«Ինչպես Մուսա լեռան հերոսամարտին մասնակցած հրացանը հասավ Արցախ ու կրակեց». Կարո Վարդանյան
130
Այսօր, 00:36
Գրականագետ, արվեստի վաստակավոր գործիչ Կարո Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԻՆՉՊԵՍ ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ՀՐԱՑԱՆԸ ՀԱՍԱՎ ԱՐՑԱԽ ՈՒ․․․ ԿՐԱԿԵՑ Լուսանկարում Եսայի Սարգսի Յաղուբյանն է, Մուսա լեռան ինքնապաշտպանական մարտերի ղեկավարներից մեկը։ Մուսալեռցիների տարհանման ժամանակ Ֆրանսիական ծովային հրամանատարությունը՝ որպես հարգանքի դրսևորում, Եսայի Յաղուբյանին թույլ է տվել իր մոտ պահել զենքը և առանձին խցիկ է տրամադրել մարտանավի մեջ։ 1919 թվականին Պորտ Սայիդից վերադարձել է Մուսալեռ, այնուհետև՝ Լիբանան և 1947 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան, որտեղ աշխատել է՝ որպես պահակ Երևանի դպրոցներից մեկում։ Մահացել է 1957 թվականին, Երևանում։Մուսա լեռան հերոսամարտին մասնակցած հրացանը հասավ Արցախ ու կրակեց Սա՝ հանրագիտարանից, իսկ ամենակարևորի մասին վկայել է ՍՏԵՓԱՆ ԱԼԱՋԱՋՅԱՆԸ: ․․․Հուշի թելը լույսից արագ է թռչում։ Մի գիշեր անցավ Բեյրութ քաղաքի ծովափից հեռու, նեղլիկ մի փողոցում։ Անունն էր գիշեր. տունը լույս էր ու լույս կար ամեն մի դեմքի վրա, որ այնտեղ էր։ - Հրաժեշտի երեկո մը պիտի ըլլա, մտերմիկ, տաք։ Աչքերի մեջ միշտ համոզիչ մի նայվածք, խոսվածքի մեջ համոզչականության չափ ուժեղ մի հրաման կամ առարկություն չվերցնող մի շեշտ։ Դա Գերսամ Ահարոնյանն է։ Սոնան՝ տիկինը, պատրաստություն է տեսել։ Դա հայաստանցիների սեղան պատրաստելու իմաստն ունի։ - Մենք մեզի ենք, մենք մեզի պիտի ըլլանք․․․ Այդ մենք մեզի-ն պրոֆ. Բարունակ Թովմասյանն է, Հայկաշեն Ուզունյանը, մեթր Հրաչյա Սեդրակյանը, Հարություն Դավիթյանը, Զավեն Կոստանյանը ու էլի․․․ - Մենք մեզի․․․ Հայաստանում էլ ես նրանց հետ մենք մեզի եմ, այստեղ՝ Լիբանանում էլ, ուր հյուր եմ եկել։ Նրանց հետ եմ, որովհետև նրանք միշտ Հայաստանի հետ էին, և Հայաստանը միշտ իրենցն էր, նրանցը՝ իբրև հայրենիք, իբրև ազգային ինքնության փաստ, արյուն ու սաղմածին օդ, նշանաբան ու կենսիմաստ, աննահանջելի հենակ։ Դե, հայրենիք կոչվածը այդ բոլորն է, դրանից այն կողմ, դրանից անդին եղածը – գաղափարներ, դրոշակներ, սկզբունքներ ու պայքար – կարելի է կիսել, բաժանել, ընդունել, մերժել, պատռել, պատանքել, որդեգրել, ուրանալ, ժխտել․․․ Անժխտելին հայրենիքն է։ Անժխտելին արյունն է ազգե ազգ, տոհմե տոհմ, ծնողից զավակ, սերնդից սերունդ, ծին առ ծին․․․ Միակ բանը, որ ճակատագրից ավելի ամրակայուն է ու որից չես կարող փախչել․․․ Ճակատագրից էլ փախչես, ծին-երից՝ չես կարող։ - Առավոտյան պետք է թռնեմ Հայաստան, լուսացավ, Գերսա՛մ, դեռ ճամպրուկներս պատրաստած չեմ․․․ - Ճամպրուկ մըն ալ մենք պիտի տանք։ Հետդ պիտի տանիս, միայն քեզի կը վստահինք․․․ Լուսավոր դեմքերի վրայով աղոտ մի բան անցավ, կասկածի մի բարակ գիծ ու սպասողական նայվածքները ուղղվեցին վրաս։ - Եսայի Յաղուբյանի զենքն է, Հայաստան պիտի երթա։ Փամփուշտակալը, կապարճը և հեռադիտակը ղրկված են, ասիկա դուն պիտի տանիս։ Տիկինդ թող ճամպրուկը վերցնե։ Կիները նվազ կասկածելի են, թեև՝ ավելի վախկոտ։ Սոնան՝ Գերսամի կինը, գեղադեմ, ավելին՝ երաժշտադեմ, ձեռքը դրեց կնոջս ուսին․․․ Այդպես էր Գերսամը։ Ոչ հարցրեց՝ կարո՞ղ եմ, ուզո՞ւմ եմ, կուզենա՞մ, ոչ նայեց դեմքիս, որ իմանա, թե համաձա՞յն եմ, տատամսո՞ւմ եմ, ոչ էլ փորձեց զգալ սրտիցս բարձրացած այն դողը, որ գալիս էր սովետական երկրի օրենքները պատկերացնելիս, երկրից ներս զենք փոխադրելու հանցանքի մտքից։ - Ինչպե՞ս պիտի տանինք,- հարցրեց կինս։ Իմ կոկորդում խմիչքն էր, խոսելը կամ հարց տալը դժվար էր։ - Ինչպես կուզեք՝ տարեք։ Պիտի տանիք․․․ - Մենք մեզի էինք, մենք մեզի նայեցինք։ - Այդ զենքը Մուսա լեռից հասել էր Լիբանան ու պիտի գնար Հայաստան՝ Պատմության թանգարանի տնօրեն Մորուս Հասրաթյանի տնօրինության տակ։ * * * Զենքը հասավ Հայաստան, ինչպես զինվորը՝ Եսայի Յաղուբյանը, իբրև հայրենադարձ։ Արդեն կարող եմ վստահորեն ասել – քանզի մենք մեզի ենք – որ այդ զենքը անգործ չմնաց, իբրև ցուցանմուշ չերևաց, չննջեց գերեզմանում իր տիրոջ պես, այլ դուրս եկավ մասնակցելու ազատության համար մղվող՝ Արցախի հայ ժողովրդի պայքարին, ինչպես մասնակցել էր Մուսա լեռան հերոսամարտին։ Զենքերը չեն դրվում գետնին, նրանք էլ խաչքար են։ Հայը պիտի երկուսն էլ պահի, մեկը՝ հավատքի, մյուսը՝ ազատության համար»: