Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Բժշկական գաղտնիք հրապարակելը պատժելի արարք է․ Արսեն Թորոսյանը չի կարող բժիշկ կոչվել». Կարեն Վարդանյան

«Բժշկական գաղտնիք հրապարակելը պատժելի արարք է․ Արսեն Թորոսյանը չի կարող բժիշկ կոչվել». Կարեն Վարդանյան
477
Երեքշաբթի, 05 մայիսի, 2020 թ., 17:10

Համացանցն ակտիվորեն քննարկում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ Առաջատար տեխնոլոգիական ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հայտարարության վերաբերյալ ֆեյսբուքյան գրառումը:

Հիշեցնենք, որ Կ. Վարդանյանն «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում հայտարարել էր. «Կորոնավիրուսը համաշխարհային մեծ բլեֆ է: Եկել է վակցինա ծախելու ժամանակը»: Դրան արձագանքել էր նախարար Արսեն Թորոսյանը:

«Շատ եմ ցանկանում, որ պարոն Կարեն Վարդանյանը հանկարծ չվարակվի կորոնավիրուսային հիվանդությամբ, քանի որ հաշվի առնելով վերջինիս քրոնիկական հիվանդությունները, չի բացառվում հիվանդության խիստ բացասական ելքը»,- գրել էր նախարարը:
Հիվանդությունների մասին հիշատակումը սոցցանցային հանրությունը ոչ կոռեկտ, բժշկական գաղտնիքը ոտնատակ տալ համարեց:
ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ թեպետ բժշկական գաղտնիք հրապարակելը պատժելի արարք է, սակայն ինքը հարցն իրավական հարթություն տեղափոխելու մտադրություն չունի:
«Արսեն Թորոսյանն ուղղակի ապացուցեց, որ չի կարող նախարար լինել, բժիշկ կոչվել: Իր գործատուն՝ վարչապետը թող մտածի, որ իր աշխատակիցը՝ Կառավարության անդամը ցածր որակ է ցույց տալիս: Եթե ինքը շարունակում է աշխատել այդ մարդու հետ, ուրեմն՝ համաձայն է այդ ցածր չափանիշների հետ»,- ասաց Վարդանյանը:

Նա պնդեց, որ ինքը պատրաստ է ապացուցել իր ասածը. «Ես պատրաստ եմ գնալ Նորքի հիվանդանոց, որտեղ պառկած են կորոնավիրուսով հիվանդները և նրանցից ցանկացածի հետ ողջագուրվել: Այդ մարդիկ ուրիշ հիվանդություններով են պառկած»,- պնդեց ԱՏՁՄ տնօրենը: Նա նկատեց, որ ինքը նորություն չի ասել. «Դեռ 200 տարի առաջ, երբ նոր էր ստեղծվում լիբերալիզմը, կար Թոմաս Մալթուս անունով գիտնական: Նա ասում էր, որ բնակչությունը պետք է կտրուկ կրճատել: Եվ դա կոչվում էր մալթուսականություն: Նրանք ամեն կերպ աշխարհը խարխլել են, հիմա սա նրանց վերջին հարձակումն է: Կհաջողեն, թե՝ ոչ, չեմ կարող ասել: Այդ նույն գաղափարախոսությունը կրող Բիլ Գեյթսը 3-4 ամիս առաջ համաշխարհային ֆորումում ասել էր, թե կորոնավիրուսից ինչ պանդեմիա է լինելու, և 2 միլիոնից ավելի մարդ է մահանալու: Ակնհայտ է, որ պլանավորում են: Այսօր ո՞վ չգիտի, որ խոշոր դեղագործական ձեռնարկությունները որոշ բժիշկների պարգևավճար են տալիս իրենց դեղերն օգտագործելու համար»,- ամփոփեց Կ. Վարդանյանը: