Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Սա՝ ի գիտություն՝ հատկապես իշխանության ներկայացուցիչներին». Արթուր Սաքունց

«Սա՝ ի գիտություն՝ հատկապես իշխանության ներկայացուցիչներին». Արթուր Սաքունց
334
Կիրակի, 16 օգոստոսի, 2020 թ., 12:35

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ովքեր են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության բարեկամներն ու հակառակորդները

Բելառուսում նախագահական ընտրությունների ժամանակահատվածում Լուկաշենկոյի ռեժիմի կողմից մարդու իրավունքների զանգվածային խախտումների, ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ դաժան բռնությունների, ապօրինի ձերբակալումների, խոշտանգումների, ճնշումների վերաբերյալ հայաստանյան քաղաքացիական հասարակության կողմից դատապարտումները հնարավորություն տվեցին, ի վերջո, հրապարակայնորեն տարանջատել իրական քաղաքացիական հասարակությանը պետությունը զավթած և իշխանությունից հեռացված, բայց որպես քաղաքացիական հասարակության մաս ներկայացող նորաթուխ խմբավորումներից։

Սա այն լյուստրացիան է, որով հստակ բացահայտվեց իշխանությունից հեռացված, պետությունը բռնազավթածների տարատեսակ խմբակների՝ որպես իրենց նորաթուխ իրավապաշտպաններ և քաղհասարակության ներկայացուցիչներ հորջորջողների իրական բնույթը։ Բռնապետական մշակույթի կրողները չեն կարող հանդես գալ որպես ժողովրդավարության էությունը հանդիսացող մարդու իրավունքների արժեհամակարգի կրողները, ինչքան էլ փորձեն հանդես գալ որպես մարդու իրավունքների պաշտպաններ, կա՛մ ժողովրդավարության ջատագովներ, կա՛մ էլ որպես քաղհասարակության ներկայացուցիչներ։

Սա ի գիտություն հատկապես իշխանության ներկայացուցիչներին, որոնք կարծես խառնել են հասկացություններն ու կորցրել արժեքային ուղենիշները՝ լռության մատնելով, որոշ դեպքերում տուրք տալով այդ վիգիլանտների մանիպուլյացիաներին և մարդու իրավունքների ու ժողովրդավարական արժեքների նկատմամբ նրանց բացահայտ հարձակումներին, արժեզրկման լկտի փորձերին»։