի գինն ամենաբարձրն է: Հետևաբար գազ ներմուծող երկրները հաշվարկի հիմքում հենց այդ ժամանակաշրջանի գներն են դնում: Իսկ մյուս սեզոնների ավելի ցածր գինը կարելի է յուրօրինակ «բոնուս» համարել: Այս իմաստով այդ յուրատեսակ «բոնուսից» մենք օգտվել ենք տարիներ շարունակ: Թե՛ պետության, թե՛ տնտեսվարողի համար գազի սակագնի կայունությունը կարևոր ու օտար բառով ասած «կոնֆորտ» պայման է: Բայց, ի վերջո, գազը բորսայաշուկայական գնանշում չունի: Նույն ԵՄ անդամ երկրներին Ռուսաստանը գազ վաճառում է տարբեր գներով: Ու այդ գնային տարբերության հիմքում միայն շուկայական՝ տվյալ պահի ու հեռանկարային շուկայական գործոնները չեն:
Պարզ է, որ այստեղ լուրջ քաղաքական բաղադրիչ կա: Այդ բաղադրիչի հարցով մեր իշխանությունները, կարծես, հաջողության չհասան: Ուստի գործադրվեց հին՝ խորհրդային ժամանակներից մեր կառավարիչներին հայտնի մեթոդը: Դրա համաձայն՝ նախ շրջանառության մեջ դրվեց այն լուրը, որ «Գազպրոմ Արմենիան» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմել է գնաճի 36 տոկոսանոց «խնդրանքով»: Հետո հասարակական շոկը կմեղմվի ավելի ցածր թվերի հրապարակմամբ, ու սպառողի սիրտը մի փոքր կհովանա: Կհովանա՝ «կարող էր ավելի վատ լինել» բանաձևի հանգույն: Այնպես, որ ոչինչ նոր չէ: Իսկ հիմա հնարավոր բանակցությունների ու դրանց հետևանքների մասին հրապարակ նետվող հակասական տեղեկատվությունն այս գործընթացն ավելի դյուրամարս դարձնելու համար է: Հասարակության համար դյուրամարս:

«Հայաստանի էներգահամակարգի բնականոն աշխատանքը կախված կլինի Ադրբեջանում ընդունվող որոշումներից»․ Վահե Դավթյան
15001:06
«Ըստ տեղեկությունների՝ Հրազդանի ՀԷԿ-ից օրական մեկ ժամ հոսանք է բաց թողնվում դեպի Թուրքիա»․ Կարապետ Պողոսյան
198Երեկ, 14:00
«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
37322.11.2026, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
71419.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
67419.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
263816.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
186815.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
94714.11.2026, 09:18