Երեքշաբթի, 08 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Հայբիզնեսբանկի» սեփականատերերին պատկանող ընկերությունը Հայաստանից 3 տոննա ոսկերչական իրերի կիսապատրաստուկ է արտահանել Ռուսաստան

«Հայբիզնեսբանկի» սեփականատերերին պատկանող ընկերությունը Հայաստանից 3 տոննա ոսկերչական իրերի կիսապատրաստուկ է արտահանել Ռուսաստան
1145
Երկուշաբթի, 18 մայիսի, 2020 թ., 19:05

2019 թվականին Հայաստանից մոտ 3 տոննա ոսկերչական իրերի կիսապատրաստուկ է արտահանվել Ռուսաստան՝ մեկ գրամը 29 դոլարով: Սա այն ոսկին չէ, որը արտահանվում է դորե համաձուլվածքի տեսքով, ոչ էլ ոսկերչական իրերն են: Ըստ Հայաստանի Մաքսային ծառայության բազաների՝ առաջին անգամ է, որ Հայաստանից այդ արժեքի ոսկերչական իրերի կիսապատրաստուկ է արտահանվում, գրում ՝ «Հետք»-ը։ «Ամիսներ շարունակ մեր ռուս գործընկերոջ հետ (Դենիս Լեբեդև, fontanka.ru, Սանկտ Պետերբուրգ) աշխատել ենք՝ պարզելու համար այդ ապրանքի ծագումն ու արտահանողին, որին Հայաստանի Մաքսային ծառայությունը համառորեն փորձում էր գաղտնի պահել: Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց գտնել արտահանողին, որը հավաստիացնում է, որ արտահանվածը բանկերից ձեռք բերված վերամշակված ոսկի է»,- գրում է աղբյուրը:

Հայաստանի 2019 թվականի արտահանման վիճակագրության մեջ՝ առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների շարքում թռիչքային ձևով հայտնվել է «թափոն և ջարդոն թանկարժեք մետաղի կամ մետաղի, պատած թանկարժեք մետաղով» ապրանքախումբը։

Այս ապրանքախմբի արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) ծածկագիրը 7112-ն է:

Ըստ Հայաստանի Մաքսային ծառայության տվյալների՝ 2019 թվականին այս ծածկագրով Հայաստանից արտահանվել է 163 տոննա ապրանք, որի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է մոտ 88 մլն ԱՄՆ դոլար։ 2018 թվականի համեմատ արտահանման ծավալներն աճել են 2.1 անգամ, իսկ մաքսային արժեքը՝ 8.9 անգամ։

Հայաստանից արտահանվող ամենաբարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկում 7112-ը յոթերորդ տեղում է:

Հատկանշական է, որ նախորդ տարիներին Հայաստանից այս ապրանքախմբի ներքո արտահանումները փոքր ծավալներ են ունեցել։ Թեև որոշ տարիների, օրինակ՝ 2017 թվականին, դրանց քանակը նկատելի է եղել, սակայն մաքսային արժեքը բավականին փոքր է եղել, ինչից ենթադրվում է, որ այդ տարիներին որոշ թափոններ ու ջարդոններ են արտահանվել, որոնց մեջ փոքր քանակություն են կազմել թանկարժեք մետաղները։

Իսկ 2019 թվականի տվյալներում, բացի այն, որ նման թռիչքային աճն արդեն իսկ ուշադրություն է գրավում՝ հատկապես արժեքի մասով, իսկ նյութն ավելի ուշագրավ է դառնում, երբ փորձում ենք պարզել, թե ինչ ապրանքի մասին է խոսքը և որ երկրներ է այն առաքվել։

Պետական եկամուտների կոմիտեն, ի պատասխան կայքի հարցմանը, սկզբնապես հայտնել է, որ արտահանվել են հիմնականում էլեկտրոնային սալիկների, ավտոկատալիզատորների, ռադիոէլեկտրոնային էլեմենտների թափոն և ջարդոն, որոնք պարունակում են թանկարժեք մետաղ։

ՊԵԿ-ի պատասխանում խոսք անգամ չկար ոսկերչական իրերի կիսապատրաստուկների մասին:

Հետագայում, ուսումնասիրելով արտահանման տվյալները, պարզեցինք, որ այս ծածկագրով բավականին տարբեր գնային մակարդակների ապրանքներ են արտահանվել:

Մասնավորապես՝ մեծ քանակի, բայց էժան գնով թանկարժեք մետաղ պարունակող թափոն և ջարդոն է արտահանվել Եվրամիության երկրներ՝ Գերմանիա, Լատվիա, Լիտվա և այլն։ Ընդհանուր արատահանվել է 160 տոննա՝ 1.2 մլն դոլարի։ Այսինքն՝ 1 կիլոգրամը արտահանվել է մոտ 8 դոլարով։

Բայց միևնույն ժամանակ, այս նույն ծածկագրով Ռուսաստան է արտահանվել բավականին թանկ ապրանք, որի ընդամենը մեկ գրամը արժեցել է 29 դոլար։

Աղբյուրին հաջողվել է պարզել, որ արտահանողը ««Գոլդեն հերիթիջ» ՍՊԸ «Կենտրոն» մասնաճյուղ ԱՍ-ն (առանձնացված ստորաբաժանում) է, որը, ըստ Հայաստանի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ գրանցվել է 2018 թվականի նոյեմբերին: Վերջինս «Գոլդեն հերիթիջ» ՍՊԸ-ի մասնաճյուղն է:

«Գոլդեն հերիթիջ» ՍՊ ընկերությունը գրանցված է Արցախում։ ԼՂՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից հայտնել են, որ «Գոլդեն հերիթիջ» ՍՊԸ-ի սեփականատերը «Ջի Էմ հոլդինգ» ՍՊԸ-ն է, որի սեփականատերերն են Արսեն Սեյրանի Միքայելյանը (45 %) և Վիտալի Սարգսի Գրիգորյանցը (55 %):

Արսեն Միքայելյանը 2019 թվականից հանդիսանում է «Հայբիզնեսբանկի» խորհրդի նախագահը, ինչպես նաև բանկի 5 % բաժնեմասի սեփականատերը։ Բանկի մնացած բաժնեմասերը պատկանում են ռուսաստանաբնակ հայտնի գործարար Վիտալի Գրիգորյանցին։ Արսեն Միքայելանը վերջինիս մտերիմներից է։ Նա նաև «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի տնօրենն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: